Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր ընկալում կա ճանապարհների ապաշրջափակման հարցով, իսկ տարաձայնությունները տեխնիկական են. խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ընդհանուր ընկալում կա: Իմ ընկալմամբ՝ խոսքը մի պետության մեջ տեղաշարժման մասին է: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքը իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջեւան գնալուց: Դա, իրենց պատկերացմամբ, ենթադրում է, որ հեշտացված տարբերակ պետք է լինի: Ինչպես նաեւ, երբ որ մենք Երեւանից Նախիջեւանի տարածքով իջնենք Մեղրի: Մեզ մոտ տրամադրվածությունը հետեւյալն է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք: Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը…եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու: Լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով, Ադրբեջանն ուզում է իրավիճակից հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է. «Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն են անում, շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Խոսելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընթացող բանակցություններում Արցախի անվտանգության երաշխիքները ամենաբարդ եւ ամենակարեւոր հարցերն են: Նա հավելեց՝ եթե այդ հարցերը չլինեին, խաղաղության պայմանագիրը 3-4 անգամ կնքած կլինեին:
Ի դեպ, նա համարում է, որ այժմ իրենք Արցախը բերել են մի կարգավիճակի, երբ ինչ-որ ձեւաչափով փորձում են բանակցային գործընթացի մաս դարձնել, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում : Մինչդեռ, ժամանակ առաջ, իրենց խիստ քննադատում էին՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ