Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարող է ոստիկանական համակարգում չաշխատած մարդը հնգամսյա կուրսերից հետո ներգրավվել քրեական ոստիկանությունում եւ արդյունավետ աշխատել»․ Գեղամ Նազարյան

Հունիս 13,2023 14:19

Ազգային ժողովը քննարկեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է կատարել քրեական ոստիկանության վերաբերյալ փոփոխություններ։

«Քրեական ոստիկանության վերաբերյալ այս պահին ունենք կենտրոնական ապարատում գործող քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Եվ երբ մենք արդեն իջնում ենք ներքեւ եւ ցանկանում ենք մարզային մակարդակում հարցը հասկանալ, ունենք մարզային վարչություններ, Երեւանի քաղաքային վարչություն, եւ ըստ այդմ՝ կարծես թե հատումներ ունենք համայնքային ոստիկանության աշխատանքի, քրեական ոստիկանության համակարգի աշխատանքի միջեւ։ Եվ կան որոշ հատվածներ, որոնք ֆունկցիոնալ կրկնություն են ենթադրում եւ բերում են որոշ ուղղություններով անարդյունավետության»,- ասաց ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Արփինե Սարգսյան

Նա հավելեց․ «Մեր պատկերացումը եւ տեսլականն այս ուղղությամբ այն է, որ մարզային վարչությունները եւ Երեւանի քաղաքի վարչությունը կլուծարվեն եւ դրա փոխարեն կունենանք չորս հենասյունային ուղղությունների կենտրոնաձիգ կառավարում՝ նրանց համապատասխան ստորաբաժանումներով։ Եվ քրեական ոստիկանության դեպքում հետեւյալ պատկերը կլինի՝ կենտրոնական ապարատում կունենանք քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, իսկ Երեւանում եւ մարզերում կունենանք գլխավոր վարչության ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ հենց քրեական ոստիկանության մասով»։

Արփինե Սարգսյանն ասաց, որ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համալրման գործընթացը կազմակերպվելու է պարեկային ոստիկանության օրինակով, լինելու է բաց մրցույթ։ «Ընդ որում, նախատեսում ենք, որ քրեական ոստիկանի պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որն ունի առնվազն բակալավրի որակում եւ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետք է ստանա քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն»,- ասաց նա։

Նաեւ նախատեսվում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, պարեկային ծառայության գլխավոր վարչության պետը եւ ոստիկանական գվարդիայի ղեկավարը ի պաշտոնե կլինեն ոստիկանության պետի տեղակալներ, որպեսզի կարողանան արդյունավետություն ապահովել՝ խուսափելով գործառույթների կրկնությունից եւ ոչ արդյունավետ կառուցվածքներից։

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է մարդը, որը ոստիկանական համակարգում չի աշխատել, հնգամսյա կուրսերից հետո ներգրավվել քրեական ոստիկանությունում եւ կատարել արդյունավետ աշխատանք։ Համեմատություն է հնչում պարեկային ծառայության հետ, կարծում եմ՝ դա անհամեմատելի է, պարեկային ծառայությունն ու պարեկները չեն առնչվում հանցագործների հետ, դա բոլորովին այլ ոլորտ է»։

Արմեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Պարտադիր պայման է, որ կադրի թեկնածուն ունենա բակալավրի կոչում, այսինքն՝ բարձրագույն կրթություն պետք է ստացած լինի։ Միշտ այդպես է եղել՝ ցանկացած բուհ ավարտած քաղաքացու ընդունում էին ոստիկանություն, եւ անմիջապես անցնում էր քրեական հետախուզությունում ծառայության։ Կարծում եմ՝ սա ժամանակավոր պրոցես է, այս պահի դրությամբ համալրել կադրերով, հետագայում քրեական ոստիկանության ծառայողների նկատմամբ պահանջները մի քիչ ավելացնենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930