Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցքի» թեման ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել. Ալեն Սիմոնյանը՝ ապաշրջափակման եւ ճանապարհների վերահսկողության մասին

Հունիս 13,2023 13:53

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը պայմանավորում է այդ օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բաքու կատարելիք այցով. այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Քննարկումները շարունակվելու էին ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Սակայն օրերս Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Շարունակելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման թեման՝ հետաձգված հանդիպման համատեքստում, ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկվող հարցերի վերաբերյալ տարբեր ընկալումներ ունեն. հաճախ անգամ ամենապարզունակ բանի վերաբերյալ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի միտում չեն ունենում, բայց ինչ-որ մի պահի տվյալ հարցը կարող է ինչ-որ մեկի կողմից այլ կերպ մեկնաբանվել. «Այս ամենը հաճախ դուք եւ մեր ընդդիմությունը տարբեր կերպ եք մեկնաբանում ու վտանգներ եք գտնում: Հիմա, թե մեր, թե ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի այլ կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք չթողնի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք նման բաների հաճախակի ենք հանդիպում, որ ադրբեջանական կողմը փորձում է այլ կերպ մեկնաբանել, հայկական կողմը՝ այլ, բայց իրականությունը մեկն է»։

Հարցին՝ հնարավո՞ր է Էրդողանի՝ Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանը կոշտացնի դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Ադրբեջանի դիրքորոշման կոշտացնելը կարող է պայմանավորվել միմիայն հայկական կողմի ասելիքից, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ. «Օրինակ, «միջանցքի» մասին խոսակցության ժամանակ հայկական կողմը դրսեւորեց իր կամքը եւ մինչեւ վերջ ասաց, որ նման բան չի լինելու։ Չնայած որոշները փորձեցին սակարկել ու ասել, թե պարոն Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել, բայց ակնհայտ է, որ դրա մասին խոսեց ՌԴ նախագահը: Նաեւ տեսնում ենք, որ ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել, կամ փորձում են ասել, որ այլ բան նկատի ունեին։ Այս ամենը նույն կերպ կարող եք անդրադարձնել բանակցային գործընթացի վրա։ Պարտադրանք չի կարող լինել՝ մեկ պարզ պատճառով. ՀՀ իշխանությունն ընտրված է, եթե մենք ընտրված չլինեինք, այո, պարտադրանք կարող էր լինել։ Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով։ Աշխարհն այսուհետ այս ամենն ընկալում է որպես հարձակում ժողովրդավարության վրա: Ամենքս մեր սխալներն ունենք, ճիշտ է, ամեն ինչ իդեալական չէ, բայց ակնհայտ է իշխանության կամքը՝ եղած խնդիրները նույնպես լուծելու համար»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ճանապարհների ապաշրջափակման ժամանակ Հայաստանի համար սկզբունքայի՞ն է, որ ճանապարհները հայկական կողմը վերահսկի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը, Հայաստանն ինքնիշխան տարածք ունի, որտեղ գործում են ՀՀ օրենքները: Այլ կերպ դա չի կարող մեկնաբանվել։ Եթե ՀՀ-ն ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակի իր որեւէ գործառույթ երրորդ երկրի մարմիններին, դա Հայաստանի ներքին հարցն է եւ ինքը նման որոշում կկայացնի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930