Ազգային ժողովը քննարկեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց՝ առաջարկվում է, որ տարածքներում համայնքային ոստիկանությունը լինի շատ ավելի ունիվերսալ՝ իրականացնելով թե համայնքային ոստիկանության առջեւ դրված խնդիրների իրականացումը, թե զբաղվելով անչափահասների եւ ընտանեկան բռնության գործերով։
«Առաջարկում ենք սահմանել, որ համայնքային ոստիկանները նաեւ իրականացնեն ոչ մեծ եւ միջին ծանրություններով օպերատիվ հետախուզական աշխատանք։ Փաթեթում ընդգրկված է նաեւ Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարության կողմից սահմանել բռնության ենթարկված երեխայի պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ կարգը։ Եվ որոշ փոփոխություններ են առաջարկվում Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքում»,- ասաց նա։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ կլինի օպտիմալացում, քանի որ այսօր կան մեծ թվով համայնքային ոստիկաններ, եւ պետք է հաշվի առնել արդի ժամանակահատվածում նրանց տրամադրվող ֆունկցիոնալ բազան եւ դրան համահունչ հասկանալ հաստիքային միավորները։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջարկվել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2023 թվականի հուլիսի մեկը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ