Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների. ՀՀ ԱԳՆ

Հունիս 13,2023 13:15

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:

Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:

Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930