Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

2022 թվականից Միջազգային վերաապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել Հայաստանից դեպի ՌԴ արտահանումները․ Վահան Քերոբյան

Հունիս 13,2023 13:01

ԱԺ նիստում քննարկվեց Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման համաձայնագրի վավերացման հարցը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ սա առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Երեւանում։ «Սա մեզ համար շատ կարեւոր ձեռքբերում է, մենք կարողացանք մեր աշխատանքի արդյունքում լոբբի անել, որպեսզի ընկերությունը գլխամաս ունենա Երեւանում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվեցին շարունակել ապահովագրել Հայաստանից եւ ոչ միայն Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը։ Եվ դրանով ստեղծեցին էական դժվարություններ Հայաստանի արտահանողների համար։ Դրա հետեւանքով մեր Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ մենք ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաեւ մեր Արտահանման ապահովագրական ՓԲԸ-ի ստանձնած ռիսկերը»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի։

«Այս ներդրումը մենք անում ենք նաեւ Հայաստանի ապահովագրական ՓԲԸ միջոցով, այսինքն՝ սկզբից գումարը համարվելու է Արտահանման ապահովագրական ընկերության կապիտալը, հետո այլեւս ներդրում է արվելու վերաապահովագրական ընկերության մեջ։ Դրանով մենք նաեւ լուծում ենք այլ խնդիր, լրացնում ենք մեր ապահովագրական ընկերության կապիտալը, որը եւս պահանջված գործառույթ է»,- հավելեց Քերոբյանը։

Նա նշեց, որ Արտահանման ապահովագրական ՓԲԸ կապիտալը մոտավորապես 2․5 մլրդ դրամի չափով է։ «2021 թվականին մենք ապահովագրական գործարքների էական աճ ենք ունեցել։ 2020 թվականին մոտ 20 մլրդ դրամի գործարքներ են ապահովագրվել, իսկ 2021-ին՝ 36 մլրդ, այսինքն՝ մոտ 80 տոկոսով աճ ենք ունեցել։ Սակայն 2022 թվականին մեզ մոտ անկում է եղել եւ չենք կարողացել աճեցնել մեր ծավալները։ Մենք հիմա միջանկյալ լուծում ունենք, տեղական ապահովագրական ընկերություններից մեկի միջոցով վերաապահովագրումն իրականացնում ենք, բայց ավելի ինստիտուցիոնալ լուծումը կայանում է հենց այսպիսին վերազգային վերաապահովագրական ընկերություն ստեղծելու մեջ»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանից արտահանումը կտրուկ աճում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930