Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով Հայաստանի առաջատար գրոսմայստերները չեն մեկնի հարեւան երկիր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ նշելով նաեւ, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մեր շախմատիստների անվտանգության նկատառումից:
Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանցից՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ