Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Առանց մտավորականության ժողովուրդը տեղից չի շարժվի. Մովսես Հերկելյան. «Դրօշակ»

Հունիս 13,2023 12:53

«Դրօշակի» հարցազրույցը Մովսես Հերկելյանի հետ Արվեստաբան, արվեստաբանության դոկտոր։

Դրօշակ — Ընկե՛ր Մովսես, Դուք 1970-ականներին Լիբանանից եկել եք Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Ուսանել եք Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, ինչպես նաև գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստաբանության բաժնում` իբրև ասպիրանտ, ստացել եք արվեստաբանության թեկնածուի գիտական աստիճան: Հայրենիք գալիս ունեցել եք նաև այլ հանձնառություն։ Պատմեք, խնդրում եմ, այդ ամենի մասին։

Մ. Հ. — Սկսեմ այնտեղից, որ ծնվել եմ Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղում։ Գյուղի բնակչության 90 տոկոսից ավելին մուսալեռցիներ են։ Գյուղն ունի իր քաղաքապետարանը, թեև այստեղ միշտ որոշիչ է Դաշնակցության «Կարմիր լեռ» կոմիտեի գործունեությունը։ ՀՅԴ կոմիտեին կից այստեղ գործում էր Դաշնակցության «Բաբկեն Սյունի» պատանեկան միությունը, որի անդամ եմ եղել պատանության տարիներին։ Երբ տարիքս հասավ, Դաշնակցության շարքերն անցնելիս երդմանս կնքահայրը եղավ նշանավոր ազգային-պետական գործիչ Կարո Սասունին։ Սովորում էի գյուղի «Հառաջ» դպրոցում, մտածում էի, որ ավարտելուց հետո կդառնամ ատաղձագործ. սիրահարված էի, և մտքերս այս հարցերի շուրջ էին պտտվում։ Այդ տարիներին գյուղ եկավ մտավորական մի մարդ՝ Սարգիս Զեյթլյանը, որը դարձել էր «Կարմիր լեռ» կոմիտեի հերթապահը, միաժամանակ պատանեկան միության վարիչն էր և դպրոցի տնօրենը։ Նշեմ, որ ծնված լինելով Մուսալեռում, նա նույնպես հասակ էր առել Այնճարում, այնուհետև ուսման և գործերի բերումով հեռացել էր գյուղից։ Այնճարի ղեկավարության հրավերով նա այստեղ էր վերադարձել Եգիպտոսից։ Ընկեր Զեյթլյանը աչքի ընկնող, յուրատեսակ անձ էր, և պատանեկան միության անդամներն ու աշակերտները սիրում էին նրան։ Նախակրթարանի հինգերորդ դասարանում էի, մի անգամ նա ինձ իր մոտ կանչեց, ասաց, թե ուզում է, որ զրուցենք, բայց ոչ որպես տնօրեն ու աշակերտ, այլ ինչպես դաշնակցական ընկերներ։ Այն ժամանակ ես նկարում էի, գրում էի, բեմադրում էի և դերասանություն էի անում։ Ընկեր Զեյթլյանը տեղյակ էր այդ ամենից և այդ մասին խոսեց շատ երկար։ Նա ինձ ասաց, որ կա՛մ կշարունակեմ ապրել այդպես անհոգ՝ աղջիկ խաղացնելով, չարություններ անելով, կա՛մ կսովորեմ և իմ այս շնորհքները զարգացնելով՝ լուրջ մարդ կդառնամ։ Ինձ մտածելու համար մեկ շաբաթ ժամանակ տվեց, սակայն նրա սենյակից դուրս գալուց հետո որոշեցի, որ կանեմ այնպես, ինչպես ասել էր։ Պատճառն այն էր, որ նրա մտերմիկ, անկեղծ խոսքը մեծ ազդեցություն էր ունեցել ինձ վրա։

Նա ասաց, որ եթե որոշեմ հետևել իր խորհրդին, վստահ պետք է լինեմ, որ հանձին իրեն՝ դաշնակցական ընկեր ունեմ, որն իմ կողքին է լինելու։ Ես շարունակեցի ուսումս։ Իհարկե, կռվարար էի, որի պատճառով հեռացրին դպրոցից, հաճախեցի բողոքականների դպրոց, սակայն այստեղից էլ ինձ վտարեցին վատ վարքիս պատճառով։ Ինչևէ, ի վերջո ավարտական վկայական ստացա, որից հետո այցելեցի ընկեր Զեյթլյանին։ Այդ ժամանակ արդեն նա փոխադրվել էր Բեյրութ, որտեղ կենտրոնական կոմիտեի հերթապահն էր և «Վահե Սեթյան» տպարանի տնօրենը։ Նա ինձ տարբեր հանձնարարություններ տվեց, իսկ մի օր էլ, երբ արդեն ՀՅԴ բյուրոյի անդամ էր, կանչեց և ասաց, թե իմ «մարզական» պարապմունքներն ու մյուս զբաղմունքները պետք է թողնեմ, քանի որ իրենք ուզում են ինձ ուղարկել Հայաստան՝ ուսումը շարունակելու։ Բացատրեց, որ ինձ համար հեշտ չի լինի Հայաստանում հաստատվելը, և ճանապարհը ինքս պետք է գտնեմ։ Մեկ ամիս չանցած՝ կրկին կանչեց։ Այս անգամ երեքով էինք. ներկա էր նաև Դաշնակցության բյուրոյի անդամ Հրայր Մարուխյանը։ Նրանք երկուսով բացատրեցին ինձ, թե Հայաստանում ինչ եմ անելու։

Ասացին, որ ես հայրենիքում պետք է դառնամ Դաշնակցության աչքը, պետք է նայեմ, թե ինչ է անցնում- դառնում, նաև պետք է այնտեղ տարածեմ «Բագին» ամսագիրը, «Ազդակ Շաբաթօրյակ-Դրօշակ» թերթը, ազգային-հեղափոխական գրականություն, ինչպես և Հայաստանում արգելված հայ գրողների աշխատությունները, ինչպես, օրինակ՝ Հակոբ Օշականի կամ Լևոն Շանթի ստեղծագործությունները։ Ասացին նաև, որ գաղտնիության համար իմ գործը կլինի միայն իրենց երկուսի հետ։ Անշուշտ, համաձայնվեցի։ Այդպես էլ եղավ, հետագայում գործերով միայն նրանց հետ էի շփվում։ Մորս ազգական Մարտիրոս Գուշակչյանը համայնավար էր և համայնավարական «Կանչ» թերթի խմբագիրը։ Նրա միջոցով դիմեցի Հայաստանում սովորելու համար, սակայն առաջին տարին մերժեցին, երկրորդ տարին ևս մերժեցին: Թույլատրվեց երրորդ տարին, և կարողացա գալ ու ընդունվել պետական համալսարան։ Մինչ այդ Լիբանանում համալսարանի ճարտարապետական բաժին էի ընդունվել,այնտեղի ուսումնառությունը թողեցի կիսատ և եկա Հայաստան։ Ի դեպ, գալուց առաջ Սարգիս Զեյթլյանն ասաց. «Հայաստանում երկու մարդու իմ կողմից բարև կփոխանցես, իսկ հետո ինձ կասես, թե ինչպես արձագանքեցին»։ Ասաց, որ երկուսն էլ իմ դասախոսներն են լինելու։ Այդ մարդկանցից առաջինը Զավարյանն էր՝ Սիմոն Զավարյանի եղբոր տղան։ Նա մեզ դասավանդում էր վրացական գրականություն, սակայն հիմնականում պատմում էր Սայաթ-Նովայի և Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» մասին։ Նոր տարվա նախօրյակին համալսարանի հին շենքում մի օր մոտեցա նրան և ասացի. «Ընկե՛ր Զավարյան, ես Ձեզ Լիբանանից բարև եմ բերել»։ Նա ինձ մի անկյուն քաշեց և հարցրեց, թե՝ ումից, պատասխանեցի՝ Սարգիս Զեյթլյանից։ Զավարյանը գունատվեց, ասաց. «Տղա՛ ջան, ես այդպիսի մարդու չեմ ճանաչում և այլևս ինձ նման բարևներ չբերես»։ Ես հուսահատվեցի և երկրորդ անձին չէի ցանկանում մոտենալ, սակայն Նոր տարին մոտենում էր, Բեյրութ պետք է վերադառնայի և ընկեր Զեյթլյանին զեկուցեի իր հանձնարարության կատարման մասին։ Երկրորդ անձը Ռաֆայել Իշխանյանն էր։ Թեև Զավարյանի վերաբերմունքից հետո կասկածների մեջ էի, այնուամենայնիվ մի օր միջանցքում մոտեցա Իշխանյանին և փոխանցեցի բարևը։ Նա զարմացավ, նախ հարցրեց, թե Բեյրութի՞ց եմ, պատասխանեցի, որ Այնճարից եմ։ Իշխանյանն ասաց.«Ավելի լավ, ուրեմն դու մերոնքական ես»։ Ուզում էր ասել՝ դաշնակցական։ Հետո ավելացրեց. «Այստեղ խոսելու տեղ չէ, կգաս մեր տուն, կխոսենք»։ Գնացի իրենց տուն, խոսեցինք, ասաց, որ ինձ պետք է ծանոթացնի իր փեսայի հետ։ Այդ ժամանակ Իշխանյանի դուստրը և Վազգեն Մանուկյանը նոր էին նշանվել։ Իշխանյանն ասաց. «Վազգենն էլ մարդ է փնտրում, որի միջոցով կարող է կապ հաստատել Դաշնակցության հետ»։ Այդ օրերին արդեն Վազգենն ընդհատակյա խումբ ուներ։ Մենք ծանոթացանք, մտերմացանք, և այդ մտերմությունը շարունակվում է մինչև այսօր։

Դրօշակ — Դուք այդ ժամանակ Ձեզ հետ գրականություն էիք բերում և տարածում Հայաստանում։

Մ. Հ. — Այո՛, «Բագինը» և «Ազդակ ՇաբաթօրյակԴրօշակն» էի տարածում, ինչպես նաև՝ գրականություն։ Դրանք հիմնականում ուղիղ չէին մտնում Հայաստան, այլ Մոսկվայի կամ Օդեսայի ճանապարհով։ Մանրամասների մեջ չմտնելով՝ ասեմ, որ տարբեր մարդիկ այս գործում օգտակար էին լինում։ Օրինակ՝ Մոսկվայում շատ էր օգնում բանաստեղծ, թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։ Ալիքյանը ներգաղթած էր, Մոսկվայում ավարտել էր Գորկու անվան գրականության ինստիտուտը և նույն ինստիտուտում դասավանդում էր։ Մաքսատան գրաքննիչները, (բնականաբար հայերեն գրականությունը հայերի ձեռքի տակով էր անցնում) կապի մեջ էին Ալիքյանի հետ և գիտակցաբար այդ գրականությունը հանձնում էին նրան։ Իսկ Մոսկվայից Հայաստան մամուլն ու գրականությունը հասնում էր շատ հեշտությամբ։ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրօշակը» բաժանվում էր շատ ավելի զգուշությամբ և ավելի քիչ մարդկանց, քան «Բագինը»։ Այստեղ հասցնելու և տարածելու գործում լավ դերակատարություն ուներ Ռազմիկ Դավոյանը։ Իր հետ տարիներ շարունակ ես շատ լավ գործակցել եմ։ Ինչ-որ բաներ էլ ես էի սահմանով անցկացնում։ «Բագինը» ես տալիս էի վստահելի մարդկանց՝ Սոս Սարգսյանին, Ռազմիկ Դավոյանին, Հրանտ Մաթևոսյանին, Բագրատ Ուլուբաբյանին և ուրիշների: Ինձ համար վստահելի գործակիցներ էին Ալբերտ Կոստանյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Պետրոս Այնթապլյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ռաֆայել Իշխանյանը, Աննա Պետրոսյանը և այլք։ Մեզ հետ գործակցել են նաև Սիլվա Կապուտիկյանն ու Ալեքսանդր Թոփչյանը, որոնք թեև «Բագինը» ստանում էին այլ միջոցներով (առաջինը՝ «Մշակութային կապի կոմիտեի», իսկ երկրորդը՝ իր հոր՝ Էդվարդ Թոփչյանի միջոցով), սակայն նրանց նկատմամբ նույնպես մեծ վստահություն ունեինք։ Թվարկված մարդկանց «Բագինը» տալիս էի ուղղակիորեն, ուրիշների դեպքում ամսագիրը դրվում էր դարակներում, և նրա մեջ գրություն էր լինում. «Կարդա՛ և փոխանցի՛ր»։ Կարդացողը փոխանցում էր իրեն վստահելի մարդու։ Բռնվելու դեպքում հնարավոր չէր շղթան բացահայտել։ Համալսարանի պատմաբաններին «Ազդակ Շաբաթօրյակ-Դրօշակը» տալիս էր Ռ. Իշխանյանը։ Նաև Պետրոս Այնթապլյանը կար, որը շատ զարգացած մարդ էր, լայն կապեր ուներ մտավորական շրջանակների հետ, նրանց փոխանցում էր «Ազդակ ՇաբաթօրյակԴրօշակը» և «Բագինը»։ Պետրոս Այնթապլյանը մամուլն ու գրականությունը տալիս էր նաև հորեղբոր տղային՝ Մացակ Այնթապլյանին, որն էլ տարածում էր դասախոսների և իր ուսանող ընկերների շրջանում։ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրօշակը», իհարկե, ես ավելի քիչ մարդկանց էի տալիս։ Ռուբենի հուշերի կամ Վրացյանի «Հայաստանի Հանրապետության» նման գրքերը հասցվում էին, օրինակ, նաև Ջոն Կիրակոսյանին կամ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանին։

Այս երկու անձիք կենտկոմի անդամներ լինելով՝ իրավունք ունեին գրադարանում արգելված գրականություն կարդալ, սակայն եթե այդպես անեին, պետք է արձանագրվեր, որ այդ մարդիկ այդ գրքերը կարդացել են։ Այդ պատճառով գերադասում էին շատ բաներ այսպես կարդալ։ Գրքերն էլ շրջանառվում էին մամուլի պես՝ կարդալու և փոխանցելու շղթայով։ Ասեմ, որ ամենամեծ ժողովրդականությունը վայելում էր Անդրանիկ Ծառուկյանի «Թուղթ առ Երևան»-ը։ Սրա պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ խմորատիպ ձևով տպագրել և տարածել էինք։ Այդպես խմորատիպ տարածվել է նաև Օտյանի «Փանջունին»։ Այդ տարիներին Սարգիս Զեյթլյանը խմբագրին հանձնարարել էր, որ «Բագինը» քաղաքականանա։ Պատահում էր, որ «Բագինը» ազգային անվտանգության կոմիտեի կողմից բռնագրավվում էր, բայց հետո այդ բռնագրավված օրինակը կրկին հայտնվում էր մարդկանց ձեռքին։ Նշանակում է, որ հենց ազգային անվտանգության աշխատակիցներն էին այն տարածում։ Երբ այս մասին Զեյթլյանն իմացավ, թելադրեց Պողոս Սնապյանին, որպեսզի քաղաքականացնի «Բագինը», ինչը և Սնապյանը կատարեց հաջողությամբ։ Սնապյանին հանձնարարվել էր նաև հատուկ ուշադրություն դարձնել հայաստանցի այն երիտասարդ գրողներին, որոնք իրենց ստեղծագործությամբ դուրս էին սոցիալիստական ռեալիզմի կաղապարներից։ Դա վերաբերում էր գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի համախոհներին և ուրիշների՝ Հենրիկ Էդոյանին, Արտեմ Հարությունյանին, Դավիթ Հովհաննեսին, Սլավիկ Չիլոյանին, Արմեն Մարտիրոսյանին և այլոց։

Այս մարդկանց հետ ես մշտապես մոտ եմ եղել, բայց արգելված էր նրանց «Բագին» տալը, որպեսզի չվտանգվեն։ Այս գրողներից շատերին, սակայն, ամսագիրը կամ նրա առանձին նյութերը փոխանցում էր Ալեքսանդր Թոփչյանը, որին հասու էին իր հոր՝ գրողների միության նախագահ Էդուարդ Թոփչյանի ձեռքի տակ եղած օրինակները։

Դրօշակ — Անդրադառնանք Վազգեն Մանուկյանի հետ գործակցությանը։

Մ. Հ. — Երբ 1969 կամ 70 թվականին Վազգեն Մանուկյանը վերադարձավ Մոսկվայից, իր համախոհ ընկերների հետ արդեն ինչ-որ բաներ արել էր Մոսկվայում։

Օրինակ՝ ցույցեր էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև, դրա համար ձերբակալվել էին և այլն։ Այնտեղ նա ծանոթ էր եղել մի շատ կարևոր մարդու հետ։ Այդ մարդը Համբարձում Հովակիմի Հարությունյանն էր, որին ավելի շատ ճանաչել էին որպես Համո Ակիմիչ: Նա եղել էր Խորհրդային Միության դեսպանը Կանադայում, որտեղ ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել և աշխատել էր ԽՍՀՄ արտգործնախարարությունում՝ որպես խորհրդական։ Այս մարդը շատ լավ իմացել էր Խորհրդային Միության խոհանոցը, և առաջին անգամ ինքն էր Վազգենին ասել, որ Խորհրդային Միությունը քայքայվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք անկախության։ Նա շուտ է մահացել, սակայն հասցրել է Վազգենին և ընկերներին քաղաքականապես դաստիարակել։ Բացատրել է, թե ինչ է Ամերիկան, ինչ է Խորհրդային Միությունը, և ինքը համաձայն է եղել անկախության գաղափարի հետ։

Այս մարդն է Վազգենին ծանոթացրել մարշալ Բաղրամյանի, մարշալ Բաբաջանյանի և ծովակալ Իսակովի հետ։ Վազգեն Մանուկյանը պաշտոնյա չեղած ժամանակ շփվել էր նաև Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Զարուբյանի հետ, որը նույնպես մեծ հայրենասեր էր։

Դրօշակ — Այժմ խոսենք Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ համալսարանում գործած «Մշակութային ակումբի» մասին, ապա անդրադառնանք «Թարգմանչաց տոներին»։

Մ. Հ.— Մոսկվայից վերադառնալով՝ Վազգեն Մանուկյանը ցանկացել է այստեղ շարունակել իր ազգային գործունեությունը։ Նա մտածել է, որ եթե քաղաքական բնույթի կազմակերպություն ստեղծի, իշխանությունները դրա դեմ անմիջապես կոշտ միջոցներ կձեռնարկեն և որոշել է մշակութայինի անվան տակ ստեղծել ինչ-որ կազմակերպություն։ Համալսարանում ստեղծվում է «Մշակութային ակումբը», որը որոշ ժամանակ անց բացահայտվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է։ Եթե չեմ սխալվում, 1972 թվականին ստեղծվում են, այսպես կոչված, «Թարգմանչաց տոները» իբրև թե պատմությունից հայտնի հայկական այդ տոնը տոնելու նպատակով։ Այս անվան տակ հավաքները տեղի էին ունենում հիմնականում Սերգեյ Մերգելյանի ինստիտուտին պատկանող Ծաղկաձորի պանսիոնատում՝ Մերգելյանի հովանավորությամբ։

Մերգելյանը Վազգենի հետ սերտ հարաբերությունների մեջ էր, ես էլ եմ շփվել իր հետ, ինչպես նաև Գուրզադյանի և Իոսիֆյանի նման մեծ գիտնականների հետ։ Նրանք բոլորը հայրենասեր մարդիկ էին։ Կազմակերպությունը հիմնելու համար ստեղծվել է ղեկավար մարմին՝ հանձնախումբ։ Յոթ հոգանոց այդ հանձնախմբի մեկ անդամի՝ Վրեժի մահվանից հետո ինձ ընդգրկեցին… «Թարգմանչաց տոները» կազմակերպվում էին ամեն տարի աշնանը։ Մերգելյանի գլխավորած ինստիտուտի պանսիոնատում հավաքվում էին մինչև 150 հայտնի մտավորականներ ու արվեստագետներ՝ դերասաններ նկարիչներ, գրողներ և այլն։ Նրանց թվում էին Սոս Սարգսյանը, Լուսինե Զաքարյանը, Խորեն Պալյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Ռազմիկ Դավոյանը, Համո Սահյանը, Մուշեղ Գալշոյանը, Սերո Խանզադյանը, ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Ջիմ Թորոսյանը, արվեստաբաններ Շահեն Խաչատրյանն ու Հենրիկ Իգիթյանը, նկարիչներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Սմբատյանը, Սեյրան Խաթլամաջյանը։ Այս հավաքների ժամանակ քննարկվում էին մշակույթի, հայոց լեզվի և գրականության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև ազգային ու անկախության հետ կապված հարցեր։

Այս ձեռնարկների նպատակներից մեկը մտավորականներին համախմբելն էր, օրինակ՝ ռուսականացման վտանգի դեմ մտավորականները պատրաստ էին միահամուռ պայքարի։ Նշածս հանձնախումբը գործում էր մի քանի ուղղություններով. անում էինք խիստ գաղտնի, կիսագաղտնի և բացահայտ գործեր։ Այսպիսի սկզբունք կար, եթե անում էինք գերգաղտնի գործեր, մյուսներն այդ մասին չպետք է իմանային։ Եթե որևէ մեկը որևէ տեղեկություն էր բերում, ոչ ոք չպետք է հարցներ, թե որտեղից է այդ տեղեկությունը։ Ասեմ, որ Դաշնակցությունը ամբողջովին տեղյակ էր այս գործունեությանը, ինչպես նշեցի, կապի մեջ էի Մարուխյանի և հատկապես Զեյթլյանի հետ։

Դրօշակ — Ինչո՞ւ Դաշնակցության կողմից փորձ չի արվել ավելի սերտ կապեր հաստատել, գործակցել, կուսակցական բջիջներ ստեղծել Հայաստանում։

Մ. Հ. — Վազգեն Մանուկյանը ցանկանում էր, որ պաշտոնական հարաբերություններ լինեին, սակայն Զեյթլյանը դեմ էր. նա ասում էր, որ բացահայտվելու դեպքում հետևանքները շատ ծանր կլինեն։ Այդ պատճառով Դաշնակցությունը խուսափել է, օրինակ, նաև նյութական աջակցություն ցույց տալ։ Կազմակերպությունն ինքն էր իր անդամների եկամուտներից հատկացնում գործերի համար։ Մյուս կողմից՝ եթե Դաշնակցության անունն ի հայտ գար, շատերը կհեռանային։ Ավելացնեմ, որ այս խմբի գործերին ամբողջովին տեղյակ էր Ռաֆայել Իշխանյանը, մասամբ՝ Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Պետրոս Այնթապլյանը։

Դրօշակ — Ձեր ղեկավար խումբն ունենո՞ւմ էր իր առանձին ժողովները։

Մ. Հ. — Այո՛, և մեր ժողովները, քննարկումները տեղի էին ունենում հիմնականում Վազգեն Մանուկյանի տան նկուղում, ինքն էր մեր ղեկավարը, մենք բոլորս իրար «շեֆ» էինք ասում, որպեսզի չիմացվի, թե ո՞վ է մեր իսկական ղեկավարը, միաժամանակ դա մեր գաղտնաբառն էր (փարոլան)։ Այստեղ մենք հաճախ կարտ էինք խաղում, որպեսզի, եթե հանկարծ գան ձերբակալելու, տեսնեն, թե ինչով էինք զբաղված։ Մեզ, իհարկե, հետևել են, հետագայում փաստեր են ի հայտ եկել, որ ուշադրության կենտրոնում ենք եղել։ Ի դեպ, ինձ Հայաստանից «պերսոնա նոն գրադա» հայտարարելով՝ 81 թվականին արտաքսել են… Սովետից։ Այսինքն՝ Հայաստանում 71-ից սկսած՝ 10 տարի գտնվելուց հետո։ Գորբաչովի ժամանակ ինձ ներում եկավ։ Մի անգամ՝ 74 թվականին, Վազգենը եկավ և ասաց, թե հստակ տեղեկություններ ունի, որ Սովետը պիտի քանդվի, և մենք պետք է պատրաստվենք անկախության։ Մենք թերահավատությամբ վերաբերվեցինք այդ մտքին։ Այնուամենայնիվ, ես այս լուրը փոխանցեցի Սարգիս Զեյթլյանին և Մարուխյանին։ Մարուխյանն ասաց, թե ԿԳԲ-ն մեզ փորձում է, ցանկանում է իմանալ, թե ինչ ենք մտածում անկախության մասին, ինչ-որ բան անո՞ւմ ենք այս ուղղությամբ, թե՞ ոչ։ Իր ասածի մեջ տրամաբանություն կար, իսկ Զեյթլյանն ասաց, որ եթե նույնիսկ դա այդպես է, մենք պետք է պատրաստ լինենք անկախությանը։ Պատմությունը, ցավոք, ցույց տվեց, որ պատրաստ չէինք այդ օրվան։ Այո՛, մենք պատրաստ էինք ըմբոստության, և «Թարգմանչաց տոները» այս առումով մեծ դեր էին խաղացել։

Անկախությանն առնչվող հարցերը քննարկվում էին այնտեղ, նույն կերպ մտածող մտավորականների համախմբում էր տեղի ունեցել, սակայն պատմությունը ցույց տվեց, որ մենք պատրաստ էինք ըմբոստության, բայց ո’չ անկախության:

Դրօշակ — Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ շարժումը նախապատրաստեց սերնդի մի փաղանգի՝ ապագա անկախության համար։

Մ. Հ.— Ոչ թե մի հատվածի, այլ աչքի ընկնող և ճանաչված գրեթե ողջ մտավորականությանը։ Առանց մտավորականության ժողովուրդը տեղից չի շարժվի։ Այդ մտավորականությունը ժողովրդին ոտքի հանեց, իսկ անկախությունից հետո ամորձատեցին մտավորականությանը, և մենք այսօր, իբրև այդպիսին, բառի իրական իմաստով, մտավորականություն չունենք։ Չկա այն մտավորականությունը, որը ժողովրդին կարող է ոտքի հանել, և սա արվել է ծրագրված ձևով։

vazgenmanukyan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930