Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու համար՝ կրկնապատիկ պատիժներ․ Լիլիթ Գալստյանի նախագիծը

Հունիս 13,2023 12:24

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Նախագիծն ուղղված է բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանների օգտագործման, պահպանության եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներում, որը սահմանված վարչական տույժերի չափը բարձրացնելուն է ուղղված։ Առաջարկում եմ կարգավորումներ այն դեպքում, երբ նույն խախտումը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում»,- մանրամասնեց Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նա նշեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։ Մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ տուգանքի չափ սահմանված 80-ապատիկը դարձնել 150-ապատիկ, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 300-ապատիկի չափով։

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնների խախտման դեպքում եւս տուգանքի չափն առաջարկվում է կրկնապատկել՝ 50-ապատիկից սահմանել 100-ապատիկ, իսկ պաշտոնատար անձանց դեպքում՝ 300-ապատիկից 350-ապատիկի չափով։

«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը, ռեժիմների խախտումները։ Այն վստահությունն ունենք, որ այս լրացումներով ու փոփոխություններով այդ խախտումները նվազելու են»,- ասաց Լիլիթ Գալստյանը։ Պատգամավորն ասաց, որ կոնկրետ վիճակագրություն չունի, փորձել է այն ձեռք բերել, բայց հասկացել է, որ հստակ վիճակագրություն չկա։

Հարակից զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ կառավարության դիրքորոշումը դրական է այս նախագծի վերաբերյալ։ Ըստ նրա՝ տուգանքի այդ չափը հիմնավոր է։ «Մենք ասում ենք, որ ցանկացած խստացում միտված է բարելավելուն։ Եվ այդ համատեքստում մենք կողմ ենք եւ համարում ենք, որ դրական փոփոխություն է։ Հետագայում կարող ենք երկրորդ փուլով վերանայել տուգանքների չափը»,- ասաց փոխնախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930