Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գյուղացիները որոշել են չապահովագրել իրենց բերքը, դա իրենց ռիսկն է, մենք այստեղ լրացուցիչ անելիք չունենք»․ Քերոբյան

Հունիս 13,2023 11:59

«Օրերս աննախադեպ կարկուտի պատճառով ՀՀ բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, եւ գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշեց, որ շատ վայրերում վնասի գնահատում չի իրականացվել, գյուղացիները դժգոհում են։ «Բազմիցս այդ հարցը բարձրացվել է՝  հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքի եւ քանակի հետ կապված խնդիրների մասին։ Այդ պատճառով գյուղացիները մեծ վնասներ են կրում եւ վարկային պարտավորությունները մարդիկ չեն կարողանում կատարել։ Արդյոք գնահատում կատարվե՞լ է, ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»,- էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց պատգամավորը։

Նախարարն ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է Հայաստանում ձեւավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկան։ «Ամեն տարի մենք սուբսիդավորում ենք ապահովագրավճարների էական մասը, այնպես, որ գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից ապահովագրել իրենց բերքը։ Այսքանով մենք համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ մենք չենք կարող այն գյուղացիներին, ովքեր չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրական ընկերություններն անեին, եւ դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն պրոդուկտը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները եւ գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք  ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը եւ չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է, եւ մենք այստեղ լրացուցիչ որեւէ գործառույթ չենք տեսնում մեր կողմից»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նրա՝ տարեցտարի կտրուկ ավելանում են ապահովագրվող տարածքների ծավալները։

Գառնիկ Դանիելյանը նկատեց․ «Ձեր պատասխանից հասկացա, որ գյուղացին էլի մենակ է մնում իր պրոբլեմների առաջ, եւ որեւիցե լուծում չկա։ Դուք հակակարկտային կայանների խնդիրը լուծելու փոխարեն նորից ամբողջ պատասխանատվությունը բարդում եք գյուղացու վրա»։

Վահան Քերոբյանն արձագանքեց․ «Երբ դուք ասում եք՝ գյուղացին մենակ է մնում, պետք է նաեւ նկատի ունենանք, որ գյուղատնտեսության վրա այս տարի ՀՀ ժողովուրդը եւ կառավարությունը մոտ 35 մլրդ դրամի սուբսիդավորում է իրականացնում։ Այսինքն՝ մենք հետ գնանք 2007-2010 թվականները, այնտեղ 4 տարվա մեջ 1 մլրդ է եղել գյուղատնտեսության ընդհանուր աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 մլրդ-ի մասին, եւ դուք ասում եք, որ գյուղացիները մենա՞կ են մնում։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ՝ տարբեր պրոդուկտներով։ Արդյունքը կայանում է նրանում, որ գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում, այսինքն՝ ավանդական գյուղատնտեսությանը գալիս է փոխարինելու ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությունը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930