Հայաստան ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա։ Կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս նախագծերի ընդունմամբ իրավական կարգավորում կտրվի՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտով սահմանել հատուկ դեպք, ըստ որի՝ պեստիցիտների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կտրվի, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ։
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է օրենքում առկա իրավիճակում բացերի լրացմամբ, մասնավորապես սահմանելով «հատուկ դեպք» հասկացությունը, որը հնարավորություն կընձեռնի հրատապ լուծում պահանջող խնդիրների ընթացքին հնարավորինս արագ հանգուցալուծման: «Այս կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս էկոնոմիկայի նախարարությանը սահմանված հատուկ դեպքերի առկայության պարագայում կայացնել որոշումներ՝ որոշակի խմբաքանակով պեստիցիդների ներմուծումը թույլատրելու համար»,- ասաց Քերոբյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Մենք մեխանիզմներ ունե՞նք՝ վերահսկելու, թե ի՞նչ է օգտագործվելու օրենքն ընդունելուց հետո, ի՞նչ ունենք այսօր։ Այս հարցի կարեւորությունը շատերը չեն գիտակցում, ես ուղղակի մի մեջբերում անեմ գիտական ամսագրից։ 1959 թվականին, երբ բնակչության մեկ անձին բաժին էր ընկնում գյուղատնտեսությունում օգտագործվող 5 կգ քիմիական միջոց, գենետիկորեն շեղումներով ծնված երեխաների թիվը կազմում էր 0․74 տոկոս։ 1983 թվականին գյուղատնտեսությունում օգտագործվող քիմիական պրեպարատների զանգվածն աճեց մինչեւ 25 կգ՝ բնակչության մեկ անձի հաշվով, իսկ գենետիկական շեղումներով ծնվածները կազմում էին 16․5 տոկոս։ Մենք ունե՞նք ուսումնասիրություն այս ոլորտում, եւ ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել, թե ինչ որակի ապրանք է ներկրվում եւ օգտագործվում գյուղատնտեսությունում»։
Կարդացեք նաև
Քերոբյանն ի պատասխան ասաց․ «Համաձայն եմ, որ այս խնդիրը շատ ավելի վաղ պետք է քննարկվեր եւ սրա վերաբերյալ լուծումները տրվեին։ Դրա համար էլ հիմա մենք առաջարկում ենք ավելի հրատապ ընթացակարգով այս փաթեթը քննարկել։ Դեռեւս 2 տարի առաջ մենք սկսել ենք այս ճանապարհը, որպեսզի կարողանանք ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակն էապես լավացնել, վերահսկողությունը ներմուծումների նկատմամբ էապես ուժեղանալու է։ Հաջորդ տարիների համար ներմուծվող ագրոքիմիկատների նկատմամբ պահանջները կտրուկ բարձրանում են»։
Ըստ նախարարի՝ նախատեսվում է Հայաստանում ստեղծել հետազոտական լրացուցիչ հզորություններ, որոնք պետք է թույլ տան էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը։
Գեղամ Նազարյանը հավելեց, որ օրենքն ընդունվում է, բայց վերահսկողական մեխանիզմների մասին մտածող չկա։ «Այսօր էլ շատ ոլորտներում մենք չգիտենք, թե ինչ որակի ապրանք է վաճառվում։ Օրինակ՝ ստուգո՞ւմ եք, թե ինչ որակի պանիր է վաճառվում խանութներում, ի՞նչ որակի հավկիթ ենք օգտագործում, ի՞նչ որակի միս ենք օգտագործում, լոլիկի ու վարունգի մեջ պարունակությունն ի՞նչ է։ Պարբերաբար ստուգումներ իրականացնո՞ւմ եք, թե՞ չէ»,- հարցրեց պատգամավորը։
Քերոբյանն ասաց․ «Այո, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անընդհատ ստուգումներ է իրականացնում։ Դուք ժամանակ առ ժամանակ տեսնում եք, որ ստուգումների արդյունքում կասեցվել է այս կամ այն տնտեսվարողի գործունեությունը, որովհետեւ արտադրման պայմանները չեն բավարարում ՀՀ եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ