Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովամահության կամ ռազմական գործողությունների շրջանակում անհրաժեշտ վառելիք եւ ապրանքներ չմատակարարողները կենթարկվե՞ն քրեական պատժի»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 13,2023 11:05

Ազգային ժողովը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ՝ կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում եւ կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ասաց, որ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ»: Մինչդեռ, սահմանված ժամկետներում եւ ձեւաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում կազմակերպությունների համար պատասխանատվություն սահմանված չէ գործող օրենսդրությամբ, որի հետեւանքով լիազոր մարմինը զրկվել է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի եւ շարժի մասին համակարգված եւ հավաստի տեղեկություն ունենալու հնարավորությունից: Ըստ նրա՝ հաշվետվություն ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ եւ միտված է կարեւորագույն խնդիրների լուծմանը` կապված զորահավաքային կարիքների, արտակարգ իրավիճակների կանխման կամ հետեւանքների վերացման, ինչպես նաեւ պարենային, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու հետ:

Ըստ ՆԳՆ փոխնախարարի՝ գործնականում այսօր ստեղծված է իրավիճակ, երբ կազմակերպությունների դրսեւորած անգործությունը մնում է անհետեւանք, քանի որ չկա պետական հարկադրանքի որեւէ միջոց, եւ լիազոր մարմինը չունի որեւէ լծակ` իրենց պարտավորության պատշաճ կատարումը կազմակերպություններին պարտադրելու համար։

Նախատեսվում է հետեւյալ լրացումը՝ «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելը կազմակերպության համար առաջացնում է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո 5 օրվա ընթացքում հաշվետվությունները չներկայացնելն առաջացնում է տուգանք`

1) կազմակերպության (բացառությամբ` ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար`ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպության կողմից կուտակման եւ պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների գումարի 10 տոկոսի չափով․

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող եւ կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Գաղտնիք չէ, որ ռազմավարական պաշարների, հատկապես կրիտիկական ծավալների ապահովումն անվտանգության առաջնային խնդիր է։ Արդյոք քննարկվե՞լ է նաեւ հարցը, որ կարեւորագույն կենսական նշանակության սովամահության կամ ռազմական գործողությունների շրջանակում անհրաժեշտ վառելիք եւ այլ ապրանքներ, եթե չի ապահովում որեւէ մեկը, ապա ենթարկվի քրեական պատասխանատվության»։

Դավիթ Համբարյանը պատասխանեց․ «Պաշարների անվտանգությունն ապահովվում է ոչ միայն ռազմավարական պաշարներով, այլ նաեւ պետական պահուստի բաղադրիչներով։ Հետեւաբար, այս առումով մենք վերահսկելիություն ու կառավարում ունենք։ Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, տվյալ կազմակերպությունների բարեխղճությունը, մակարդակը մոնիթորինգ անելուց հետո, հասկանալով հնարավոր խնդիրները, կարծում եմ՝ կարելի է անդրադառնալ դրան։ Եթե լինեն խնդիրներ, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությունը ես չեմ բացառի։ Բայց կարծում եմ՝ առաջարկվող վարչական իրավախախտումներով եւ համապատասխան վերահսկողությամբ մենք ռեալ կարող ենք դաշտը հասկանալ եւ վերահսկողության տակ պահել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930