Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, սա ցեղասպանական նպատակներ հետապնդող քաղաքականություն է, եւ Ադրբեջանն ամեն օր իր գործողություններով դա է ապացուցում. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»

Հունիս 13,2023 11:01

«Հրապարակը» զրուցել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

– Մեր տեղեկություններով, ադրբեջանցիները Բերձորի անցակետում արցախյան պատերազմների մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել, հայտարարում են, որ երբ վերջիններիս դատեն, եւ պարզվի, որ անմեղ են, նոր կարող են հեռանալ Արցախից։

– Շատ կարեւոր հարց եք բարձրաձայնում։ Եթե նման մարդիկ կան, կխնդրեի, որ անպայման ինձ հետ կապ հաստատեն, որովհետեւ ես ներկայացնում եմ, որ նման խնդիր կարող է ծագել, իսկ միջազգային կառույցի ներկայացուցիչներն ասում են, որ կոնկրետ փաստեր են պետք։ Մեզ, համենայնդեպս, նման օրինակ չեն ներկայացրել։

– Այսինքն՝ ցեղասպանական գործունեությո՞ւն է սա։

– Միանշանակ է այն, որ Ադրբեջանի բոլոր քայլերը, գործողություններն ու նման հայտարարությունները հենց այդ նպատակին են միտված։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան կամ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, բազմիցս բարձրաձայնել եմ եւ շարունակում եմ ահազանգել դրա մասին, որ այն բոլոր գործողությունները, որոնք այսօր կիրառվում են ադրբեջանական ղեկավարության կողմից, ուղղված են Արցախի ժողովրդի ցեղասպանությանը, նպատակ են հետապնդում ոչնչացնելու։ Անգամ, տեսեք` «Լեռնային Ղարաբաղ» տերմինի չօգտագործումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք ոչնչացնում են այն ամենը, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղի եւ ԼՂ ժողովրդի հետ։ Այո, սա ցեղասպանական նպատակներ հետապնդող քաղաքականություն է, եւ Ադրբեջանն ամեն օր իր գործողություններով դա է ապացուցում։

– Չնայած Ադրբեջանի չափազանց ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունն Արցախի նկատմամբ եւ միջազգային հանրության՝ լուռ դիտորդի դերում հանդես գալը չե՞ն խոսում այն մասին, որ միջազգային իրավունքը դարձել է այս կամ այն երկրների շահերի սպասարկման լծակ։

– Այսօր միջազգային իրավունքը տարբեր դերակատարների կողմից կիրառվում եւ մեկնաբանվում է՝ հարմարեցվելով սեփական շահերին՝ լինի դա քաղաքական, տնտեսական եւ այլն։ Խոսքը միայն միջազգային իրավունքի մասին չէ, այլ նաեւ, ցավոք սրտի, մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաների եւ դրանցում ամրագրված իրավունքների մասին։ Այդ հիասթափությունը, որ կա միջազգային հանրության անտարբերության պատճառով, ուղղակի աննկարագրելի է։ Վեց ամիս շարունակ մենք ահազանգում ենք այդ իրավիճակի մասին, բայց գոնե մեկ միջազգային պաշտոնյա այս ընթացքում չի եղել Արցախում, որպեսզի հավաստի տեսնի, թե ինչ է կատարվում` արդյոք մեր ահազանգերն օբյեկտի՞վ են, օրինաչա՞փ են, թե՞ ոչ։ Եվ երբ իմ կողմից հարց է բարձրացվում` գոնե այդ առումով ինչու որեւէ տեղաշարժ չկա, միշտ բացատրում են, որ Ադրբեջանը չի թողնում կամ խոչընդոտներ է հարուցում։ Եվ մենք գալիս ենք այն եզրակացության, որ, այո, հարմարեցված է պետությունների շահերին, եւ զուտ միայն իրավական դաշտում հաջողություն ունենալը որեւէ ձեւով չի երաշխավորում իրական իրավունքների պաշտպանություն։ Եվ օրինակն ունենք, 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն արդեն 112 օր շարունակ Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Լրջագույն ճգնաժամ է այս առումով՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ նաեւ աշխարհում առհասարակ, եւ այս հումանիտար ծանր դրությունը նաեւ հենց միջազգային դերակատարների խղճին է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930