Չնայած Նիկոլ Փաշինյանի բանակցած տարբերակով Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը՝ Քյարքին, ըստ լուրերի, մտնելու է Ադրբեջանին հանձնվելիք տարածքների մեջ, սակայն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, որը Տիգրանաշենում շքեղ երկհարկանի առանձնատուն ունի, բիզնեսներ, հեկտարներով այգիներ, երեկ մեզ հետ զրույցում վստահ պնդեց, որ Տիգրանաշենը որեւէ պարագայում չի հանձնվելու թուրքին։
Նախկին մարզպետին, որի որդին, ի դեպ, Արարատի գործող մարզպետն է, հարցրինք՝ այդուհանդերձ, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, եւ հիմա Փաշինյանն է հայտարարել, որ Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքի մեջ, որը պատրաստվում է ճանաչել, մտնում է նաեւ Տիգրանաշենը։ «Ես էլի պնդում եմ, որ նման բան չի լինելու, մոռացեք, չկա»,- հորդորեց Թեւոնյանը՝ նշելով, որ խոսքը Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ճշտող հարցին՝ հիմա Ձե՞զ հավատանք, թե՞ Փաշինյանին, որը բառացի խոստովանեց, որ Տիգրանաշենը եւս այն տարածքների մեջ է, որը տալու են Ադրբեջանին։ «Ես ասում եմ՝ չկա, մենք մեր դիրքերում մնալու ենք, մենք մեր ճանապարհով գնալու ենք, ոչ մի բան էլ չի կարա լինի»: Բայց ինչի՞ց ելնելով եք նման պնդում անում։ «Ես գիտեմ»: Որտեղի՞ց։ «Ես մենակ ասում եմ, որ ըտենց բան չկա»: Չկա՞, թե՞ Դուք չեք ուզում հավատալ, որովհետեւ այդտեղ շքեղ տուն ունեք, այգիներ, բիզնես։
«Հիմա էլ ես իմ այգիներում եմ, գործ եմ անում, հեսա տուն էլ եմ գնալու, ըտենց բան չկա, ոչ էլ ստեղի ժողովուրդը մտածում ա, որովհետեւ ըտենց բան չկա»: Իսկ վարչապետի հայտարարություննե՞րը։ «Վայ, վարչապետի հայտարարությունն էլ ոչ մի բան չկա, ես ըտենց եմ հասկանում իր հայտարարությունից»: Նորից ներկայացրինք ասվածը, որ Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասել։ «Լավ, էլի, ես ասում եմ, ուրեմն ըտենց ա, եթե չես հավատում, արդեն քեզնից ա, վարչապետն էլ ուրիշ բան չի ասում»։ Թեւոնյանն ասաց, որ վերադարձել է եւ ղեկավարում է Երասխի գինու, կոնյակի գործարանը:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: