Լրահոս
Օրվա լրահոսը

Կրծքագեղձի իմպլանտները կարո՞ղ են արդյոք քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ

Հունիս 13,2023 09:30

Մամուլում կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք պնդում են, որ կրծքագեղձի իմպլանտները, որոնք տեղադրվում են էսթետիկ նկատառումներով կամ այլ պատճառներով, մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։ Սակայն ինչպես փաստում են քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային կենտրոնները, իմպլանտները կրծքագեղձի քաղցկեղի պատճառ չեն հանդիսանում և անգամ չեն մեծացնում դրա զարգացման վտանգը։ Միևնույն ժամանակ հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքագեղձի իմպլանտ կրող կանանց շրջանում կա անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի զարգացման որոշակի ռիսկ: Քաղցկեղի այս տեսակը (ոչ Հոջկինյան լիմֆոմա) զարգանում է կնոջ ավշային համակարգում:

Այս հիվանդության առավել տարածված ախտանշաններն են կրծքագեղձի իմպլանտի շրջանում մշտական այտուցվածությունը, պնդացումը և ցավը։ Այդ ախտանշանները կարող են առաջանալ իմպլանտի տեղադրումից հետո տարիների ընթացքում։ Գիտնականներին դեռևս հայտնի չէ, թե ինչ կապ կա քաղցկեղի այդ տեսակի և իմպլանտների միջև, և հետազոտողները դեռևս շարունակում են ուսումնասիրել այդ խնդիրը։

Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի առաջացման ռիսկը շատ ցածր է, սակայն եթե արդեն ունեք կրծքագեղձի իմպլանտներ կամ պատրաստվում եք դրանք տեղադրել, արժե խորհրդակցել բժշկի հետ, որը կներկայացնի բոլոր ռիսկերն ու կմշակի ձեզ անհրաժեշտ հետազոտությունների պլանը։

Ովքե՞ր են ռիսկի խմբում

Ինչպես նշվեց, անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոման քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ է, որը, փորձագետների կարծիքով, զարգանում է իմպլանտ ունեցող 50000 կանանցից 1-ի մոտ։

Ի՞նչ անել, եթե արդեն կրում եք իմպլանտներ

Կարևոր է ուշադիր լինել անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի ախտանշաններին։ Դրանք կարող են առաջանալ մարմնի ամենատարբեր հատվածներում, սակայն կրծքագեղձի իմպլանտներ կրող կանանց դեպքում հաճախ են հայտնվում իմպլանտների շուրջ գտնվող սպիի շրջանում։

Եթե կրում եք իմպլանտներ, ապա պետք է կանոնավոր կերպով այցելեք բժշկին՝ անցնելով այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են ՈւՁՀ-ն կամ ՄՌՏ-ն՝ համոզվելու համար, որ չկան իմպլանտի պատռվածքի նախանշաններ։ Նշենք, որ այդ հետազոտությունները չեն փոխարինում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային այլ թեստերին, որոնք պետք է անցնել կանոնավոր կերպով։

Պարբերաբար ստուգեք կուրծքը՝ խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար, և անմիջապես դիմեք բժշկին, եթե նկատում եք՝

  • Նոր գոյացություններ,
  • կրծքագեղձի ձևափոխություն, պնդացումներ,
  • քրոնիկ կամ անցողիկ ցավ կրծքում կամ կրծքագեղձի շրջանում,
  • մաշկային ցան կրծքի շրջանում,
  • սպիի ձևափոխություններ։

Կարող են լինել նաև այսպիսի ախտանշաններ՝

  • Իմպլանտի շուրջ հեղուկի կուտակում,
  • մազաթափություն,
  • քաշի կորուստ, հյուծվածություն, որը կարող է հուշել իմունային համակարգի թուլացման մասին։

Այս ախտանշանները կարող են հուշել ինչպես անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի, այնպես էլ այլ խնդիրների մասին, ինչպիսին իմպլանտի պատռվածքն է։

Ամեն դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին, եթե նկատում եք որևէ փոփոխություն կրծքագեղձում։

Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոման սովորաբար բուժվում է, հատկապես երբ հայտնաբերվում է վաղ փուլում։ Ախտորոշումն իրականացվում է բիոպսիայի և պատկերային հետազոտությունների (ՈՒՁՀ, մամոգրաֆիա) միջոցով։ Վաղ բուժումը ենթադրում է իմպլանտի և քաղցկեղով ախտահարված հյուսվածքների անհապաղ հեռացում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930