33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ցույց էին անում, բայց այս անգամ ոչ թե կառավարության շենքի մոտ, ինչպես սովորաբար անում են, այլ՝ Բարձրագույն Դատական խորհրդի շենքի մոտ։ Բնակիչները պահանջում են արդար դատաքննություն, քանի որ վստահ են՝ 33-րդ թաղամասի օտարումն ու բնակիչներին իրենց տներից վտարման գործընթացը անօրինական է, դատական գործընթացում բազմաթիվ օրենքներ են խախտվում։
Հանրապետության նրբանցք, 8ա հասցեի սեփականատեր Իսրայել Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ տեղի է ունեցել դատական իշխանության յուրացում։
Բնակիչներն այսօր ԲԴԽ-ի մոտ իրենց բողոքն էին ներկայացնում դատավոր Մուրադ Հովակիմյանի դեմ։
Կարդացեք նաև
«Դատավոր Հովակիմյանն առանց ապացուցման բեռը փոխելու, առանց դատաքննություն իրականացնելու միանգամից հրապարակեց վճռի օրը՝ ամսի 20-ին։ Մենք իմացել էինք, որ այսօր դատավոր Հովակիմյանի նկատմամբ մեկ այլ գործով քննություն է իրականացվելու, եկանք ԲԴԽ-ի մոտ, որպեսզի հաստատենք, որ Հովակիմյանը կոռումպացված դատավոր է, խամաճիկի նման կատարում է հրահանգներ՝ խախտելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ»,-ասաց Սաֆարյանը։
Բնակիչները պահանջում են կարգապահական վարույթ հարուցվի դատավոր Մուրադ Հովակիմյանի նկատմամբ եւ դադարեցվի նրա լիազորությունները։
Իսրայել Սաֆարյանի պատմելով՝ բնակիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն, նրանց փաստաբանները դիմում- բողոք են ներկայացրել արդարադատության նախարարություն։ Նրանք պայմանավորվածություն ունեին, որ պետք է հանդիպեին արդարադատության նախարարի հետ, սակայն նախարարը երկրից բացակայում է, ուստի բնակիչները հանդիպել են նախարարության վերահսկողության վարչության պետի հետ։ «Վարչության պետն ընդունեց, լսեց, ոչինչ չխոստացավ։ Մենք նորից պահանջեցինք նախաարարի հետ հանդիպել, որպեսզի խնդիրը մանրամասն ներկայացնենք իրեն»,-ասաց Սաֆարյանը։
Արդարադատության նախարարությունից վստահեցրել են, որ կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու գործընթացը մոտ երեք ամիս կտեւի, իսկ Սաֆարյանի սեփականության իրավունքի եւ ընտանիքին տարածքից վտարելու վերաբերյալ դատարանի վճիռը Հովակիմյանը մի քանի օրից պետք է հրապարակի։
«Այսինքն, այդ ընթացքում հարկադիրը գալու է մեզ տանից հանի ու սա Հյուսիսային պողոտայի օտարումից ավելի ծանր ու դաժան վիճակ է։ Դատավորը կողմնակալ է, կառուցապատողի շահերն է ակնհայտ պաշտպանում»,-ասաց Հանրապետության նրբանցք, 8ա հասցեի սեփականատերը։
Տարածքի կառուցապատող «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ը դատի է տվել սեփականատիրոջը՝ պահանջելով դուրս գալ տարածքից։ Սաֆարյանի ներկայացմամբ․«Մենք պաշտոնական տվյալ ենք հայտնել, որ այս ընկերության գործունեությունը սահմանափակված է։ Ինչպե՞ս կարող է մեր գույքը ձեռք բերել»։
«Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ը, ըստ Սաֆարյանի, կադաստրային արժեքից չորս անգամ ցածր գին է առաջարկում սեփականատիրոջը։ Սաֆարյանի պատմելով՝ սեփականությունը մոտ 1000 քմ է, որից 770 քմ-ն՝ շինություններ։ Կառուցապատողը նրա շինությունների համար առաջարկում է ընդամենը 38 միլիոն դրամ, իսկ 1000 քմ տարածքի համար առաջարկում է 1 քմ-ի դիմաց ընդամենը 700-800 դոլար․«Այնքան ամուր շինություն է, սեյսմիկ եզրակացություն կա, որ կարող ենք նույնիսկ երկու հարկ ավելացնել»։
«Մեր սեփականության գնահատող փորձագետն ընտրվել է «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ի կողմից։ Դատարանում մենք միջնորդեցինք, որ երկրորդ անգամ գնահատվի մեր սեփականությունը ու ընտրվի մեր փորձագետը, որպեսզի երկկողմանի լինի, մի անգամ էլ մենք բերեինք փորձագետի։ «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ի ներկայացուցիչներն առարկեցին, իրենց փորձագետին առաջարկեցին։ Դատավորն ընդունեց ու փորձագետի ծախսերն էլ դրեց մեր վրա։ Այսինքն, մենք միջնորդում ենք, դատավորը հակառակ կողմի փորձագետին է ընտրում, ծախսերը դնում մեզ վրա»,-պատմեց Սաֆարյանը։
«Ինչ էլ լինի՝ մինչեւ վերջ պայքարելու եմ»,-ասաց սեփականատերը։
Հիշեցնենք, որ 33-րդ թաղամասը 2006 թվականից ճանաչվել է գերակա շահ, տարածքի կառուցապատող ընկերությունը «Սիթի սենթր դիվելոփմենթն» է, որ այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացրել, ընկերությունն արգելանքի տակ է, գործունեությունն էլ սահմանափակված է, ուստի տարածքում կառուցապատումն իրականացնում են «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ի սեփականատիրոջ ստեղծած տասից ավելի նոր ստեղծած ընկերությունները։ Բնակիչները պնդում են, իրենց տարածքում դեռ ոչինչ չկա կառուցված, սակայն բնակարանները հանվել են վաճառքի, գովազդվում են։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ