Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՊՀ-ի ձերբակալված ամբիոնի վարիչը գրավով ազատ է արձակվել․ ոստիկանությունն այլ մանրամասներ է ներկայացրել

Հունիս 12,2023 17:50

Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, որը հունիսի 7-ին ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածով, նախորդ օրը գրավով, ինչպես նաև երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար՝ նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

«Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:

Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ»,-գրված է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ տեղեկություններ հրապարակվեցին նաև ոստիկանության պաշտոնական կայքում, որտեղ գրված է․ «Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար, հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և, որպես կաշառք, ստացել է տարբեր չափի գումարներ:

Տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ համալսարանի չորրորդ կուրսի երկու ուսանողներ, կիսամյակի քննությունները դրական գնահատվելու համար, նրան տվել են 60-հազարական դրամ, մագիստրոսական թեզը պաշտպանելու նպատակով երեք ուսանողներ տվել են 170-հազարական դրամ, ևս 14 ուսանողներ դրական գնահատականի ակնկալիքով տվել են 20-հազարական դրամ:

Հունիսի 7-ին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930