Լրահոս
Օրվա լրահոսը

Կցանկանայի գործընկերության կոչ անել մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան: Մենք պետք է միավորենք ջանքերը. Արշակյան

Հունիս 12,2023 17:36

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով, հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտներում: Այս համատեքստում նա խոսել է միջազգային գիտական համագործակցության կարեւորության մասին` արձանագրելով` անհնար է հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ունենալ առանց միջազգային գործընկերների աջակցության ու ոլորտային փոխգործակցված աշխատանքի:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է, որի որոշակի մասը հատկացվում է միջազգային ոլորտային կապերի հաստատմանն ու ընդլայնմանը: Այս առումով նա կարեւորել է հայկական գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին եւ ընդգծել, հատկապես, Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում: Նրա խոսքով հայկական կազմակերպություններից շատերի համագործակցությունը նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ուղղություններով է:

«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետեւ ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին, ԻԿՐԱՆԵՏ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նարեկ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, մասնակցում են ավելի քան 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացվեն ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կբարձրաձայնվեն լայնամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930