Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ժողովրդի կողմից վճռական խոսք ասելուց հետո արտաքին աշխարհը հաշվի կնստի մեր պահանջների ու օրակարգի հետ»․ Աբրահամ Գասպարյան

Հունիս 12,2023 17:00

«Իրավական մեխանիզմը գործի, թե չգործի, մենք մեր պայքարը չենք դադարեցնելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով ԿԸՀ ներկայացրած դիմումին։ 

«Մենք պատնեշի վրա ենք ոչ թե այսօր կամ երեկ, այլ հակաիրավական եւ, մասնավորապես, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի ոտնահարման բոլոր հանգրվաններում անցած 5 տարիների ընթացքում պայքարել ենք, շարունակում ենք պայքարել, չենք հուսահատվում ու վհատվում, տանելու ենք մինչեւ վերջ։ Ասել, որ գործող իշխանությունը ջանք է գործադրելու կամ ջանասիրաբար է մոտենալու այս նախաձեռնությանը, կլինի մանկամտություն, բայց մենք էլ մանուկներ չենք, մենք շատ լավ հասկանում ենք, թե այս փաստաթղթերի տրցակում ինչ հիմնավորումներ ենք դրել եւ բերել ԿԸՀ։ Առաջնորդվում ենք բացառապես իրավական կարգերով, օրենքը ինչ թույլ է տալիս, անում ենք»,- ասաց նա։

Աբրահամ Գասպարյանը հավելեց, որ հավատում են Արցախի հայկականությանը եւ հավատում են, որ այս պայքարն ունենալու է հաջողություն։ Ըստ նրա՝ արտաքին ուժերը սովորաբար կոնսենսուս կայացնում են՝ հաշվի առնելով երկրի ներսում տեղի ունեցող կոնսենսուսը։ «Հիմա այդ կոնսենսուսը երկրի ներսում չկա, եւ միջազգային այն դրությունը, որն ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելության հարցի վերաբերյալ, տարածաշրջանում կոմունիկացիոն հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այդ բոլորն, իհարկե, պետք է հաշվի առնել, ի գիտություն ընդունել, բայց ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունը երկրի ներսում չունի լեգիտիմություն։ Մեր ժողովուրդը ոտքի կանգնելու է, ես վստահ եմ։ Եվ ոչ լեգիտիմ այս իշխանությանը հեռացնելով՝ ազգային օրակարգն է բերելու արտաքին քաղաքական օրակարգ։ Շատ մեծ աշխատանք կա տանելու,որովհետեւ դաշնակիցների քարտեզն ամբողջությամբ փչացել է, եւ այդ քարտեզը նորից ձեւավորելու շանսեր կան։ Ես չեմ տեսնում նույնիսկ փոքր հնարավորություն, որ արտաքին խաղացողները գոհ են այս ստեղծված իրավիճակից։ Այնպես չէ, որ կոնսենսուսը նշանակում է դրական ելք։ Կա կոնսենսուս՝ պայմանավորված տարբեր գործոններով, բայց եւ Հայաստանի ժողովրդի կողմից ազգային, պետության անվտանգության հարցերի վերաբերյալ իր վճռական խոսքն ասելուց հետո արտաքին աշխարհը ոչ միայն պարտավոր է, այլեւ հաշվի կնստի մեր պահանջների ու օրակարգի հետ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930