Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի ստորագրությունը բացարձակ անօրինական է, այդ անձնավորությունը չունի իրավունք՝ ստորագրելու Արցախի մասին փաստաթուղթ»․ Լարիսա Ալավերդյան

Հունիս 12,2023 15:53

«Այս գործընթացը պահանջում է ժողովրդի համախմբումը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումին։

«Այն, որ ՔՊ-ականները, լինելով մեծամասնություն, կարող են մերժել դիմումը, ոչ մեկի համար զարմանալի չէ։ Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացի ընթացքում երկու բան է տեղի ունենում։ Առաջինը՝ ժողովուրդը՝ այն 82 տոկոսը, որ ասում են՝ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ամեն մի մարդ պատասխանատվություն է իր վրա վերցնում այն գործընթացների համար, որոնք այսօր արվում են՝ ի հակառակ ժողովրդի կամքի։ Երկրորդ, դիմումը մերժելն ինքը շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ դա նշանակում է, որ այս իշխանություններն այլեւս չեն թաքցնում, թե ինչի համար են եկել։ Ես 2018 թվականից պնդում էի, որ իրենք եկել են ոչ թե չունենալով ծրագիր, այլ շատ պարզ ծրագրով են եկել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ասացի՝ միակ բանը, որն իրենց մոտ չի ստացվել մինչ այսօր, դա միանգամից Արցախը բռնակցելն է Ադրբեջանին։ Հիմա իրենք դա անում են մի քանի քայլով»,- ասաց նա։

Եթե «Հայաքվեի» դիմումը ԿԸՀ-ն մերժի, ըստ Լարիսա Ալավերդյանի, բողոքարկելու մեխանիզմ կա։ «Բողոքարկելու ժամանակ մենք արդեն ոչ թե ժողովրդի համախմբումն ենք ակնկալում, այլեւ դատական իշխանության երեսը պարզելու կամ ամբողջովին իրեն տապալելու հարցն է առաջ գալիս։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա, ենթադրենք, թե իրենք ստորագրել են եւ օրենքն էլ ընդունել են, եւ ի՞նչ։ Ես կարծում եմ՝ սա է ամենամեծ հետաքրքրությունը։ Մենք պետք է դրանով փաստենք, որ այդ օրենքի շրջանակներում այդպիսի ստորագրությունն առոչինչ է այն առումով, որ այդպես ստորագրված փաստաթղթերը չեն կարող ունենալ իրավական կամ իրավաբանական հետեւանքներ։ Դա խնդիր է, որը մենք չենք լուծել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրությամբ։ Այն, որ այդ ստորագրությունը բացարձակապես օրինական չէ, կարծես թե գիտեն բոլորը։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ անձնավորությունը չունի սուվերենություն եւ իրավունք՝ ստորագրելու մի փաստաթուղթ այն հողերի մասին, որի վրա Հայաստանը չունի ինքնիշխանություն։ Մենք պետք է ենթադրենք, որ ստորագրելով՝ ինքը Հայաստանին ճանաչում է որպես օկուպանտ կամ ագրեսոր»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930