Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի շրջափակումը վերացնելու իրավական մեխանիզմներից մեկը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունմանը հասնելն է»․ Ձյունիկ Աղաջանյան

Հունիս 12,2023 15:33

Կարեւոր է, որ իշխանությունների գործողությունների դեմ հանրության մոբիլիզացիա լինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնության նախաձեռնող խումբը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, ըստ որի՝ համայնքներում ստորագրահավաք պետք է անցկացվի, որի հիման վրա օրենսդրական նախաձեռնություն պետք է ներկայացվի Ազգային ժողով: «Ակնկալիքներն ու սպասումներն այնքանով կարող են արդարացված լինել, որքանով հանրությունը մասնակից կդառնա գործընթացին։ Խիստ էական է այս գործընթացի շրջանակներում հանրության իրազեկման եւ մոբիլիզացիայի հասնելու հարցը։ Մեր հանրության 90 տոկոսից ավելին միանշանակ դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելուն։ Եվ սա մի գործիք է, որով հանրային կարծիքը կարող է արձանագրված ձեւով կանխարգելիչ դառնալ իշխանությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Որքան արագ մեր համաքաղաքացիները մասնակից դառնան եւ իրենց ստորագրությունները դնեն այս նախաձեռնության տակ, այնքան արագ մենք կկարողանանք կասեցնել այդ պարտվողական ու հանձնվողական քաղաքականության իրականացմանը, որին այսօր իշխանությունները ձեռնամուխ են եղել»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը։

Նա նշեց, որ արցախահայության շրջափակումը վերացնելու իրավական մեխանիզմներից մեկը կարող է լինել իշխանությունների կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի հարցի բարձրացումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ բանաձեւի ընդունմանը հասնելը, որը պարտադիր է անդամ պետությունների համար։ «Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր իշխանություններն այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկում։ Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, դրանք ավելի քաղաքական բնույթ են կրում։ Եվ այս առումով մեր հանրության հիմնական խնդիրն այս պահին պետք է լինի աջակցել Արցախի բնակչությանը հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի նախ նրանց կենսապայմանները շատ չվատթարանան եւ երկրորդը, նրանց ձայնը պետք է լսելի դարձնել թե Հայաստանի շրջանակներում, թե արտերկրում, որպեսզի Ադրբեջանին ստիպեն կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»,- հավելեց նա։

Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ ԱԳՆ-ում կան բավական պրոֆեսիոնալ կադրեր, նաեւ կան միջազգային իրավունքի լավ մասնագետներ, որոնք կարող էին այդ հարցում օգտակար լինել։ «Այստեղ խնդիրը տրամադրվածության եւ քաղաքական կամքի ոչ միայն բացակայության, այլեւ դրան հակառակ գործողությունների իրականացման մեջ է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930