Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նշանակում է Սյունիքը, Վայոց ձորը դարձնել անկլավ»․ Էդգար Ղազարյան

Հունիս 12,2023 14:50

«Սա հաստատում է 2018 թվականի հեղափոխության ադրբեջանաթուրքական բնույթը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, թե հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով վերահսկողությունը պետք է իրականացնեն բացառապես հայ սահմանապահները:

Էդգար Ղազարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ըստ Էդգար Ղազարյանի՝ ռուսներին այստեղից հանելու իմաստը միջանկյալ է․ գլխավոր խնդիրը ՀՀ-ի՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օկուպացված լինելն է․ «Ռուսները պարզապես արգելք են այդ խնդրի լուծման ճանապարհին։ Ռուս խաղաղապահների ժամկետը հինգ տարով է, որը ավտոմատ կերպով պետք է երկարացվի, եթե կողմերից մեկը դեմ չի արտահայտվում։ Անհանգստություն ունեն, որ մինչև 2025 թվականը ՀՀ-ում տեղի կունենա իշխանափոխություն, ու եթե իշխանության ղեկին լինի հայասեր մարդ, բնականաբար, հարց է բարձրացնելու ՌԴ նախագահի առաջ, որ ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվի։ Ադրբեջանն ասել է, որ դրա կարիքը չի տեսնում։ Դրա համար թիրախում հայտնվեցին ռուս խաղաղապահ զորախումբը, նաև դժգոհություն եղավ ՀԱՊԿ-ից»։

Էդգար Ղազարյանը մտահոգություն հայտնեց, քանի որ Ադրբեջանը ԼՂ օկուպացված տարածքներում զորավարժություններ է սկսել, բունկերներ է փորել հայկական բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում։ Ի հակադրություն՝ ասաց․ «ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել է, որով կանայք պիտի գնան զինծառայության՝ ֆեն անեն, եղունգները քսեն, մակիյաժ անեն, գնան զինծառայության»։

Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանն, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ալիևից լսե՞լ է որևէ մեկը, որ նա ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, մինչդեռ ունի տարածքային հավակնություններ։ Իսկ ՀՀ-ում կազմաքանդում են ՀՀ զինված ուժերը, ռազմաբազան էլ դուրս է բերվում, որ Ալիևին իր ցանկությունները հանգիստ իրագործի։ Էրդողանն էլ վերընտրվելուց հետո առաջին անգամ այցելելու է Բաքու։ Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանին հրավիրելո՞ւ են»։

Էդգար Ղազարյանը անկլավների թեման վտանգավոր է համարում։  Նրա վստահեցմամբ՝ Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նշանակում է Սյունիքը, Վայոց ձորը դարձնել անկլավ․ «Այսինքն՝ մի փոքր հողակտոր Ադրբեջանին տալով՝ քո երկիրը դարձնում ես տեղով անկլավ։ Անկլավ կոչվածները որտե՞ղ են տեղակայված՝ միջպետական ճանապարհների վրա։ Տիգրանաշենը գտնվում է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին, Տավուշի անկլավները գտնվում են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա։ Նրանց նպատակը ոչ թե ադրբեջանցիների՝ այնտեղ ապրելն է, այլ Հայաստանի՝ աշխարհի հետ կապը կտրելը․ երկիրն անկլավի վերածելը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930