Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը»․ «Հայաքվեն» դիմում ներկայացրեց ԿԸՀ

Հունիս 12,2023 15:18

 «Հայաքվե» նախաձեռնության նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, ըստ որի՝ համայնքներում ստորագրահավաք պետք է անցկացվի, որի հիման վրա օրենսդրական նախաձեռնություն պետք է ներկայացվի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ օրենքով արգելելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և արգելել հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից։

«Հանրաքվեի մասին օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով։ Հիմա մենք եկել ենք այդ դիմումը ներկայացնելու ԿԸՀ։ Դիմումը ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից եւ վավերացված է նոտարական կարգով։ Երկրորդ, դա բուն օրենքի նախագիծն է եւ հիմնավորումները, երրորդը՝ նախաձեռնող խմբի անդամների փաստաթղթերն են։ Այսինքն՝ սա բավական մեծ փաթեթ է, այդ փաթեթն այսօր պատրաստ է, եւ մենք եկել ենք, որպեսզի դա պաշտոնապես ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ դրանով պաշտոնական մեկնարկ տանք «Հայաքվեին»։ Օրենքը նախատեսում է, որ ԿԸՀ-ն 10 օրում պետք է պատասխան տա։ Եթե պատասխանը դրական լինի, մենք պետք է փաստաթղթերում ճշգրտում մտցնենք։ Իսկ եթե տեսնենք, որ փաստաթղթերում ոչ մի սխալ չկա, արհեստական է այդ մերժումը, այդ դեպքում կդիմենք Վարչական դատարան»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

Եթե ԿԸՀ-ն դրական պատասխան տա, ապա, ըստ Չալաբյանի, ստորագրահավաքը կսկսվի 10 օրից։ Հարցին, թե որտե՞ղ կարող է տեղի ունենալ ստորագրահավաքը, Չալաբյանը պատասխանեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների եւ նոտարական գրասենյակների տարածքում։ «Ինչպես նաեւ, ստորագրողները, եթե ունեն անհատական էլեկտրոնային ստորագրություն, կարող են մասնակցել ստորագրահավաքին»,- ասաց նա։

Չալաբյանը միաժամանակ նշեց, որ հնարավոր է մարզպետարանները, համայնքապետարանները խոչընդոտեն ստորագրահավաքին։ Բայց իրենք չեն վախենում այդ խոչընդոտներից, դրանք հաղթահարելու լավագույն միջոցն այս նախաձեռնության համաժողովրդական բնույթն է։ «Ինչքան շատ մարդ դրան մասնակցի, ինչքան շատ մարդ համայնքապետարաններում ու մարզպետարաններում շուրջօրյա հերթապահություն ապահովի, ինչքան շատ լուսաբանվի գործընթացը, այնքան ավելի մեծ հավանականությամբ մենք այս գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցնենք»,- ասաց նա։

Հարցին, թե այս գործընթացը կկասեցնի՞ իշխանությունների ծրագրած քայլերը, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ առանձին վերցված որեւէ գործողություն կարող է մեր պատմության ընթացքը փոխել։ Մենք համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախումբ՝ եւ ռազմական, եւ քաղաքական, եւ քաղաքացիական անհնազանդության ոլորտում։ Նաեւ Արցախի բնակչության կողմից վճռականություն ցուցադրելու եւ դիմադրելու գործողություններ պետք է լինեն։ Այսօր, գալով այստեղ եւ ներկայացնելով այս դիմումը, մենք բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է իրականացնի, որպեսզի կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բայց դա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել։ Այս գործողությունն իրականացվում է սահմանադրական դաշտում, բացարձակ ժողովրդավարական դաշտում։ Սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբեւիցե չի կիրառվել։ Մենք ուզում ենք ապացուցել եւ մեր բնակչությանը, եւ այսօրվա գործող ու արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանություններին ու նրանց արտասահմանյան հովանավորներին, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը։ Եվ այդ չաջակցելը ոչ թե պարզապես խոսակցության մակարդակով է, սոցիալական հարցումների մակարդակով է, այլ վճռական «ոչ»-ի տեսքով է։ Մարդիկ գալիս են ու բաց ստորագրությամբ իրենց բողոքն են արտահայտում»,- հավելեց Չալաբյանը։

Հարցին, թե Արցախից ինչպիսի՞ արձագանքներ կան այս նախաձեռնությանը, նա պատասխանեց, որ արձագանքները շատ լավ են։ «Կա Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ, իրենց հետ ունենք համագործակցության հուշագիր, եւ, բնականաբար, իրենք համարում են, որ սա կարեւորագույն նախաձեռնություններից մեկն է, որով Հայաստանի բնակչությունը կարող է իր վճռական խոսքն ասել Արցախի հայկակականությունը պահպանելու համար»,- նշեց նա։

Չալաբյանը հավելեց․ «Ես բացառում եմ, որ իշխանությունը հաղթի, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը: Դուք ո՞նց եք պատկերացնում, իշխանությունը ո՞նց կարող բերել մարդկանց եւ նրանց ստիպել քվեարկել Արցախի հանձնման օգտին: Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար, ես դա բացառում եմ: Մենք պետք է հանրաքվեն օգտագործենք, որ դելեգիտիմացնենք Արցախի հանձնումը»։

Նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ ներկայացրեց Քրեական օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունները։ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի՝ 420․1 նոր հոդված է լրացվում։ Եվ 420․2 նոր հոդված, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն մերժելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը։ Սա նախագիծն է, որը բավական մեծ հիմնավորվմամբ է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930