2023 թվականի հունիսի 5-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 52 հաղորդում, որից 42-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 41-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 5 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպքից 5-ը, խարդախության`2, համակարգչային հանցագործության 1 դեպք և նախկինում կատարված 2 հանցագործություն։
Կարդացեք նաև
ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:
Հունիսի 8-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից արձակված կրակոցներից վնասվել են Սարուշեն գյուղի բնակչի տան պատերը: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Յոթ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 232 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 7 պատահար, որից 4-ը` նյութական, 3-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 55 վարորդ, 41-ը եղել է անսթափ վիճակում, 36 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Բացահայտումների մեծ մասն արձանագրվել է ոստիկանության պետի հրամանով իրականացված հատուկ միջոցառումների ընթացքում։
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն` կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն