Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա զիլ ձայնը հնչում է արդեն կես դար. Գայանե Հովհաննիսյանը տոնեց ծննդյան 70-ամյակը

Հունիս 12,2023 10:50

Օրերս «Ազնավուր» քոլեջի դասախոս, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը տոնեց ծննդյան 70-ամյակը։ Լեգենդար երգչուհու հոբելյանական ցերեկույթը տեղի ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, որին ներկա էին նրա ընկերներն ու գործընկերները։


Հոբելյանական ցերեկույթն ազդարարվեց «Ազնավուր» քոլեջի ստեղծագործական թիմի աշխատանքի շնորհիվ ստեղծված ֆիլմով, որը պատմեց կյանքով լեցուն երգչուհի Գայանե Հովհաննիսյանի անցած ուղու ու ստեղծագործական գործունեության հարուստ կյանքի մասին։ Իսկ օրվա հոբելյարն ու ներկաները ֆիլմի միջոցով տեղափոխվեցին անցյալ։

Օրվա հերոսուհին հիշեց Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում ունեցած անմոռանալի տարիները, համերգներն ու շրջագայություններն՝ ամբողջ աշխարհում։ Ապա՝ այդ շրջագայությունների ընթացքում արդեն անբաժան դարձած զավեշտալի դեպքերը։ Նաև հուզվեց, երբ անդրադարձ եղավ կյանքից անժամանակ հեռացած ամուսնուն՝ լեգենդար երաժիշտ-դաշնակահար Թոմաս Մադաթովին։

Սակայն, ֆիլմին հաջորդած երաժշտական ելույթները նրան կրկին վերադարձրին իրականություն՝ 2023 թվական, քանի որ բեմում իրենց վարպետին շնորհավորելու էին եկել «Ազնավուր» քոլեջի ու Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայի սաները։


Երաժշտական կատարումներով շնորհավորելու էին եկել նաև հոբելյարի ընկերները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նառան, Շուշան Պետրոսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Սյուզան Մարգարյանը, որոնք առանձնահատուկ դրական դրվագներով էին մտաբերում Գայանե Հովհաննիսյանի հետ անցկացրած օրերը՝ ծանոթությունից մինչև այսօր։ Ու բոլորը միաբերան փաստեցին, որ չնայած կյանքի դժվարություններին Գայանե Հովհաննիսյանն այսօր էլ իր կենսախինդ էությամբ լի է 25 տարեկանի արտասովոր էներգիայով։

Օրինակ, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նառան մտաբերեց, որ Գայանե Հովհաննիսյանին ճանաչում է 1989 թվականից. «Օրբելյանի հետ նվագախմբով եկել էին Հալեպ՝ համերգային շրջագայության։ Համերգից հետո Գայանե Հովհաննիսյանը մոտեցավ ինձ ու հարցրեց, թե կցանկանա՞մ աշխատել Կոնստանտին Օրբելյանի մոտ: Եկանք Երևան ու Գայանեի միջնորդությամբ, որպես մեներգչուհի, սկսեցի աշխատել Օրբելյանի ղեկավարած նվագախմբում: Նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկն ինձ նեղացնի»,- շեշտեց Նառան ու անկեղծացավ. «Տեսակով Գայանեն ուժեղ մարդ է, ես՝ նույնպես, և մենք հաճախ էինք վիճում, բայց սիրում էինք միմյանց»,- ժպիտով մտաբերեց Նառան։

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանն էլ երաժշտական ելույթից առաջ մտաբերեց մի քանի զավեշտալի դեպքեր, ապա հավելեց․ «Գայանե Հովհաննիսյանի հետ ավելի քան 40 տարվա ջերմ ու անբաժան ընկերներ ենք, ապրել ենք մեկս մյուսի թե՛ ուրախությամբ, թե՛ տխրությամբ, անչափ ուրախացել ենք մեր զավակներով: Մեր կյանքը և՛ նման է եղել, և՛ տարբեր: «Սերպանտին»-ի տարիներից աշխատել ենք միասին, շրջագայել ենք: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան արկածներ են եղել, որոնց մասին հաճախ հիշում ու լիաթոք ծիծաղում ենք»,- մտաբերեց Սյուզան Մարգարյանը։

Իսկ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռադիկ Գաբրիելյանն էլ անկեղծացավ, որ Օրբելյանի նվագախմբում ինքն ամենաչարաճճին է եղել ու այդ տարիներին մի լավ «կերել» է Գայանե Հովհաննիսյանի կյանքը։

Էլ ինչ հոբելյան առանց անակնկալների ու նվերների։ Հոբելյանական ցերեկույթի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից լեգենդար երգչուհին ծննդյան 70-ամյակի և երաժշտարվեստում ունեցած ավանդի համար արժանացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալի։ Իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության անունից ստացավ Պատվոգիր։

Երաժշտարվեստում ներդրած երկարամյա ավանդի, մատաղ սերնդի դաստիարակման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ տոնական ցերեկույթի ավարտին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը Գայանե Հովհաննիսյանին արժանացրեց «Ազնավուր» քոլեջի պատվոգրի և կրծքանշանի։

Ապա, Վրեժ Կիրակոսյանը հայտարարեց, որ հոբելյարի հետ միասին իրենք էլ անակնկալ ունեն հանդիսատեսի համար ու միասին կատարեցին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Շնորհակալ եմ քեզ» ստեղծագործությունը։ Կատարման ավարտին հանդիսատեսը «բիս» պահանջեց, որը կատարելուց առաջ «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը դիմելով հուզված Գայանե Հովհաննիսյանին՝ ասաց. «Գայ, դու պիտի երկար ապրես…»։

«Մտովի լավ ելույթ էի նախապատրաստել, բայց հիմա այնքան հուզված եմ, որ ամեն ինչ մոռացա»,- իր հոբելյանական ցերեկույթի ավարտին՝ ասաց Գայանե Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց բոլորին։ Սակայն, հուզմունքից կոկորդը սեղմող արցունքներն աչքերին ափսոսանք հայտնեց, որ ամուսինն այս պահին իր կողքին չէ։ Ապա ինքն իրեն շտկելով՝ վրա բերեց. «Համոզված եմ՝ նա հիմա վերևից նայում ու ուրախանում է»։

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930