Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքուն շարժվում է իր հորինած քարտեզներով, որտեղ Թբիլիսին, Երեւանը, Նախիջեւանը, Արցախը, Սյունիքը, Սեւանի ավազանը, Թավրիզը Ադրբեջանի մի մասն են». Գրիգորի Այվազյան

Հունիս 12,2023 13:00

«Խաղաղության պայմանագիր» կնքելը կլինի ինքնասպանության մասին պայմանագիր. «Առավոտի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ ներառյալ Արցախը, բայց Ադրբեջանի իշխանությունների կողմից չկան Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

-Նախ պետք է նշենք, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն չի ճանաչել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, պետք է հիշեցնեմ, որ հենց Ադրբեջանն ինքը չի ճանաչում այդ սահմանները։ Այսպես կոչված «անկլավները» Ադրբեջանի մաս ճանաչելու համար իրավական ու պատմական հիմքեր չկան, քանի որ ինքը՝ Ադրբեջանը, չի ճանաչում դա։ Ճանաչել այդ սահմանները եւ հղում անել այսպես կոչված «խաղաղության պայմանագրին», դա էլ սխալ քաղաքականություն է, որովհետեւ կարող է լինել հարաբերությունների կարգավորման պայմանագիր, բայց ոչ մի դեպքում՝ «խաղաղության պայմանագիր», որովհետեւ դա կարող է զուգորդվել այսպես կոչված ռեպարացիաներով։ Ոչ մի դեպքում չի կարելի դա կոչել «խաղաղության պայմանագիր», չէ՞ որ մենք պատերազմ չենք հայտարարել Ադրբեջանին, ոչ էլ Ադրբեջանն է Հայաստանին պատերազմ հայտարարել։ Դու պատերազմ հայտարարե՞լ ես Ադրբեջանին, որ հիմա էլ խաղաղություն ես կնքում։ Իզուր չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմն անվանում են «հատուկ ռազմական գործողություններ», չեն կոչում պատերազմ, որովհետեւ պատերազմը նաեւ խաղաղության պայմանագիր է թելադրում, իսկ դա իրավական ու քաղաքական հետեւանքներ է իր հետ բերում։ «Խաղաղության պայմանագիր» կնքելը կլինի ինքնասպանության մասին պայմանագիր։ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամ ասել են, որ Արցախի ժողովրդի անունից իրավունք չունեն բանակցելու, ապա ինչպե՞ս են ճանաչում Արցախն՝ Ադրբեջանի մաս։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն 1975 թվականի խորհրդային քարտեզների հիման վրա, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պայմանավորվածություն չկա կոնկրետ քարտեզների շուրջ։ Նախ, ի՞նչ ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար 1975 թվականի քարտեզի հիման վրա գործընթացի իրականացումը, եւ ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում նաեւ այս քարտեզից, ի՞նչ նպատակ ունեն նրանք։

– Բաքուն շարժվում է իր հորինած քարտեզներով, որտեղ Թբիլիսին, Երեւանը, Նախիջեւանը, Արցախը, Սյունիքը, Սեւանի ավազանը, Թավրիզը Ադրբեջանի մի մասն են։ Իրականում դա ուղղակի հեքիաթ ու հորինվածք է։ Իլհամ Ալիեւի երազանքն է, որը ոչ պատմական, ոչ իրավական հենք չունի։ Ինչ վերաբերում է 1975 թվականի քարտեզին, այնքան էլ ճիշտ չէ շեշտել դա, քանի որ այդ քարտեզը կարելի է գտնել նաեւ ինտերնետում։ Դրանք գաղտնի քարտեզներ չեն, ինտերնետում փնտրելով՝ հնարավոր է գտնել այդ քարտեզը, եւ ի՞նչ։ Հայկական կողմը պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականության սկզբունքը, չհենվի ինչ-որ քարտեզների վրա։ Ընդ որում, ընդգծեմ, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերն անվավեր են, նաեւ Ադրբեջանը չի ճանաչում, որ դրանք իրավական են։ Ինչի՞ հետեւից ենք ընկել, ինչո՞ւ ենք մենք ճանաչում այդ սահմանները։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քկմ տարածքով՝ Արցախը ներառյալ, այն պայմաններում, երբ Ադրբեջանը վեճ ունի նաեւ Ռուսաստանի, Իրանի հետ։ Դրա մասին չպե՞տք է մտածենք։ Հիմա, եթե վաղը Իրանն ու Ադրբեջանը խնդիր ունենան, մե՞նք ենք գնալու այդ 86.6 հազար քկմ-ի պաշտպանը կանգնելու։ Վրաստանի հետ բարեկամական երկիր ենք, բայց 30 տարի չենք կարողանում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացել։ Այդ պարագայում Ադրբեջանի հետ ինչպե՞ս կարող ենք մի քանի օրվա ընթացքում այդպիսի աշխատանք իրականացնել։

Եթե մենք լսենք Իլհամ Ալիեւին, նա բազմիցս շեշտել է, որ «պատմական ադրբեջանական հողեր» են նաեւ Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերը, Երեւանի որոշ շրջանները։ Հիմա մենք ի՞նչ պետք է անենք։ Իրենք վերակենդանացրել են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարությունը եւ պնդում են, որ այսպես կոչված ադրբեջանցիները պետք է գան Հայաստան։ Չհասկացա, բա նախկինում Ադրբեջանում ապրած հայերի մասին ո՞վ է խոսում, այդ մարդիկ կայի՞ն, թե՞ ոչ։ Հյուսիսային Արցախը, Գարդմանքը, Բաքվի, Սումգայիթի շրջանները հայաբնակ էին, այդ մասին ո՞վ է խոսում։ Այսօր ասում են՝ ադրբեջանցիներն այստեղ ապրում էին, ի՞նչ է դա նշանակում։ Այսօր՝ Արցախը, վաղը՝ Սյունիքը, հետո՝ Երեւա՞նը։ Երեւանում ադրբեջանցիներ ապրում էին, բայց չէ՞ որ Բաքվում ավելի շատ հայեր էին ապրում, ո՞վ պետք է այդ մասին բարձրաձայնի։

-Այսինքն՝ պետական մակարդակո՞վ պետք է այդ հարցը բարձրացվի։ Նաեւ այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են առանց բռնության, իրենց կամքով՝ իրենց ունեցվածքը տանելով, իսկ Բաքվում ու Սումգայիթիում հայերի ջարդ է եղել, մարդիկ տեղահանվել են իրենց տներից։

-Այո, բայց այստեղ ուզում եմ ձեւակերպումը ճշգրտել՝ ոչ թե հայերը ջարդերով են տեղահանվել, այլ ցեղասպանական գործողություններով։ Ադրբեջանից եւ մեծամասամբ հայկական բնակավայրերի տարածքից դուրս մղված հայության հարցը ո՞վ պետք է բարձրաձայնի։ Ստացվում է՝ ո՞րբ են այդ մարդիկ։ Ալիեւն ասաց՝ ուզեք թե չուզեք, թուրքերը պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրեր։ Եվ ասաց, որ եթե դուք չեք տալու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», մենք ուժով ենք բացելու։ Նա չի հոգնում այդ մասին կրկնել, եւ դա ազգային անվտանգության հարց է։ Կեղծում են մեր երկրի պատմությունը, եկեղեցիները Արցախում՝ ներկայացնելով աղվանական եւ ուդիական։ ԳԱԱ Ազգագրության ու հնագիտության ինստիտուտը իմ հեղինակմամբ գիրք է հրապարակել՝ «Ուդիներ. պատմա-ազգագրական ակնարկ» վերնագրով։ Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ ձեւով պետք է դիմադրի ադրբեջանական քարոզչությանը։ Յուրաքանչյուրն իր տեղում կարող է իր պատերազմը մղել ընդդեմ ադրբեջանական կեղծարարության։

-Հայաստանի իշխանությունների այս զիջողական քաղաքականությունն ի՞նչ հետեւանքներ է ունենում Հայաստանի ու Արցախի համար։

-Սա մեր սահմանադրական կարգի տապալման քաղաքականություն է։ Մեր Սահմանադրության մեջ հիշատակվում է Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ նշված է, թե ինչն ինչոց է։ Երբ մեր որոշ քաղաքական գործիչներ ասում են՝ եթե պետք է լինի, Սահմանադրությունն էլ կփոխենք, դա սահմանադրական կարգի տապալման փորձ կլինի։ Մեր Սահմանադրությունը հենվում է Անկախության հռչակագրի վրա, իսկ Անկախության հռչակագրի մեջ հստակ մատնանշված է Արցախի հետ կապված դրույթը, նաեւ՝ Ցեղասպանության վերաբերյալ դրույթը։ Վերջերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, որ Ցեղասպանության հարցն ավելի շատ բարոյականության հարց է, քան իրական գործողությունների հարց, որ մենք այնքան էլ նպատակասլաց չենք լինի այդ հարցում։ Սա ի՞նչ է նշանակում։

Բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալը՝ ես չեմ կասկածում, որ ճշմարտությունը մեր կողմից է, եւ հաղթանակն անպայման մերը կլինի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930