Լրահոս
Օրվա լրահոսը

Դա մի յուրատեսակ համարձակ անդրադարձ էր դեպի անհիմն բռնադատված անցյալ

Հունիս 12,2023 12:30

ԺԱՅՌԵՂԵՆ ՍԵՐԻԿԸ

Անկարելի է չհուզվել, չապրել արվեստագետ Սերիկ Դավթյանի հիշողություններից: Նա ապրել է տառապանքի իմաստնացող խորությունը: Սերիկի հուշերը կաթիլ առ կաթիլ են հավաքվել ու մի օր հորդացող գետի նման հեղվել թղթին. դա մի յուրատեսակհամարձակ անդրադարձ էր դեպի անհիմն բռնադատված անցյալ: Հարցազրույցներից մեկում խոստովանում է. «Հիշելու շատ բան ունեմ»: Հաճախ եմ վերընթերցում ինձ հարազատ այս կնոջ ձեռագիր հուշերը: Նրա կյանքը մեծ դաս է, որը սովորեցնում է չարին դիմակայել, բարուն՝ բարով հատուցել, կյանքում միշտ մարդ մնալ, ինչ սրիկա էլ դիմացդ լինի, ինչ չարագործություն էլ քո հանդեպ գործած լինեն: Համառորեն, մարդու հանդեպ հավատքի մեծ ուժով՝ նա հաղթահարեց կյանքի դժվարությունը: Սերիկը մտածել է տալիս մարդկային չարիքի մասին, որ մարդը չի դադարում գործել մարդու հանդեպ…

Հատկապես մագադանյան 1939-46թթ. աքսորի անողոք օրերի մասին հուշերից վեր է հառնում Սերիկի կյանքի ողբերգականությունը եւ միաժամանակ նրա լուսեղեն, անարատ, վեհ եւ տոկուն կերպարը: Անմարդկային պայմաններում նա մնում է մարդ, շարունակում լինել կարեկից, մարդասեր, հոգատար եւ առաքինի հայուհի: Հատկապես առաջացած տարիքում ես Սերիկին միշտ նմանեցնում եմ կանգուն եւ անխորտակ ժայռի, որից հորդում է ուժ, ամրություն եւ կյանքի հանդեպ լավատեսական ներշնչանք: Հոգին ուրույն աշխարհով այս կինը, իր մտքերով, հիշողություններով ավելի է բացում իր ներաշխարհի խորհուրդը, կյանքի ճշմարտությունը խտացնում ու վերածում լույսի անսպառ աղբյուրի…

***

Կարդացեք նաև
Խղճի պարտք…

Ես կոշիկներով եմ եւ շատ մրսում եմ: Մեր գործարանի լագերի բուֆետում է աշխատում հայ դերասանուհի Մ.Ջ.-ն: Նա մտերմացել է բանդիտ, քրեական վարորդների հետ: Նա ինձ ասում է, որ ինձ համար վալենկաներ կճարի: Ծանոթացնում է մի քրեականի հետ, որ նա գնի: Նրա քմծիծաղ ժպիտը չեմ հասկանում: Մ.Ջ.-ն լագեր է գալիս մեզ հետ, նա էլ մեր լագերից է, բայց ապրում է քրեականների հետ, տաք, լավ բարաքում,նրա հոդվածը՝ հԿն (հասարակության վտանգավոր տարր): Նրա ծանոթ մարդը բուֆետում է: Մ.-ն ինձ է մեկնում մի կապոց.

– Ի՞նչ է, – հարցնում եմ:

– Կարագ, շաքար…

– Որքա՞ն պետք է վճարեմ:

Մ.Ջ.-ն ծիծաղում է:

– Ի՜նչ միամիտն ես: Ոչ մի փող, դու նրան դուր ես եկել, սա քեզ կպահի, շատ փող ունի:

– Լսի՛ր, մենք խոսեցինք վալենկաների մասին, ինչո՞ւ չի առել: Կարագ, շաքար ես նրանից չե՛մ խնդրել: Հետո, դու ինչպե՞ս ես կարողանում ինձ այդպիսի կեղտոտ առաջարկներ անել:

– Ի՞նչ կա որ: Մոռացի՛ր քո Լուսժողկոմատը: Այստեղ մեր կյանքը կախված է բանդիտներից, որոնք մեզ կպահեն: Քո ժողկոմներից էլ ուժեղ տղամարդիկ են:

Ես անպատվելով հեռանում եմ: Բայց նա գալիս է մեզ հետ: Մեր լագերի պահեստում դժվարությամբ ջոկում եմ մի զույգ վալենկաներ, բոլորը շատ մեծ են:

Մինչ այդ, երբ կոշիկներով էի, մորթիներ նվեր ստացա: Մեր կարի ցեխը մտնելու համար անցնում էինք մի մեծ սրահով, որի ծայրին, ցեխի դռան մոտ, նստած էր մի բանտարկյալ, որը մորթիներ էր ջոկում, դասավորում: Նրա մոտ բանտարկյալներից վերցրած մորթու կույտեր էին: Մի օր, երբ ոտքերս քարշ տալով մնացել էի մեր շարքի վերջում, այդ մարդն ինձ կանգնեցրեց.

– Զեմլյաչկա՛, որտեղի՞ց ես:

– Հայաստանից…

– Սա՝ ձեզ,- ասաց եւ մեկնեց թղթի մեջ փաթաթած մի կապոց:

– Սա ի՞նչ է:

– Մորթիներ: Տեսնում եմ՝ կոշիկներով եք, փաթաթեք ձեր ոտքը, տաք կլինի: Ձեր կոշիկները մեծ են:

– Շնորհակալ եմ, հարկավոր չէ,- ասում եմ:

– Ո՛չ, վերցրե՛ք: Ձեր բոլոր ընկերուհիներն ամեն անգամ անցնելիս մորթի են վերցնում: Ես հետեւում եմ: Դուք ո՛չ մի անգամ չկռացաք վերցնելու, եւ ես ձեզ համար եմ ջոկել: Վերցրե՛ք, փաթաթեք ձեր ոտքերը, դաժան ձմեռ է…

Ես վերցնում եմ: Մտնում եմ ՑԵԽ: Մինչ աշխատանքի անցնելը՝ ժամանակ կա: Արագգհանում եմ կոշիկներս, փափուկ մորթին փաթաթում ոտքերիս, նորից հագնում կոշիկները: Հաճելի ջերմությունը պատում է ոտքերս:

***

Երբ վալենկաներ եմ ձեռք բերում, պեդալին սեղմելը դժվարանում է: Վալենկաները շատ մեծ են, եւ չարչարվում եմ, որ պեդալի ուզած տեղը սեղմեմ: Բայց արդեն սովորել եմ կարել եւ ագրեգատից էլ չեմ վախենում: Անցնում է որոշ ժամանակ: Նոր էտապ է գալիս: Այս անգամ «թշնամիների կանայք» են (ճհԼՀ- ճսպվ րպՎՖՌ ՌջՎպվվՌՍՈ ՐՏՊՌվօ): Այդ ուրեմն մեր հոդվածով դատված տղամարդկանց կանայք են: Նրանց մի մասի ամուսինները գնդակահարված են, մյուս մասը՝ ինչ-ինչ պատճառով կենդանի է, բայց կանայք չգիտեին, թե որտե՞ղ են նրանք: Սոլովկիներից սկսած մինչեւ Կամչատկա, Հյուսիսային աշխարհ… Հայրենիքի դավաճանների կանայք էին: Մեզ մոտ բերել էին 1000 կին: Էլի են գալու: Եկել են Նովոսիբիրսկի լագերից: Օ՜, ինչ մեծ ցավ եմ զգում. նրանցից մեկը պատմեց իմ մոտ ընկերուհի Վերգուշ Մխիթարյանի (Աշրաֆյանի կինը) մահվան մասին: Ծանր է մեռնել, եւ այդ սեւ լուրը քրքրում է իմ սիրտը: Համարձակ, ազնիվ, մաքրագույն Վերգուշը մեռնում է Նովոսիբիրսկի լագերներից մեկում՝ որպես հայրենիքի թշնամի, որպես հանցագործ, ո՞ր հանցանքի համար, ո՞ր…

Այս էտապում շատ կան ուկրաինացի եւ հրեա կանայք: Դիմացիս ագրեգատի մոտ նստեցնում են մի երիտասարդ կնոջ: Նա իր հագուստով է, գիտական աշխատող: Վախեցած նայում է ագրեգատին, չի կարողանում կարել, կտորը մեքենայի տակ ոչ թե առաջ է տանում, այլ հետ: Կողքին նստած կանայք նրա վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Ես աչքերս բարձրացնելով մեքենայից տեսնում եմ, որ նա ինձ է նայում: Գեղեցիկ աչքերը լիքն են արտասուքով, որոնք գլորվում են այտերի վրայով: Աջ ու ձախ հարեւանուհիները գոռում են վրան: Նա խանգարում է աշխատանքին: Ես ժպտում եմ: Նշան եմ անում, որ դադարի կարելուց, ընդմիջում է: Մոտենում եմ, հանգստացնում, մի բաժակ տաք ջուր եմ տալիս ու մի կոնֆետ: Նստեցնում եմ կանգնած մեքենայի մոտ, սովորեցնում եմ ինչպես սեղմի պեդալը, ձեռքերն ինչպես դնի կտորի վրա եւ այլն: Չէ՞ որ ես էլ եմ վախեցել մեքենայից, ես էլ նույն դրության մեջ եմ եղել:

Նա փաթաթվում է ինձ ու դառը, դառը արտասվում: Ես շոյում եմ նրա գլուխը, սիրտ տալիս: Նստում ենք կարելու: Ես աչք ունքով, մեր չխոսկան հարսների նման, նրան նորից ու նորից հասկացնում եմ ինչ անել: Կարում է կինը, ուրախ ժպտում է ինձ, արտասուքը լվացել է աչքերը, այժմ նրանք փայլում են: Բարեկամանում ենք: Հարեւանուհիները խեթ-խեթ հայացքով նայում են ինձ: Նրանք դժգոհ են, որ օգնել եմ: Կինը հրեա է: Արհամարհանքով նայում եմ նրա հարեւանուհիներին: Ես բարոյապես թույլ չեմ, լագերում թույլ լինել չի կարելի…

Երկար ագրեգատի վրա կարվում են տղամարդու վերնաշապիկներ: Ամեն մեկը մի մասն է կարում եւ տալիս հարեւանին: Ես միայն թեւքեր եմ կարում, աջից ստանում, ձախին տալիս: Ագրեգատի գլխին նստած են երկու փորձված դերձակուհիներ: Նրանց մոտ են հոսում մեր կարածները, որոնք միացվում են, եւ նրանց ձեռքից դուրս է գալիս արդեն պատրաստի շապիկը: Պետք է շտապել: Միացած ենք մի տեմպով, միացած ենք ագրեգատին, էլեկտրական հոսանքին: Դանդաղել չի կարելի, տեմպերը իջեցնել չի կարելի: Խախտում՝ եւ ամեն ինչ կխառնվի քաոսային անկարգության մեջ: Պարապուրդ չպետք է տալ, տոկոսները կիջնեն, դրանցից է կախված ճաշի որակը, փոքրիկ աշխատավարձը, լագերում պատվով ապրելը, լրացուցիչ հաց եւ շաքար գնելը: Վա՜յ քեզ, եթե 100%-ից պակաս լինի: Մենք հարյուրից ավելի տոկոս ենք տալիս: Լարված աշխատում ենք, անցնում ճաշարանի հերթը օրական երեք անգամ, ճանապարհ գնալ-գալը մեզ հոգնեցնում է: Քնելու համար մնում է 6 ժամ միայն: Ագրեգատի պեդալին 12 ժամ սեղմելը բթացնում է, փայտացնում ոտքերը, հոգնածությունից թվում է, թե ամեն ինչ պտտվում է շուրջդ: Ծանր է գիշերվա հերթը, ցերեկը չենք կարողանում քնել եւ գիշերվա հերթին գալիս ենք հոգնած, քնատ: Գիշերվա հերթին քունդ տանում է, աչքերիդ առաջ մշուշ է, գլուխդ պտտվում է: Կարի՛ր, կարի՛ր, կարի՛ր… Մեքենայի միապաղաղ գռռոցը սովորական է դառնում, ուզում ես քնել: Միտքդ աշխատում է հին հուշերով: Աչքիդ առաջ են գալիս երեխաներդ, անցյալ կյանքիդ դրվագները: Դրսից լսվում է պուրգայի ոռնոցը: Միտքս սառել է: Կռացած եմ մեքենայի վրա: Քաղցր թմրություն է պատում ինձ եւ հանկարծ, մինչեւ սիրտս շամփրում է ցավը՝ մեքենայի ասեղով ծակել եմ մատս: Ճչում եմ: Մոտենում է վարպետ մեխանիկը, նա շարունակ շրջում է հսկա շենքում, մեզնից պատշաճ հեռավորության վրա: Բռնում է ձեռքս, վեր բարձրացնում, բամբակով սրբում արյունը, յոդ քսում, փաթաթում կապում: Նա ուշադիր է, մեղմ եւ ես ուզում եմ լաց լինել, խղճում եմ ինձ, ուզում եմ գլուխս դնել կրծքին ու հեկեկալ փոքրիկ, անտուն, անտեր աղջկա նման… Եթե ցերեկ լիներ՝ նա չէր մոտենա, իրավունք չունի, գիշերը պետեր չկան, եւ բարի վարպետը ուզում է մեղմել ցավերս: Մատս փաթաթելիս շշնջում է. «Աշխատեք չքնել, սա՝ ոչինչ, կանցնի՜…»:

Արցունքներս գլորվում են, աջի հարեւանուհիս դժգոհ է, կուտակվել են կտորները, ձախինը՝ նույնպես:

– Ձեր պատճառով պարապուրդ է, տոկոսներս կիջնեն,- ջղայնացած դիմում է նա ինձ:

Ես ինձ հավաքում եմ, ցավի վրա ուշք չեմ դարձնում ու գլուխս կախ աշխատում եմ հասցնել, սեղմել ագրեգատի պեդալը, կտորը կտորի հետեւից շարժել: Մի քիչ անց, երբ մտնում եմ ընդհանուր տեմպի մեջ, գլուխս բարձրացնում եմ. դիմացիս կինը ինձ է նայում, վշտոտ աչքերում կա կարեկցություն, ցավ…

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

«Առավոտ» օրաթերթ
10.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930