Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ուր է դեռ հասնելու նեղ «կադաստրային» այս հոգեկերտվածքը․ «Հայացք Երևանից»

Հունիս 11,2023 23:52

Փաշինյանը չի դադարում հանրությանը զարմացնել ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող տարօրինակ եւ վիճահարույց իր հայտարարություններով, որոնք մեծիմասամբ հանձնվողական տրամաբանության արտահայտություն են: Այլ կերպ ասած՝ փոխանցում են ադրբեջանական թեզեր կամ «էստի համեցեք» հրավերով գրգռում թշնամու՝ առանց այդ էլ անհագ ախորժակը: Ամենասկզբից նա մերկապարանոց հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է ԼՂՀ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, ապա Բաքվին լսելի դարձրեց, որ ՀՀ-ին ոչ ոք զենք չի վաճառում, իսկ քիչ անց խոսեց զինծառայողներին դիրքերում ԱԱԾ սահմանապահ զորքի մարտիկներով փոխարինելու մասին, որոնք գրեթե անզեն պետք է հսկեն սահմանը:

Վերջին աղմկահարույց հայտարարությունը ՀՀ-ի՝ այսպես ասած, «կադաստրի վկայական» չունենալու մասին պնդումն էր, որը կարելի է մինչեւ օրս նրա տարածած արտառոց մտքերի գլուխգործոցը համարել: Մայիսի 24-ին՝ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որում հերքվում է իր սուտը, թե Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում է գործող իշխանությունը, ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, հռչակագրով ԱՊՀ երկրներն ընդունել են ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն ունեցող վարչական սահմանները՝ որպես անխախտելի պետական սահմաններ:

Ի լրումն՝ Փաշինյանը վկայաբերում է Տեր-Պետրոսյանի մի հարցազրույց, որտեղ վերջինս նշել է. «ինքնավարությունն Արցախի բնակչությանը լիովին բավարարում է, եւ ավելին չենք էլ ուզում»: Պարտվողական ղեկավարը խարազանում է երկրի մեկ այլ պարտվողական ղեկավարի՝ փորձելով այդպես մեղմել իր մեղքը: «Այսինքն՝ 1998թ. իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք»,- ՀԱԿ-ի հասցեին շպրտել է Փաշինյանը: Ավելին՝ նա իրեն բոլոր նախորդ առաջնորդներից ավելի «հայրենասեր» ու «հաղթական» է համարում, ինչի մասին ակնարկում է Զուրաբյանին ուղղված խոսքում՝ ասելով. «Թե ճակատագրական այս շրջանում ով է ավելի հայրենասեր եւ ով՝ ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել»:

Այս համատեքստում էլ պարզաբանում է՝ «մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք կադաստրի թուղթ», եւ ՔՊ-ականները, իբր, փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ ունենանք «կադաստրի թուղթ»: «Մենք,- հայտարարում է Փաշինյանը,- ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դելիմիտացված սահմաններով»: Եթե սա է պետականաշինության լիարժեք մոդելի մասին մեջբերման հեղինակի պատկերացումը՝ նշանակում է գործ ունենք աղճատված մտածողության տեր մեկի հետ, որի ընկալումների պարզունակությունն արդեն հասել է գագաթնակետին:

Շրջանառության մեջ դնելով «մեր ապրած վայրում» համապատասխան «կադաստրի թուղթ» (նկատի ունի միջազգայնորեն ճանաչված սահման կամ իրավունք) չունենալու, ինչպես նաեւ «տնվորի մեր կարգավիճակը» հաղթահարելու թեման, նա այդպիսով «ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին» ու զարգացնում «Էրիվանն» ադրբեջանական պատմական հող եւ, առհասարակ, Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան անվանելու՝ Իլհամ Ալիեւի հայտնի թեզերը: Իրեն երկրի առաջին դեմք համարող անձը ոչ միայն տոն ու թռիչք է տալիս ոխերիմ հարեւանի ազգային ցնորամտության առասպելին, այլեւ պետության ու պետականության գաղափարն իջեցնում է կենցաղային-առօրեական բնութագրության, այն է՝ «կադաստրի վկայականի» մակարդակի:

Մարդ չգիտի, թե մինչեւ ուր են դեռ հասնելու հայրենավաճառության այս վակխանալիան, իրավաքաղաքական այս ամենաթողությունը, նեղ «կադաստրային» այս հոգեկերտվածքը:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930