Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» ակումբների միջեւ եզրափակիչ խաղի օրը «Սպորտ-Էսպրեսի» թղթակցի հետ զրուցել էր իր նախկին թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին։
Բերեզովսկուն ամենեւին էլ չի զարմացնում, որ Հենոն 34 տարեկանում իտալական գրանդ ակումբի առանցքային ֆուտբոլիստերից է եւ անձնական մեծ ներդրում ունի «Ինտերի» ներկայիս հաջողություններում եւ ձեռքբերումներում։ «Ես իմ օրինակով գիտեմ, որ մարզական մոտիվացիայից զատ ֆուտբոլիստների համար լինում են նաեւ կյանքի տված մոտիվացիաներ։ Երբ Հենրիխը զավակ ունեցավ, ես վստահ էի, որ նրա կարիերայում մի նոր ժայթքում է լինելու։ Ու այդպես էլ եղավ։ Հենրիխն ի սկզբանե բացառիկ էր մեր ֆուտբոլում դեռ պատանի հասակից գործին մոտեցումով, պրոֆեսիոնալիզմով։ Եվ ես, որ Մխիթարյանից 15 տարով մեծ եմ, նրանից կարող էի օրինակ վերցնել, թե ինչպես ինձ պահեմ ֆուտբոլի դաշտում եւ դրա սահմաններից դուրս»,-ասել է Բերեզովսկին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ