Ուրբաթ՝ 16 հունիսին, տեղի է ունենալու Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ընտրությունները։ Այս ընտրությունները կատարվում են չորս տարին մեկ անգամ և սա թեմի 17-րդ ընտրություններն են։
Պատգամավորական ժողովը թեմի բարձրագույն ժողովն է, որն իր ընտրովի մարմիններով՝ Թեմական Խորհուրդ, Կրոնական Խորհուրդ, Կրթական Խորհուրդ, Տնտեսական Հանձնախումբ, Բարեսիրական ու Սոցիալական ծառայության մարմիններով ղեկավարում է համայնքի աշխատանքները։ Իրանում կա Հայոց Առաքելական եկեղեցու երեք թեմ՝ Թեհրան, Թավրիզ և Նոր-Ջուղա կենտրոններով․ Թեհրանի թեմը բաղկացած է Թեհրան, Արաք, Ղազվին, Ռաշտ-Էնզելի, Գորգան-Սարի և Մաշհադ քաղաքների հայկական համայնքներից և Իրանի ամենամեծ թեմն է։ Հայոց Առաքելական եկեղեցու թեմերը և քրիստոնեության մյուս դավանանքերին հետևող եկեղեցիները (Կաթոլիկ, Ավետարանչական ․․․) ունեն պետական գրանցում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեն։ Այդ եկեղեցիների ներքին ընտրությունները կատարվում են Իրանի Ներքին գործերի նախարարության հսկողությամբ և պետական օրենքներով։ Իրանում ընտրությունները մեծամասնական կարգով են և դա սահմանափակում է ընդդիմության հնարավորությունները․ որոշ ուժեր համամասնական ընտրակարգ են պահանջում, որը պատասխանատուների կողմից չի ընդառաջվում։
Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի հերթական ընտրությունները կատարվում են ժամկետից ուշ․ դա կապված է Իրանի Տեղական Ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) օրենքերի փոփոխության, համավարակի, հետո նաև Իրանում ծայր առած զանգվածային ցույցերի հետ․ Թեմի 16-րդ Պատգամավորական Ժողովի ընտրությունները կայացել են 25 նոյեմբերի 2016 թվականին, այսինքն այս ընտրությունները կազմակերպվում են 30 ամիս ուշացումով։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ուժ և դաշինք ու անհատ թեկնածուներ․ դրանք կոչվում են «Կայուն համայնք», «Միասնություն Դաշինք» և «Անկախների Դաշինք»։
Առաջինը հարում է ՀՅԴ կուսակցության, իսկ երկրորդը և երրորդը ճանաչված են որպես ընդդիմադիրներ, որոնք դժգոհ են գործող համայնքային մարմիններից և հանդես են գալիս բարեփոխական ծրագրերով։ Հարկ է նշել, որ Իրանի այս երեք թեմերը նախապես պատկանել են Ամենայն Հայոց Կաթողիկոսության (Էջմիածին) և 1956 թվականին քաղաքական հանգամանքների բերումով և ՀՅԴ-ի նախաձեռնությամբ միացել են Կիլիկիո Կաթողիկոսության (Բեյրութ)։
Կարդացեք նաև
Դատելով ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի հնարավորությունից և քարոզարշավից, սպասվում է, որ այս տարի թեժ մրցակցություն լինի։ ՀՅԴ ազդեցությանն ընդդիմացող ուժերը փորձում են Պատգամավորական Ժողովի 49 մանդատի մեծամասնության տիրանալ, որպեսզի կարողանան ղեկավար մարմիններ ձևավորել․ նրանք միշտ էլ Պատգամավորական Ժողովում ներկայություն են եղել, բայց որպես փոքրամասնություն չեն կարողացել ազդել Ժողովի որոշումների և նշանակումների վրա։ Ավելացնեմ նաև, որ Պատգամավորական Ժողովի կազմի մեկ-յոթերորդը՝ յոթ հոգի, պետք է հոգևոր դասից լինեն, որոնք ընտրվում են հոգևորականների ժողովի կամ Թեմակալ առաջնորդի կողմից և ավանդաբար բարդացնում են ընդդիմության գործը։
Բնականաբար այս ընտրությունների վրա իր հետքն է թողնում նաև Հայաստանյան անցուդարձերը։ Հայաստանն ու հայրենիքը սփյուռքահայերի մեծամասնության սրտերում է․ ընտրության թեկնածուները համաձայն եկեղեցական թեմի կանոնադրության գնում են համայնքային մարմիններում աշխատելու և նրանց գործունեության դաշտը Սփյուռքի այդ համայնքն է, բայց նրանք քարոզարշավի ժամանակ չեն մոռանում խոսել նաև հայ ժողովրդին հուզող համընդհանուր հարցերի և մտահոգությունների մասին։ Եթե նախկինում ՀՅԴ-ին հարող ուժերի և ընդդիմության տարաձայնության առանցքը թեմի պատկանելիության հարցն էր՝ Էջմիածնական թե Կիլիկյան, հիմա խնդիրը կրթական-հոգևոր հարցերն են, հայեցի դաստիարակությունը, մշակութային քաղաքականությունը, փոքրացող համայնքի հայկական դպրոցների ապագան, մարզական կյանքը, սոցիալական հարցերը, հանդուրժողականությունը, թեմի անշարժ գույքերի պատշաճ տնօրինումը, ֆինանսական հոսքերի կառավարումն ու հավանական չարաշահումների դեմն առնելը և Սփյուռք-Հայաստան կապերը։
Տիգրան Դավուդյան