Կապան համայնքի Անտառաշատ գյուղի հարակից անտառում՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցներն եվրոպական այծյամի ձագ են նկատում ու տեղյակ պահում անտառապետ Անդրանիկ Հայրապետյանին։ Վերջինս էլ իր հերթին Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանին է տեղեկացնում, որի խորհրդով էլ անտառապետը իրենց տուն է տանում մի քանի օրական ձագին։
«Առաջին ժամերին մի տեսակ վախվորած էր, ոչ մեկին մոտ չէր գալիս, նույնիսկ չէր ուզում կաթ խմել։ Հետո կարծես ընտելացավ մեզ»,-պատմում է Անդրանիկ Հայրապետյանը։
Կիրակի՝ հունիսի 11-ին անտառաշատցիների մի մասը եկել էր հրաժեշտ տալու այծյամին։ Նրան ճանապարհում են Երեւան՝ կենդանաբանական այգի։ Փոքրիկ այծյամը հերթով մոտենում է հավաքվածներին, հոտոտում՝ կարծես փորձում է ճանաչել յուրաքանչյուրին։ Հետո, թերեւս, զգալով՝ որ իրեն տանում են ուրիշ տեղ՝ վազվզում է տնով մեկ, թաքնվում բազմոցի ու աթոռների տակ։
Կարդացեք նաև
«Ճիշտ որոշում էր՝ տեղափոխել Երեւանի կենդանաբանական այգի, կզբաղվեն ձագուկի խնամքով։ Կարող էինք պահել, մեծացնել, բայց եթե ընտելանալ մարդկանց, ապա չէինք կարող անտառում բաց թողնել․հենց այդ պատճառով որոշեցինք նրա նոր տան հասցեն՝ կենդանաբանական այգի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանը։ Գործընկերոջը համամիտ է նաեւ բնապահպանության ու ընդերքի տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը։ «Մեծացել է, առաջին օրերին վտիտ էր, հազիվ էր ոտքերի վրա կանգնում»,-ասում է նա։
Կենդանաբանական այգի հասցնելու առաքելությունը նախապես իր վրա էր վերցրել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը, որը նաեւ կենդանաբանական այգու հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Մանվելյանը առաջարկում է այծյամին անվանակոչել Սյունիք՝ խոստանալով հենց այդ անունով էլ հանձնել կենդանաբանական այգու պատասխանատուներին։ Հրաժեշտից առաջ բոլորը ցանկանում են լուսանկարվել փոքրիկ ձագուկի հետ, այդ թվում նաեւ ես եմ հասցնում ունենալ լուսանկար։
«Մեր եղնիկին լավ կպահեք»՝ հայտնի կինոհերոսի նման Կարեն Մանվելյանին հորդորում են անտառաշատցիները՝ ճանապարհելով ավտոմեքենան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ