Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պահանջում է «իր անկլավները», բայց երբեք չի նշում, թե արդյոք վերադարձնելու է Արծվաշենը․ «Առերեսում»

Հունիս 10,2023 22:00

Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Նիկոլ Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն, որ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում, այժմ արդեն 2 տարբերակ է տեսնում։ Մեկը՝ «որ գծի 2 կողմերում մնացած անկլավները մնում են տվյալ կողմի վերահսկողության տակ։ Մյուս տարբերակը՝ որ պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի տիրապետության տակ, իսկ մյուս տարածքները վերադառնան Ադրբեջանին, դե յուրե հիմնավորելուց հետո»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը, որը «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակն է՝ այս առնչությամբ ասաց. «Նշված տարբերակներից առաջինի վերաբերյալ ես չեմ լսել Ադրբեջանի կողմից որեւէ հայտարարություն, թե նրանք դիտարկում են այդ տարբերակը, որ անկլավները փոխանցեն այն պետությանը, որի տարածքում գտնվում է այդ անկլավը… Ադրբեջանը պահանջում է «իր անկլավները», բայց երբեք չի նշում, թե արդյոք վերադարձնելու է Արծվաշենը: Սա շատ նուրբ, դիվանագիտական խաղ է»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով, ու սպասում են իրավական հիմքերի Ադրբեջանից։ Եվ արդեն իսկ հայտնի է, որ հայ բազմաթիվ հետազոտողներ չեն հայտնաբերել իրավական հիմք ունեցող որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի պաշտոնատար անձինք և Հայաստանի գերագույն խորհուրդը ճանաչած կլինեն դրանք որպես ադրբեջանական տարածք: «Կարծում եմ, ԱԽ քարտուղարը շատ տեղին է նշել ու այդպես էլ կա՝ նաեւ մենք ենք շրջանառել նման փաստաթղթեր. հայկական կողմն ունի իրավական հիմքեր, թե ինչպես է ձեւավորվել Բաշքենդի կամ հին Բաշքենդի անկլավը, որը հետո վերանվանվեց Արծվաշեն: Այդ անկլավի ձեւավորումը տեղի է ունեցել 1927-1931թթ միջակայքում,- ասաց հաղորդման մյուս հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը, որը սահմանային հարցերի վերաբերյալ գիտական աշխատանքների հեղինակ է, թեման ուսումնասիրել է նաեւ որպես «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին 1920-30 ականներին» գիտական աշխատանքի համահեղինակ:- Այլ է խնդիրը ներկայիս Տավուշի մարզի տարածքում եղած ադրբեջանական երկու անկլավների հարցում՝ մեկը Վերին Ոսկեպարն է, մյուսը՝ Սոֆուլու և Բարխուդարլու երկու փոքրիկ գյուղերը, որոնք միացյալ մի անկլավ են: Սրանց ձեւավորման վերաբերյալ չկա որեւէ փաստաթուղթ»:

Ըստ պատմաբանի՝ որեւէ փաստաթուղթ չկա նաեւ Տիգրանաշեն-Քյարքիի վերաբերյալ. «1920-ականներին Քյարքին ուղղակի Խորհրդային Հայաստանի իշխանության ներքո է եղել: Ճիշտ է՝ անբնակ է եղել»:

Շահեն Շահինյանն անդրադառնալով անկլավների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ասաց. «Երբ կողմերը սահմանազատման են գնում, արձանագրում են, որ պատրաստ են բանակցությունների: 2020 թվականից սկսյալ չենք տեսնում Ադրբեջանի կողմից բանակցությունների գնալու տրամադրվածություն: Ադրբեջանը պատրաստ չէ քննարկելու հայկական տարբերակները եւ միայն պարտադրում է քննարկել իր ներկայացրած տարբերակները: Եվ այս դեպքում՝ ինչքան էլ քարտեզագրողները, պատմաբանները խոսեն՝ դառնում է անարդյունավետ: Ադրբեջանի խոսույթում հետեւյալ ձեւակերպումն է՝ կամ ընդունեք մեր տարբերակները, կամ մենք ռազմական ուժով կլուծենք հարցը… Ինչպես պրն Սուքիասյանը, այնպես էլ բազմաթիվ պատմաբաններ կարող են հազարավոր փաստաթղթեր մատնանշել ու բարձրաձայնել հայկական շահը: Բայց եթե հայկական շահը պահելու համար պետք է լինելու ռազմական ուժ կիրառել, ապա դա այլեւս բանակցություն չէ»:

Փաստաթղթերից անդին՝ չէ՞ որ հենց Ադրբեջանի սահմանադրության երկրորդ հոդվածում է ասվում, թե ժառանգն են 1918-20 թվականների Ադրբեջանի Հանրապետության եւ դրա տարածքի։ Արդյոք այդ թվականներին որեւէ անկլավ կա՞ր՝ հարցին Համո Սուքիասյանը պատասխանեց. «Ոչ, անկլավ չի եղել: 1918-20 թվականներին Ադրբեջանը վերջնական սահմաններ չի ունեցել: Բայց եղել են տարածքներ, որոնց նկատմամբ ինքն ունեցել է հավակնություններ: Եվ եղել է նաեւ փաստացի տիրապետման տարածք: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղը փաստացի չի եղել ադրբեջանական իշխանության ներքո: Այն եղել է կիսաանկախ վարչամիավոր 1918-20 թվականներին, որոշակի փոքր ժամանակափուլերով ենթարկվելով կամ Հայաստանին կամ Ադրբեջանին. վերջինիս դեպքում շեշտելով, որ դա ժամանակավոր է՝ մինչեւ Փարիզի վեհաժողովում հարցի լուծումը: Զանգեզուրի նկատմամբ էլ Ադրբեջանն ուներ հավակնություն, բայց ոչ վերահսկողություն: Նույնը՝ Նախիջեւանի, անգամ Սուրմալուի նկատմամբ: Սա մի տարօրինակ հանգամանք է՝ եթե ցանկացած պետության դեպքում վերցնենք պատմական որեւէ փուլում իր ունեցած հավակնությունները եւ որոշենք դրանց հիման վրա սահմանագիծ անցկացնել՝ հաջողության որեւէ ճանապարհ չենք կարող ունենալ»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930