Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախընթաց ՀԽՀ Կ կոմիտեի անդամները հանդիպեցին կամավորների հետ։
«Ձեր աշխատանքը սկսվելու է հենց օդանավակայանից, այն պահից, երբ որևէ պատվիրակություն կժամանի Երևան։ Այսինքն՝ առաջինը ում տեսնելու և ումով տպավորվելու է Հայաստան ժամանած մարզիկը դա կամավորն է ու կամիտեի ներկայացուցիչը։ Այստեղից պետք է գիտակցել ձեր դերի կարևորությունն ու պատասխանատվությունը»,- ողջունելով կամավորներին՝ ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։
Այս պահին համահայկական խաղերին կամավորելու հայտ է ներկայացրել 1150 երիտասարդ։ Նրանց մի մասը մասնակցել է նաև նախորդ խաղերին։ «Այս տարի ևս անհամբեր ենք ու հենց խաղերի օրերին վերցնելու ենք մեր հասանելիք արձակուրդը, որպեսզի կարողանանք մասնակցել համահայկական խաղերին, որպես կամավոր»,- ասում էին հանդիպմանը ներկա որոշ երիտասարդներ։
Կարդացեք նաև
ՀԽՀԿ փոխնախագահ, ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը, ով կանգնած է խաղերի ակունքներում և կոմիտեի հիմնադիրներից է, ևս ողջունեց կամավոր երիտասարդներին և նշեց, որ նրանք շատ շնորհակալ աշխատանք են կատարում՝ գուցե այսօր անգամ չգիտակցելով դրա նշանակությունը։ Բայց վաղը, մյուս օրը, տասը, քսան տարի անց ետ նայելով պիտի հպարտորեն ասեն, որ օգնել են, մաս են դարձել համահայկական այս մեծ տոնի , այս մեծ նշանակության միջոցառման իրականացմանը։
ՀԽՀԿ փոխնախագահ Լիբանանի ներկայացուցիչ Ստեփան Դեր Բեդրոսյանն էլ նշեց, որ հաճելիորեն զարմացած է, քանի որ այսօր հատկապես դժվար է պատկերացնել մարդկանց մի խումբ, այն էլ այս քանակի, որ պատրաստ է կամավոր աշխատելու։ «Համահայկական խաղերը շատ կարևոր են սփյուռքի և հայրենիքի երիտասարդության համար նախ միմյանց ճանաչելու և հաղորդակցվելու, ապա մտածողության, հայրենիքի ընկալման և մոտեցման համար»։ Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահը՝ Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալը հանձնեց «Հայկական կամավորական միություն» ՀԿ նախագահ Սևակ Կարապետյանին։
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին 5-ին։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն նաև Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ