Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելքի հիշատակության օրը՝ նաեւ Վահանավանքի ուխտի օր (ֆոտոշարք)

Հունիս 10,2023 20:41

Հունիսի 10-ը՝  301 թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որն էլ  սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց եւ Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը։

Այս տոնն առանձնահատուկ են նշում կապանցիները, քանի որ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաեւ Վահանավանքի ուխտի օր։ Տոնի առթիվ Վահանավանքի «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցիում մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ՝ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ եւ թեմի հոգեւոր հայրերի մասնակցությամբ:

Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան ընթերցեց Տեր Մակար վարդապետի պատգամը։

«Սիրելինե՛րս, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր վիրապից առանձնակի հավատքով է գոտեպնդում քրիստոսասեր մեր ժողովրդին, որը վերջին տարիներին, ցավոք, ասես հայտնվել է մի այլ վիրապում եւ շարունակաբար նորանոր փորձությունների է ենթարկվում: Այդ դաժան փորձությունները հաճախ խանգարում են մեզ ճիշտ կողմնորոշվել, չսայթաքել, չհուսահատվել եւ դուրս գալ այդտեղից: Հետեւաբար այսօր Ելն ի Վիրապից տոնի խորհուրդը նաեւ դրա մեջ պետք տեսնել. այսինքն, մենք, մեզ ինչ-որ չափով նեղություն տալով, չարի դեմ պայքարելով, հաճախ նաեւ զոհողությունների գնով միայն, կարող ենք հաղթահարել լուսո ճանապարհի բոլոր պատնեշները եւ, Լուսավորչի պես դիմադրելով, անկոտրում մնալով եւ քրիստոնեական հավատքը ողջ կյանքի ընթացքում անխախտ ու մաքուր պահելով, կարող ենք հաղթահարել անիրավ աշխարհի փորձությունները»,-ասված է Մակար վարդապետի պատգամում։

Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն, թեյախմություն, իսկ Կապանի  մշակույթի կենտրոնի պարային խմբերն ու մենակատարները ներկայացրին համերգային ծրագիր։ Բազմաթիվ ուխտավորների հետ պատարագին մասնակցեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադեւոսյանը, Մեսրոպ Արզումանյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ անցած տարի մեծ շուքով նշվեց Վահանավանքի հիմնադրման 1111 ամյակը՝ «Վահանավանքը՝ հայ ազգի վահան» խորագրով։ Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։  Հիմնադրվել է   Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել  է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը։ 10-րդ դարի կառույցի տարածքում են  գտնվում Վահան իշխանի, Սահակ Սեւադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի եւ Գրիգոր Ա-ի, ինչպես նաեւ՝ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930