Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգաշատցի դպրոցականները հարգեցին ազատամարտիկ Գնել Մաղաքյանի հիշատակը

Հունիս 10,2023 19:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցում օրերս անցկացվեց «Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան հերոսամարտի մասնակից, մրգաշատցի ազատամարտիկ Գնել Մաղաքյանի մահվան 30-րդ տարելիցին:

Հերոսի անունը կրող դպրոցի բարձր դասարանի աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, ինչպես նաև երաժշտական և պարային համարներով՝ այդպես ոգեկոչելով Գնել Մաղաքյանի և Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակների հիշատակը:

«Խոնարհվեցինք բոլոր զոհերի առջև, հարգանքի տուրք մատուցեցինք մրգաշատցի նվիրյալների հիշատակին»,– նշում է միջոցառման գլխավոր կազմակերպիչը, ավելացնում՝ միջոցառման նպատակը աշակերտներին հայրենասիրական ոգով դաստիարակելն էր: «Նպատակ ունեինք նաև սովորեցնել երեխաներին, որ պետք է միշտ հիշել հերոսներին, փառաբանել նրանց անունը, խոնարհվել նրանց առջև, որովհետև մենք այսօր կանք և ապրում ենք նրանց շնորհիվ», – շեշտում է նա:

Կազմակերպող ուսուցիչը Aravot.am-ի հետ կարճատև զրույցում ընդգծեց միջոցառման վերջին համարի կարևորությունը, որի խորհուրդն էր խաղաղ մանկությունը: Նա պատմում է․ «Մենք ուզում ենք, որ մեր մանուկները մեծանան միմիայն խաղաղ երկնքի տակ, որպեսզի ունենան խաղաղ մանկություն: Մանկության և խաղաղության կերպարն ամփոփված էր փոքրիկ երեխայի միջոցով»:

Հայաստանի բարօրությունը մշտապես եղել է Գնել Մաղաքյանի մտքում: 1988 թվականի աղետաբեր երկրաշարժի հենց հաջորդ օրը Մաղաքյանը ընկերների հետ հիմնել է «Մրգաշատ» փրկարարական ջոկատը, որը մեկնեց աղետի գոտի՝ փրկարարական գործողություններ իրականացնելու:

Արցախյան ազատամարտին Մաղաքյանը մասնակցել է որպես սակրավոր: Սակրավորական գիտելիքները նա ձեռք է բերել ինքնուս կերպով: Ռազմական գործողություններին միացել է 1989-ին, իսկ 1993-ին մեկնել է Շահումյանի շրջանի հայկական կազմավորումներին: Շահումյանի Թալին գյուղում հունիսի 7-ին վիրավորվել է ականի պայթյունից, բայց որոշել է չլքել մարտական դիրքն ու ընկերներին: Մաղաքյանը զոհվել է նույն օրը՝ երկրորդ ականի պայթյունից:

Նրա աճյունն ամփոփված է Մրգաշատի հերոսների պանթեոնում: ՀՀ նախագահի հրամանագրով Գնել Մաղաքյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

«Երբ ինքը գնում էր, ես չէի ընդդիմանում, բայց վերջին անգամ երբ գնաց ու էլ չվերադարձավ, գնալուց առաջ երեխաները փաթաթվել էին ոտքերին, խնդրում էին, որ չգնա, բայց անգամ երեխաները հետ չկարողացան պահել: Ես էլ երեխաներիս ասում էի, որ երեխեք ջան, մի ընդդիմացեք: Ինքը գնում է պաշտպանելու իր ընտանիքը, ձեզ»,- «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում 2021-ին պատմել է Գնել Մաղաքյանի այրին՝ Անահիտ Հարությունյանը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930