Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սկզբունքներով պետք է իրականացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը. «Առերեսում»

Հունիս 10,2023 14:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով»: Եվ հավելել էր. «Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։ Կոնկրետ այս դեպքում ավելի օգտակար կլիներ, որ հայկական կողմը 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն սկսեր սահմանազատման աշխատանքները»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը, որն «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակն է՝ անդրադառնալով այս առաջարկին, ասաց. «Նախկինում էլ բազմիցս նշել եմ, որ շատ կարեւոր է ընտրել սահմանազատման անցկացման սկզբունքները: Եվ ինչպես տեսանք՝ ադրբեջանցիներն այդ թեմայով արդեն տեղեկություններ են տարածում: Իրենք ունեն իրենց ձեւավորած սկզբունքները, այսինքն՝ ուզում են սահմանազատման աշխատանքների տակ չունենալ հստակ հիմք, ունենալ ինչ որ ձեւակերպումներ, օրինակ՝ իրավական նպատակահարմարությունը, տնտեսական շահավետությունը… Դրանք, այո, կիրառվում են միջազգային պրակտիկայում, բայց պետք է լինեն փոխհամաձայնեցված: Մենք դեռ 2020 թվականից նշում ենք, որ պետք է սահմանազատման գործընթացին գնալ սկզբունքն ընտրած ու մեր կողմից այդ սկզբունքն առաջարկելով: Դա կարող է լինել ինչպես խորհրդային վարչատարածքային քարտեզների առաջարկը՝ անկախ տարեթվից, այնպես էլ տարբեր սկզբունքներ՝ ընդհուպ 90-ական թվականների դե ֆակտո իրավիճակը հիմք ընդունելը: Դա արդեն պետք է գնահատվի Հայաստանի եւ Ադրբեջանի մասնագետների կողմից: Ու շատ կարեւոր է հասկանալ, որ սկզբունքի ընտրման գործընթացին պետք է մասնակցեն եւ դիվանագետներ, եւ քարտեզագրողներ, եւ պատմաբաններ»:

Ցավով նշեց, թե չի տեսնում, թե Հայաստանի կողմից կա արձանագրված սկզբունք. «Մենք տարբեր ժամանակներում լսել ենք տարբեր հայտարարություններ, որտեղ սկզբում ֆիքսվել է մի տարեթվի քարտեզ, հետո փոխվել է քարտեզի տարեթիվը, հետո ընդհանրապես ասվել է, թե 90-ականների իրավիճակով պետք է անենք: Գոնե ես չեմ լսել պաշտոնական ձեւակերպված սկզբունք»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը, որը սահմանային հարցերի վերաբերյալ գիտական աշխատանքների հեղինակ է՝ հարցին ի պատասխան, թե գուցե իմաստալի՞ց է Ադրբեջանի ԱԳՆ առաջարկը, քանի որ հայտնի է՝ քարտեզները սահմանների վերաբերյալ վերջնական փաստաթղթեր չեն, օժանդակ նյութեր են, որոնք կից են հիմնական փաստաթղթերին՝ ասաց. «Արդեն նշվեց, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված տարբերակ է: Եվ եթե նայենք հայ-ադրբեջանական սահմանագծումների պատմությունը, որը սկսվել է 1920-ականներից եւ կողմերի միջեւ ստորագրված վերջին փաստաթուղթը եղել է 1988-ի հունվարի 12-ին՝ այդ ընթացքում ունեցել ենք փաստաթղթեր, մասնավորապես՝ 1969 թվականի հայ-ադրբեջանական փաստաթուղթը, որտեղ նշվում է առանձին տարածաշրջաններում եղած վիճելի հանդամասերի պատկանելությունը որոշելը: Հավանաբար հենց 1969-ի մայիսին ստորագրված հայ-ադրբեջանական պայմանագրի հիման վրա ստեղծվել են  ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1970-ականների քարտեզները: Կան այդ փաստաթղթերը, երկու կողմերն էլ ունեն, բնօրինակն էլ ՌԴ արխիվներում է պահպանվում»:

Եզրակացրեց, որ կողմերը կարող են այդ պայմանագրի վրա հղում անել. «Բացի զուտ քարտեզից, որն առաջին հերթին ուղղակի նկար է՝ ստեղծված փաստաթղթերի հիման վրա, մենք պետք է նայենք ժամանակի փաստաթղթերը, եւ դրանց հիման վրա կատարենք սահմանագծումն ու սահմանազատումը»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930