Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հայաստանում նրանք, կարծես, ոչ մեկին պետք չեն. «Հրապարակ»

Հունիս 10,2023 12:25

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում գոյացել է մի սոցիալական խումբ, որը խարխափում է աղքատության մեջ, եւ որը մեր պարտության խարանն է` աղքատների գնացքի վերջին վագոնը։ Խոսքն Արցախից տեղահանվածների մասին է։ Պետական մարմիններն աշխատում են մոռանալ նրանց տված խոստումները, չնկատել նրանց պրոբլեմները, բանկերն արհամարհում են որպես ակնհայտ անվճարունակների, Հայաստանում նրանք, կարծես, ոչ մեկին պետք չեն։ Ժամանակ առ ժամանակ նրանք կառավարության շենքի մոտ ակցիաներ են անում, թքում-մրում են իրենց խաբող իշխանավորներին ու էլի անհետանում սոցիալական անդունդում։ Ու խումբն այս օրեցօր ավելանում է։

Բժիշկն ասաց՝ երեխայիդ քաշը չի ավելանում

Արտեմիս Գրիգորյանի ընտանիքում 5 անձ է՝ 3 անչափահաս երեխա, միջնեկն Արցախն է, փոքրը՝ Անգելինան, 3 տարեկան էր, երբ Քաշաթաղի Հերիք գյուղից տեղահանվեցին ու եկան Արթիկ, հարեւաններից մեկն Արցախիկին համակարգիչ նվիրեց։ Այսօր այդ համակարգիչն Արթիկի քարուքանդ մեկ սենյականոց վարձով տան միակ ճոխությունն է։ Մյուսն օգտագործված լվացքի մեքենան է, որով երեխաների շորերն են լվանում, բայց լողանալ այդ տանը չեն կարող՝ գնում են բարի հարեւանուհու տուն։ Այսօր բարի հարեւանուհին 6 հատ ձու է նվիրել Արտեմիսին՝ ընտանիքի մեկ օրվա սնունդը։ Արտեմիսը երջանիկ է, այսօր էլ երեխաների առաջ բան կունենա դնելու։ Երեխաներից ամենամեծ հոգսը փոքրիկն է պատճառում՝ Անգելինան։ Նա վերջերս կեղծ կրուպով է հիվանդացել, մանկապարտեզ չեն թողնում։ Եթե թողնեն էլ, չի կարողանա գնալ, որովհետեւ 2 ամսվա մանկապարտեզի վարձը կուտակվել է՝ 16 հազար դրամ, որն Արտեմիս Գրիգորյանը չունի։ Նրա միակ եկամուտը 18 հազար դրամ նպաստն է, որն ամբողջությամբ գնում է խանութում «նիսիայի» պարտքը փակելու վրա։

«Անգելինային որ տարա բժշկի, ասեցին՝ երեխայի քաշը չի ավելանում։ Ես բան չասեցի, ո՞նց բացատրեմ, որ Անգելինան սոված է մնում»,- ասում է երիտասարդ կինը։ Նա նախկինում բնակվում էր վարձով տանը, բայց տան վարձը 20 հազարից դարձրին 25 հազար, ստիպված՝ դուրս եկան։ Մեկ սենյականոցում անվճար են ապրում՝ պայմանով, որ կվերանորոգի քանդուքարափ տունը, բայց ո՞նց նորոգի, եթե փող չունի, իսկ ամուսինը շաբաթը մեկ-երկու անգամ բեռնակրություն է անում, ամեն անգամ 2-3 հազար դրամ տուն բերելով։ Մեկ սենյականոց տան տերը, որտեղ հիմա մնում է արցախցի ընտանիքը, իրենց շուտով դուրս է հանելու, քանի որ տունը չեն կարողանում նորոգել։ Արտեմիսը գիշերները չի քնում։ «2022 թվականի հոկտեմբերին սերտիֆիկատ ստացանք պետությունից՝ 10 մլն դրամ, տուն գտանք, որ առնենք, գնացինք Արթիկի Յունիբանկ, բայց մեզ մերժեցին։ Ասեցին, որ վատ վարկային պատմություն ունենք։ Ի՞նչ կապ ունի դա, եթե այդ 10 մլն դրամը ոչ թե ես եմ տալու, այլ՝ պետությունը։ Թող մեզ էդ սեւ ցուցակից հանեն, գործարքն անեն, էլի հետ գցեն սեւ ցուցակ»,- առաջարկել է կինը Յունիբանկին։

Իսկ մեզ խոստովանում է՝ այո, ունի 250 հազար դրամի չմարած վարկ՝ վարկով 79 հազար դրամի «Սամսունգ» հեռախոս էր վերցրել, մնացածն էլ Քաշաթաղ եկող-գնացող առեւտրականի համար էր վերցրել, որ դնի առեւտրի մեջ, իրեն մի քիչ փող տա, առեւտրականը մի քանի օր երեւացել էր ու փախել՝ վարկը թողնելով միամիտ Արտեմիսի ուսերին։

Սերտիֆիկատների ծրագիրը մոգոնել են, որ աջակցության 40 հազարը չվճարեն

Դիանա Մասուրյանը 7 երեխա ունի։ Մեծը՝ 23 տարեկան, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Արցախի Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղն Ադրբեջանին հանձնելուց հետո նա իր բազմազավակ, 12 հոգանոց ընտանիքով եկել է Շիրակի մարզ՝ Ախուրյան։ Նրա բախտը բերել է․ տուն է վարձել ընդամենը 15 հազար դրամով։ Թեեւ առանց կոմունալ հարմարությունների։ Ջուրը վառարանի վրա տաքացնում են, լողանում տաշտում։ Կահույքից 3 մահճակալ ունեն։ «Վորդ Վիժնն» աջակցել է, եւ Դիանան պահարանի ու լվացքի մեքենայի տեր է դարձել, օրերս էլ գազ են քաշել։ Բայց մարտին Դիանան ստացել է սերտիֆիկատը եւ այս ամիս այլեւս աջակցության 40 հազարը չի ստանալու։ Բանկն էլ ասել է, որ գործարք չի անելու ընտանիքի հետ, քանի որ Դիանայի ամուսինն ունի չմարված վարկային պարտավորություն։ «Գործարքը կանգնեց, տանտերը փոշմանեց մեզ տուն վաճառի, 40 հազարից էլ զրկվեցինք»,- ասում է կինը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930