Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ․ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու համար․ Հայկ Դեմոյան

Հունիս 10,2023 12:15

Բաց նամակ– 2

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Անդրեասյան,
Անցյալ ամիս մամուլում հրապարակվեց «Հայոց պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագրքերի երկու հրատարակությունների իմ գրախոսականը, որի արդյունքում պարզ դարձավ, որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցում կիրառելու համար երաշխավորել է երկու դասագրքեր, որոնք ի սկզբանե հանդիսացել են խոտան՝ թե բովանդակային առումով և թե որպես գրահրատարակչական միավոր։

2014 և 2019 թթ․ լույս տեսած «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերի նախապատրաստման ընթացքում կազմողները համապատասխան պահանջկոտություն չեն ցուցաբերել ու չեն գիտակցել նման հրատարակության ռազմավարական ու կրթադաստիարակչական կարևորությունը։
Դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ՝ փաստագրական ու լուսանկարչական նյութի մատուցման մեջ։ Դասագրքերը որեւէ քննություն չեն բռնում գեղագիտական պահանջների տեսանկյունից, քանզի դրանց թե՛ կազմերի, և թե՛ միջուկի ձեւավորումները սիրողական աշխատանքի տպավորություն են թողնում։ Ինչ վերաբերում է լուսանկարչական նյութի ընտրությանը, ապա դրանք կրել են կամայական, բայց ոչ տեսողական նյութի միջոցով աշակերտների շրջանում հավելյալ տեղեկություն ու հետաքրքրություն առաջացնելու նպատակ։ Լուսանկարների մեծ մասը վերցվել է Համացանցից, անորակ են, շատ դեպքերում էլ սխալ վերնագրված։

Մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում 2019 թ. վերահրատարակված դասագրքում որպես խմբագիր ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան հիշատակումը, առանց որեւէ նշումի, որ վերջինս կապ չունի դասագրքում 2017 թ. հետո հիշատակվող իրադարձությունների, ի մասնավորի՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետ, քանի որ վերջինս մահացել է 2017 թ. մարտին։ Ակնհայտ է, որ դասագրքի հեղինակները թույլ են տվել բարոյականության տեսանկյունից անընդունելի քայլ, կոպտորեն խախտելով նաև հեղինակային իրավունքի միջազգային նորմերի ու պահանջների մի շարք դրույթներ։

Արդյունքում ունենք պետությանը հասցված խոշոր նյութական վնաս, որի քննությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Կատարվել է փնթի ու անպատասխանատու աշխատանք, պատշաճ կերպով չի իրականացվել գիտական ու լեզվական նյութի սրբագրման ու խմբագրական աշխատանքները։ Այս տեսքով երկու դասագրքերը տպագրության երաշխավորելով ԿԳՄՍ նախարարությունը թույլ է տվել առնվազն երեք քրեորեն հետապնդելի գործողություններ․

ա․ պետությանը հասցվել է զգալի նյութական վնաս, մսխվել են պետական միջոցներն ու հարկատուների գումարները,
բ․ կոպտորեն խախտվել են երեխաների իրավունքները, ի մասնավորի՝ նրանց հրամցնելով ոչ ճշմարտացի, հակագիտական նյութ, պարտադրելով նաև քաղաքական ներկա վարչախմբի պահանջով դասագիրք ներմուծված դրույթներ ու գնահատականներ,
գ․ կոպտորեն խախտվել են հեղինակային իրավունքի մի քանի միջազգային իրավական նորմեր։

Որպես գլխավոր երաշխավոր, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու եւ այդ տեսքով վերահրատարակման երաշխավորելու համար։

Հայտնի է, որ 2019թ․ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի 82–Ա/2 հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 2014 թ․ հրատարակված այս դասագրքերը վերանայելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Արդյունքում դասագիրքն էլ ավելի խայտառակ տեսք է ունեցել՝ բազում սխալներով ու անճշտություններով լի։
Բազմաթիվ ծնողների ու ուսուցիչների անունից պահանջում եմ ներքին հետաքննություն սկսել նյութական ու բարոյական վնասի ճշգրտման ու հատուցման, ինչպես նաև մեղավորներին, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ավելորդ չեմ համարում նշել, որ նոր չափորոշիչներով այս տարվա ընթացքում նոր դասագրքեր հրատարակելու հանգամանքը բացարձակապես չի կարող կանխել իրավական գործընթացի իրականացումը և բոլորովին էլ չի չեղարկում պետությանը հասցված վնասի հատուցման արդարացի պահանջը։
Գրախոսականին կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի մայիս ամսին լույս տեսած երեք համարներում։
Հարգանքով՝

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930