Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատաքննությունը կլինի  դռնփակ (ֆոտոշարք)

Հունիս 10,2023 11:19

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ադրբեջաներեն է հնչում․ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ կասկածվող 20-ամյա Հուսեյին Ախունդովը պատասխանում է նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի հարցերին։ Մեղադրյալը դատարանի հարցերին պատասխանում է թարգմանիչի միջոցով։ Ծառայում էր Նախիջեւանում, ամուսնացած չէ, բայց նշանված է։ Չորրորդ դասարանի կրթություն ունի, ոչ մի հիվանդությամբ չի տառապում։

Հուսեյին Ախունդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ,  խախտել է Հայաստանի  պետական սահմանը՝ հասնելով Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը հայտնաբերվել ու ձերբակալվել է (նա արդեն դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման)։

Հուսեյին Ախունդովը Սիսիանից հասել է Կապան։ Ըստ մեղադրական եզրակացության, նա  2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը  ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Հունիսի 9-ին դատական առաջին նիստն էր։ Դատարանի դահլիճում նաեւ Մելիքսեթյանի  հարազատներն են, ու երբ Ազգային անվտանգության ծառայողները մեղադրյալին ուղեկցեցին դահլիճ՝ հարազատների նյարդերը տեղի տվեցին,  նրանք սկսեցին բղավել։ Մեկ-երկու րոպե անց կրքերը հանդարտվեցին ու լսվեց՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս»։ Դատավորը դատավարական կողմերի ինքնությունը ճշտելուց հետո անցավ կալանքի երկարաձգման հարցին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ախունդովի կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով։

 

Դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա գրավոր եւ իրեղեն ապացույցները, հետո լսել վկաներին, այնուհետեւ մեղադրյալին։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ գործում կան պետական գաղտնիք հանդիսացող ապացույցներ։ Մեղադրյալի պաշտպանը համաձայնեց պետական մեղադրողի հետ, իսկ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Կարեն Ալավերդյանը առարկեց՝ ասելով, որ պետք է հրապարակային ապահովվի արդար դատաքննությունը։ Դատարանը որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ, ուստի լրագրողներին ու նիստի այլ մասնակիցներին դուրս հրավիրեցին դահլիճից։ Պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու, պետական սահմանն ապօրինի հատելու, հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու համար մեղադրվող  Հուսեյին Ախունդովը ամբողջովին  ընդունեց մեղքը եւ հայտարարեց՝ զղջում է կատարվածի համար։

Նիստից հետո Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը արդարացված է,  քանի որ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու դրվագը պետական գաղտնիք է պարունակում։ «Մյուս կողմից գտնում ենք, որ այդ նույն նպատակով կարելի էր մեղադրյալի հարցաքննությունը կամ նախաքննական ցուցմունք հրապարակելը անցկացնել դռնփակ։ Այնուամենայնիվ, դատարանը թույլատրեց մահացած տուժողի ընտանիքի անդամների մասնակցությունը դատաքննությանը, ինչն այս պահին մեզ լիովին բավարարում է»,-ասաց Կարեն Ալավերդյանը։

Ախունդովը, ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, հափշտակել էր Մելիքսեթյանի բջջային հեռախոսը, տեսաուղերձ հրապարակել՝ ասելով, որ «հայի արյուն է թափել»։ Այնուհետեւ ադրբեջանցի զինծառայողը կրկին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու դիտավորությամբ, ոտքով շարժվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, որոնք վնասազերծել են նրան եւ հանձնել իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ ադրբեջանցու որոնողական աշխատանքներին մասնակցել էր նաեւ  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կապանի անտառտնտեսության եւ «Զանգեզուր» կենսոլորոտային համալիրի աշխատակիցների հետ միասին։

Նշենք նաեւ, որ հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930