Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, թե ինչ խորքային գործոններով է պայմանավորված ծախսերի թերակատարումը․ «Փաստ»

Հունիս 10,2023 10:10

Երբ հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նա պարբերաբար խոստումներ էր տալիս, թե վերացնելու է համակարգային կոռուպցիան և կառավարումն ավելի արդյունավետ է դարձնելու։ Իսկ շատ դեպքերում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ռիսկերը կանխելու անվան տակ իշխանությունները փորձում էին արդարացնել իրենց անգործությունը։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերը թերակատարվում են այն պարագայում, երբ կարող էին հավել յալ տնտեսական արդյունք ստեղծել ու նպաստել տնտեսական աճի արագացմանը։ Ավանդաբար իշխանությունները ծախսերի թերակատարումը պայմանավորում են նրանով, որ իրենք փորձում են գնումների համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

Նույնիսկ մեկ տարին ահռելի ժամանակահատված է կապիտալ ծախսերի անխոչընդոտ իրականացման հարցը վերջնականապես լուծելու համար, բայց արդեն հինգ տարի է՝ մի կողմից՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվում են, իսկ մյուս կողմից էլ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացված չեն։ Նույնիսկ ընդհակառակը: Պատահական չէ, որ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում գնումների համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին, որի մասին են վկայում մրցակցության բացակայությունն ու մեկ անձից գնումները։ Ու հատկապես լուրջ խնդիր է այն, որ գնումներն իրականացվում են իշխանության հետ փոխկապակցված անձանցից։

Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ մեկ անձից գնումներն աճել են շուրջ 10 մլրդ-ով ՝ 123,7 մլրդ-ից դառնալով 133,2 մլրդ։ 2023 թվականի առաջին երեք ամիսներին մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով 119,1 մլրդ-ի գնում, որն ընդհանուրի 71,4 տոկոսն է։

Միաժամանակ, 2023 թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23,5 %-ով կամ 130,1 մլրդ դրամով։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13,4 և 69,2 %-ով։ Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը, որպես դրա կարևոր արժանիք, առանձնացնում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։ Մեծ հաշվով, անհասկանալի է, թե ինչ խորքային գործոններով է պայմանավորված ծախսերի թերակատարումը, քանի որ, ըստ տրամաբանության, կառավարությունը գոնե պետք է շահագրգռված լիներ դրանց իրականացմամբ՝ արդյունքներ ցույց տալու համար։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իշխանությունները ընդունակ չեն նախատեսված կապիտալ ծախսերն իրականացնել ըստ պալանավորված պլանի, կա՛մ էլ ուղղակի չեն ցանկանում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930