Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոքի համաշխարհային հիթերը սիմֆոնիկ մշակման են ենթարկվել հայ կոմպոզիտորների կողմից

Հունիս 10,2023 01:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեցուն դահլիճում «Սիմֆոնիկ ռոք» համերգի ավարտին երեկ հնչող ծափահարություններով հանդիսատեսը ստիպեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին երեք անգամ «բիս» կատարել ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները։

Եվ գուցե շարունակեին խնդրել նորից կատարել, եթե համերգը ղեկավարող՝ դիրիժոր Հարություն Արզումանյանը երրորդ «բիսից» առաջ նշաններով չհասկացներ, թե այս մեկն էլ ու վերջ։

«Երեւի որ մի 15 անգամ էլ «բիս» նվագեինք՝ էլի կլսեին»,– իրոք շռնդալից հաջողությամբ անցած համերգից հետո «Ա1+»–ին եւ «Առավոտին» տված հարցազրույցում ասաց Հարություն Արզումանյանը։

Ծրագրում ներառված էին «System Of A Down» -ի «Aerials»–ը, «Nirvana» -ի «Smells Like Teen Spirit», Bob Dylan-ի «Knockin’ on Heaven’s Door»–ը, «Deep Purple»-ի «Smoke on the Water»-ը, «Metallica»-ի «No Leaf Clover»-ը, «Aerosmith»-ի «Crazy»-ն, «The Beatles»-ի «Come Together»-ը, «Scorpions»-ի «Wind of Change», «Led Zeppelin»-ի «Kashmir»–ը, «Queen»-ի «We Are the Champions», «Pink Floyd»-ի «High Hopes» և այլն։ Ունկնդիրների շարքում ակնհայտորեն եւ ռոքի, եւ սիմֆոնիկ երաժշտության երկրպագուներ էին ։

Հարություն Արզումանյանը պատմեց, որ անցյալ տարի է որոշվել այս ամենահայտնի հիթերը մշակել, եւ նման համերգի մի փորձ արդեն ունեցել են 2022–ին․ «Այս հիթերն, ինձ թվում է, համաշխարհային երաժշտության ոսկե ձայնադարանում են»։ Հայտնեց․ «Մշակումների մեծ մասն արել է կոմպոզիտոր, հոյակապ կլառնետահար Մարտին Ուլիխանյանը՝ մի արտակարգ երաժիշտ, նաեւ կոմպոզիտոր Կարեն Անանյանը։ Իմ կարծիքով՝ փայլուն մշակումներ են»։

Ի դեպ, բացահայտեց, որ Մարտին Ուլիխանյանը մշակած «Smells Like Teen Spirit»–ում «մի հատված է մտցրել, որը չկա օրիգինալի մեջ․․․ մի տխուր, թախծոտ՝ մի բան գուժող»։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկած կիթառահար Վարդան Գաբոյանը դիտարկմանն ի պատասխան, թե ռոքի եւ սիմֆոնիկի միաձուլումը համաշխարհային երգարվեստում նորություն չի՝ արձագանքեց․ «Սա մեր իրականության մեջ նորություն է։ Ճիշտ է, եղել են փորձեր կամերային նվագախմբի հետ, բայց նման մեծ մասշտաբով ռոքը համադրել սիմֆոնիկի հետ՝ իրականում շատ բարդ աշխատանք է։ Բայց այնքան մեծ հաճույքով էր արված այս ամենը․․․ Ամեն ինչ տեղը տեղին էր։ Ես նվագելուց այնքան էի երազում լինել դահլիճում ու հետեւել, թե ինչպես է լսվում այս ամենը»։ Փոխանցելով իր զգացողություններն՝ ասաց․ «Լիքը էներգիա տվեցի ու ստացա․․ Այնքան ուրախ եմ, որ դուր եկավ հանդիսատեսին»։

Դիրիժոր Հարություն Արզումանյանը բացահայտեց, որ ծրագրեր ունեն՝ նոր մշակումներ անել․ «Հուսով եմ, որ մյուս տարի, եթե Աստված օգնի, ապա համերգի ընթացքում միայն մի փոքր մասը կլինի այս ստեղծագործություններից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930