Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածում եմ, որ ոստիկանների ատեստավորումն ազնիվ կընթանա՝ հաշվի առելով, թե ոստիկանությունում ինչպես է զարգանում խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթն ու կոռուպցիան»

Հունիս 10,2023 13:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ծառայողական քննությունների միջոցով ոստիկանական համակարգը խրախուսում է վատ ավանդույթները

Քանի տարի է՝ իշխանությունն իրականացնում է ոստիկանական համակարգի բարեփոխումների ծրագիրը, սակայն ոստիկանության ծառայողների մասնակցությամբ բռնության դեպքերը պարբերաբար են լինում։

Բարեփոխումները կարծես տեղ չեն հասնում։ Ամենաթարմ դեպքը «Երեւանի գինու օրեր» փառատոնից հետո պատահած միջադեպն էր, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանության ծառայողն իրեն չենթարկվող ու հայհոյող երիտասարդին հարվածում ու տապալում գետնին։ Այս դեպքի առնչությամբ, ինչպես հայտնել են ոստիկանությունից, ծառայողական քննություն է նախաձեռնվել, ոստիկանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են։ Յուրաքանչյուր նման աղմկահարույց դեպքից հետո ոստիկանությունից հայտնում են ծառայողական քննության մասին։

Ըստ ոստիկանության՝ «Առավոտին» տրամադրած տվյալների, 2022 թվականի ընթացքում կատարվել են ծառայողական քննություններ, ծառայողական ուսումնասիրություններ, որոնցից 15-ի արդյունքներով ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն, խոշտանգում գործադրելու դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի դրանց արդյունքները թողնվել են անհետեւանք։ Ծառայողական քննություններից 39-ի ընթացքը կասեցվել է՝ մինչեւ հարուցված քրեական գործերով վերջնական որոշում կայացվելը։ Ծառայողական քննություններից 2-ի արդյունքներով կիրառվել են հետեւյալ կարգապահական տույժերը՝ մեկ ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 1 ծառայողի նկատմամբ՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով», 1 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում»: Ծառայողական ուսումնասիրություններից 1-ն ընթացքի մեջ է: Ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն, խոշտանգում գործադրելու դեպքերով, ըստ ոստիկանության, 2021-2022 թվականներին 125 ծառայողական քննություն է իրականացվել եւ ընդամենը 4 ծառայող է ազատվել համակարգից։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը ոստիկանության բարեփոխումների խորհրդում էր մոտ երեք տարի, «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ ծառայողական քննությունները ձեւական մի բան են։

«Ծառայողական քննությունների միջոցով ոստիկանական համակարգը խրախուսում է վատ ավանդույթները, երբ խթանվում է ծառայության ձեւական եւ ոչ թե բովանդակային բնույթը։ Օրինակ՝ պարեկներին կրթահամալիրում առաջին ուսման ընթացքում չէին ասել, որ արձանագրությունների բլանկերը հատուկ հաշվառման փաստաթղթեր են։ Եղել են պարեկներ, որոնք բլանկերը կորցրել էին, նրանք չգիտին, որ դրանք հատուկ փաստաթղթեր են։ Այս բոլոր պարեկների նկատմամբ ծառայողական քննություն է եղել, նկատողություն են տվել, ու սրա արդյունքում շատ պարեկներ, որոնք հանցագործություններ են բացահայտել, չեն ստացել ավանդաբար հասնող պարգեւավճարները, որովհետեւ բլանկ կորցնելու համար նկատողություն են ունեցել։ Երկու պարեկ «կրիստալ» թմրամիջոց վաճառող խումբ են բացահայտել, ամենքն առանձին խումբ է բացահայտել, բայց նրանք չեն ստացել որեւիցե խրախուսում, պարգեւավճար, որին հաստատ արժանի էին, որովհետեւ մի հատ թղթի կտոր են կորցրել դրանից մի տարի առաջ։ Սա ծառայողական քննությունների աղավաղված համակարգի արդյունք է, երբ խթանվում է ծառայությունը ոչ թե բովանդակության, այլ ձեւի համար»,-ասում է Իոաննիսյանը։

Նա հիշեցնում է Հանրապետության հրապարակում հայտնի «Համերի» գործողությունը, ասում է՝ պարեկները մեքենաներից դուրս էին գալիս ու այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ վարորդը քաղաքացուն վրաերթի էր ենթարկում, անկառավարելի էր, պարեկների առաջին գործողությունը գլխարկ դնելն էր։ Նրանք այդպես են վարվել, քանի որ դրանից առաջ Լոռու մարզում պարեկի նկատմամբ ծառայողական քննություն էր հարուցվել, ինչ է թե՝ նա առանց գլխարկի վազել է հանցագործի հետեւից, չնայած որ հանցագործին բռնել էր. «Լոռիից երկու անգամ նրան բերել հասցրել են Երեւան՝ ներքին անվտանգության վարչություն, որպեսզի բացատրություն տա։ Վերջում ասել են՝ լավ, քեզ ներում ենք, հանցագործին բռնել ես։ Սա համակարգին ի՞նչ ուղերձ է՝ գլխարկն ավելի կարեւոր է, քան հանցագործի հետեւից վազելը։ Սա սովետական ավանդույթ է, որը խրախուսում է ծառայությունը ձեւի համար»։

Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը կառավարությունը վերջերս հաստատեց, ծառայողները քննություն են հանձնելու, ըստ արդյունքների՝ նրանց աշխատավարձն է բարձրանալու կամ պաշտոնը։

Իոաննիսյանն ասում է՝ ատեստավորման գաղափարը լավ բան է, սակայն կասկածում է, որ այդ քննություններն ազնիվ կլինեն՝ հաշվի առելով, թե ոստիկանությունում ինչպես է զարգանում խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը, կոռուպցիան եւ այլ արատավոր ավանադույթները. «Այս իրավիճակում ատեստավորման գործընթացից մեծ ակնկալիքներ չունեմ։ Մենք երեկ գրություն ենք ուղարկել, խնդրել, որ մեզ թույլ տան դիտարկել ատեստավորումը, քննության գործընթացը, մասնակցենք, որպես դիտորդ ներկա լինենք, դրա կարողությունն ունենք։ Եթե Ներքին գործերի նախարարությունը դեմ չլինի, եւ մենք մասնակցենք, մեր ներկայությունը դրական կազդի։ Եթե դեմ լինեն, դա կհաստատի այն, որ ՆԳՆ-ում ուզում են այդ գործընթացն իրենց ուզածով լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930