Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննությունը երեք տարի «շարունակվում է»

Հունիս 10,2023 12:30

Շինարարական փաստաթղթերում որպես կապալառու նշված է Կարինե Նազարյանի համար բոլորովին անհայտ ընկերություն

«Առավոտ» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Կարինե Նազարյանը եւ հայտնել, որ 2020 թվականի փետրվար ամսին ՀՀ Ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։ Նա հայտնել էր, որ տուժել է Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Հակոբյանի հակաօրինական գործողություններից: Հիշյալ անձը, ներկայանալով որպես շինարարական աշխատանքներ կատարելու իրավասություն եւ փորձառություն ունեցող անձ, 04.04.2017թ.-ին խաբեությամբ քաղաքացու կնքել էր «Շինարարական կապալի պայմանագիր», որի շրջանակներում ստանձնել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող բնակելի տների կառուցումը:

Օգտվելով քաղաքացու՝ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվելու հանգամանքից եւ շինարարության ընթացքին հեռահար հետեւելու իրողությունից, Գագիկ Հակոբյանը, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների որակի հաշվին խնայողություններ կատարելով, շինաշխատանքի ծավալներն էականորեն կրճատելով, թույլ է տվել շիննախագծից էական շեղումներ, բնակելի տների բնականոն եւ անվտանգ շահագործմանը խոչընդոտող թերություններ: Առաստաղի բարձրությունը նախագծից էականորեն ցածր է արել, չի քաշել կոյուղու խողովակները, զուգարաններում ընդհանրապես օդափոխութւուն չի նախատեսել, փաստորեն, զուգարանի օդը լցվում է հյուրասենյակում։ Կարինե Նազարյանն իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել է դատական պաշտպանության միջոցին։ Քաղաքացիական գործի շրջանակներում տարօրինակ կերպով Գագիկ Հակոբյանը հերքել է շինության կառուցման հետ իր առնչությունը։

Հետագայում միայն պարզվել է, որ Գագիկ Հակոբյանը ՀՀ քաղաքաշինության բնագավառում չի հանդիսացել լիցենզավորված անձ: Պարզվել է նաեւ, որ շինարարական փաստաթղթերում որպես կապալառու նշված է Կարինե Նազարյանի համար բոլորովին անհայտ «ՎԷՌԼ» ընկերությունը, որի հետ կնքված կապալի պայմանագրում իր՝ Կարինե Նազարյանի ստորագրությունը եղել է կեղծված։ Հիշյալ փաստի առթիվ, ըստ Կ.Նազարյանի, դեռեւս 2020 թվականին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը հիմք ընդունելով, հարուցվել է քրեական գործ։ Հատկանշական է, որ մինչ օրս, այն է՝ ավելի, քան երեք տարի, հիշյալ գործով իրականացվում է նախաքննություն։ Կարինեն գրում է, որ գործի ընթացքի, այդ թվում՝ ձեռագրաբանական փորձաքննության արդյունքի մասին քրեական վարույթն իրականացնող մարմնից տեղեկություններ ստանալ նրան այդպես էլ չի հաջողվում։ Ավելի քան երեք տարի իրականացվող նախաքննության արդյունքում Կարինե Նազարյանին չի տրվել անգամ տուժողի կարգավիճակ։

Կարինե Նազարյանն այդպես էլ չի ստացել իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանը, մասնավորապես, ի՞նչ հիմքով է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունեցող անձն իրենից ստացել ավելի, քան 178.000 ԱՄՆ դոլար եւ ինչ առնչություն է ունեցել կապալային աշխատանքներին «ՎԷՌԼ» ընկերությունը, որի գոյության մասին Կ.Նազարյանն իմացել է միայն դատարան հայց ներկայացնելուց հետո։

Չնայած առկա են դատարանի օրինական ուժի մեջ մտած մի շարք որոշումներ, սակայն ՀՀ ՔԿ Նաիրիի քննչական բաժինը համառորեն պարտակում է մի շարք հանցագործությունների փաստը, մեզ հայտնեց Կարինե Նազարյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը (լուսանկարում)։ Նա հայտնեց, նաեւ, որ փորձաքննության ժամանակ քննչական կոմիտեի տեղակալը գլուխ է գովացել, որ ինքը, երկար տարիներ աշխատելով քննիչ, իր քրտինքով դարձել է մի շարք գործարանների սեփականատեր։ Փաստորեն, մարզում սովորական բան է աշխատել քննիչ եւ կաշառքի գումարներով ձեռք բերել գործարաններ։ Ըստ Տ.Հայրապետյանի՝ այդ մասին եւս հաղորդում է ներկայացրել, բարձրաձայնել է թե՛ դատախազին, թե՛ դատարաններին. «Ավելին, անգամ միջնորդել եմ գույքի ապօրինի բռնագանձման մասին ՀՀ օրենքի շրջանակներում ուսումնասիրություն սկսել, սակայն բոլոր միջնորդությունները մնացել են անհետեւանք։ Ստացվում է, որ մարզում բացահայտ ապօրինի եւ կոռուպցիոն մեթոդներով գործարաններ են ձեռք բերվել, դրանց մասին հաղորդումներ են ներկայացվել, սակայն որեւէ քննություն չի սկսվել։ Սա ոչ թե ամենաթողություն է, այլ համակարգային կոռուպցիա»։

Կարինե Նազարյանը ապշած է, որ ինքը հայրենասիրական դրդումներով արտասահմանից գումարներ է ներդրել իր հայրենիքում, սակայն նման բացահայտ ամենաթողության արդյունքում հանցագործները հովանավորվում են մարզի քննչական կոմիտեի եւ դատախազության կողմից։ «Իրական հանցագործներին հենց նրանց մեջ պետք է փնտրել», ասաց Տիգրան Հայրապետյանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930