Այսօր Արցախն ու Հայաստանը փաստացի հայտնվել են մի իրավիճակում, որ «բնապահպանների» կողմից արդեն վեց ամիս փակված Լաչինի միջանցքում, Շուշիի հարեւանությամբ Ադրբեջանի կողմից արդեն պետականորեն տեղադրվել են անցակետեր, բնապահպաններ կոչվածներն իրենց առաքելությունն ավարտված համարելով, դուրս են եկել այդ վայրերից, քանզի այդ ամենը պետական մակարդակով արդեն անթաքույց կատարում է Ադրբեջանը: Այն ժամանակ էլ բավականին զարմանալի էր, որ Ռուսաստանը, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրի, որպես խաղաղության միջնորդ եւ վերահսկողություն իրականացնող՝ ի դեմս ռուսական խաղաղապահ ուժերի, Լաչինի միջանցքի փակման հարցում ոչ մի քայլ չկարողացավ կամ չուզեց կատարել, ինչը նշանակում էր Ադրբեջանին քարտ բլանշ տալ, որ ինչ ուզի, անի, որն էլ օգտվեց այդ հնարավորությունից ու անորոշ ժամանակով փակեց Լաչինի միջանցքը:
Քանի որ այդ միջանցքի փակումը թույլ չտալու հարցը խաղաղապահ ուժերի ուղիղ պարտականությունն էր, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ, ապա շատերի մեջ կարծիք առաջացավ, որ առանց այն էլ մեծ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանը չի կարող աչքը թեքել Ուկրաինայից ու մյուս կողմից էլ զբաղվել Արցախով, իսկ Ադրբեջանն իսկույն օգտվեց այդ հանգամանքից եւ անմիջապես փակեց Լաչինի միջանցքը: Սակայն, Ադրբեջանի կողմից իրականացված երկրորդ քայլը՝ պետականորեն այդտեղ եւ Շուշիի հարեւանությամբ տեղադրված անցակետերի առկայությունը, պարզ վկայեց, որ Ռուսաստանը ոչ թե չի կարողանում, այլ չի ուզում խոչընդոտել Ադրբեջանին, ուղղակի իր լռությամբ հուշելով, որ ազատորեն կարող եք ամեն ինչ անել, ինչ ձեզ է հարմար: Կարծում եմ, որ այստեղ խոսելն ուղղակի ավելորդ է: Գոնե, որոշ երկրներ, միջազգային կառույցներ իրենց միայն խոսելու սովորության համաձայն, բարձաձայնեցին դրա մասին, իբր պահանջելով, որ անմիջապես հանեն այդ անցակետերը, իսկ ռուսները դա էլ չարեցին: Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք աշխարհում լրիվ միայնակ ենք, եւ մեր հույսը պետք է դնենք միայն մեզ վրա ու ըստ այդմ գործենք, քանզի մինչ այժմ իշխանությունների կատարած քայլերն այլ բանի մասին են խոսում. իբր Հայաստանն այնուամենայնիվ մենակ չէ եւ ունի որոշ դաշնակիցներ: Մի հարց տվող լինի՝ բա ո՞ւր են դրանք, վերջապես ե՞րբ ենք գոնե մեկ անգամ տեսնելու դրանց գործնական օգնությունը: Հենց նման դերասանական քայլերն են առաջին հերթին նպաստում մեր երկրի կործանմանը: Որպես ամփոփում՝ կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանն այս հարցում չուզեց խառնվել, որը հավանաբար նշանակում է նաեւ, որ նա, չնայած պարտավոր էր, բայց այդ դեպքում անգամ չխառնվեց՝ ի օգուտ մեզ, իսկ հակառակ իր պարտավորության, օգնեց եւ հավանաբար մշտապես էլ օգնելու է ՀԱՊԿ-ի ոչ անդամ Ադրբեջանին: Սա մտածելու մեծ առիթ է տալիս մեզ …
Շատ կարճ ասեմ, որ Ադրբեջանը մեզ մշտապես է խաբել, խաբում եւ միշտ էլ խաբելու է …
Հայաստանի իշխանություններն ընդամենը ցույց են տալիս, որ կարելի է եւս մեկ անգամ հավատալ՝ փորձել, գուցեեւ այս անգամ չխաբեն եւ հավատալով դարձյալ խաբվում ու իրենց հաջորդ քայլերը դարձյալ անում են այնպես, իբր էլի հավատում են: Այլ խոսքով, նրանք արդեն լիովին համոզվել են դրանում, սակայն այդպես էլ շարունակելու են անվերջ, քանզի իրենք այդպես են ուզում՝ ուզում են խաբվել …
Կարդացեք նաև
Կարծում եմ, այս երեք երկրների տրամադրվածության հարցում էլ հարցականներ չմնացին …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2023