Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա ապրում ենք քաղաքացիական պատերազմին նախորդող օրեր»

Հունիս 10,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը

-ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Այս օրերին ՀՀ փոխվարչապետն այդ հարցը քննարկում է արեւմտյան գործընկերների հետ նաեւ ու, կարծես, սուր առարկություններ չկան: Այս տեղեկությունների ֆոնին, հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ ահազանգ հնչեցրին, որ «Զանգեզուրի միջանցքն» էլ տվեց ՀՀ իշխանությունը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է այս համաձայնությունը, ի՞նչ է շահում եւ ի՞նչ է կորցնում դրանից Հայաստանը:

-Բաքվի եւ Նախիջեւանի միջեւ երկաթգծային եւ ավտոմոբիլային ազատ եւ անվերահսկելի, ավելի ճիշտ, թուրքերի կողմից վերահսկվող հաղորդակցության վերականգնումը Հայաստանի կապիտուլյացիայի կարեւորագույն կետերից մեկն է։ Իսկ կապիտուլյացիայից որեւէ երկիր երբեք ոչինչ չի շահել։ Նիկոլ Փաշինյանի մուրացած «խաղաղությունը» անհնար է առանց Հայաստանի շուտափույթ եւ վերջնական կործանումը երաշխավորող նման կետերի։ Միակ խնդիրը, որն ունի Երեւանի անհայրենիք վարչախումբը, դա տվյալ պահին սեփական դեմքը մի կերպ փրկելն է ու դավաճանության հերթական մեղադրանքին հակադարձելու համար ինչ-որ բան ունենալն է։ Սովորաբար նրանք դա անում են մեղքը նախկինների վրա գցելով կամ հայտարարելով, որ միջազգային իրավունքով դա իբր մեր «սուվերեն տարածքից» դուրս է, ու եթե չհանձնենք, մեզ «կադաստրի տեղեկանք» չեն տա։ Այս դեպքում պետք էր գտնել մեկ այլ բացատրություն, որպեսզի ձեւացնել, թե Մեղրիի հատվածում Բաքվի վերահսկողությանը ամբողջությամբ հանձնվող Արաքսի ափը իբր դեռ մեզ է պատկանում, ինչպես նաեւ այն չի խաթարում Իրանի հետ հաղորդակցությունը։ Գուցե Ալիեւը համաձայնվել է նման մի բացատրության, բայց դա հարցի էությունը չի փոխում։ Արաքսի ափը ու նրանով անցնող հաղորդակցության ուղիները, որոնք տարածաշրջանային անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչն են, ամբողջությամբ հանձնում ենք թուրքերին։ Եվ Հայաստանն էլ այդ երկաթգծից չի օգտվելու կամ օգտվելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է արեւմտյան գործիչների չեղած առարկություններին, ապա սա նույնպես նիկոլական մանիպուլյացիաներից է՝ դարձյալ դեմք փրկելու եւ պատասխանատվության մի մասն էլ միջազգային հանրության վրա նետելու նպատակով։ Եթե դու կամավոր եւ ուրախությամբ ամեն ինչ հանձնում ես, արեւմտյան կամ որեւէ այլ միջնորդ երկիր ինչո՞ւ պետք է առարկի, կամ ինչպե՞ս։

-Մոսկվայում, երեք երկրների ղեկավարների ունեցած վերջին հանդիպումից հետո, հայկական կողմը հայտարարեց, որ ընդհանուր ըմբռնում կա 1975 թվականի քարտեզներով սահմանազատում-սահմանագծում իրականացնելու: Մինչ այդ, Պրահայի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրում: Հայկական կողմը հստակ խոսակցություն սկսեց նաեւ, այսպես կոչված, անկլավների մասին՝ հիմնավորելով դրանք հանձնելու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանը նաեւ պրիմիտիվացրեց հարցն՝ ասելով՝ դե ճանապարհ է, թող էսպես չանցնի, էնպես անցնի: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին ասաց, որ 1975 թվականի քարտեզներով գործընթաց տանելու որեւէ պայմանավորվածություն չկա, մինչդեռ հայկական կողմը հույս ունի մինչեւ տարեվերջ հասնել խաղաղության պայմանագրի կնքման: Առաջիկայում՝ հուլիսի 12-ին, եւս մեկ հանդիպում է նախատեսված: Ինչպե՞ս կբնութագրեք այն գործընթացները, որոնց մեջ ենք հիմա, ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչո՞վ այս ամենը կավարտվի:

-Ոչ մի նոր գործընթաց չկա՝ բոլորը հետպատերազմյա կապիտուլյանտական տրամաբանության մեջ են։ Պարտության բոլոր հետեւանքները չեն, որ հանրությունը ունակ էր պատկերացնել 2020-ի տարեվերջին։ Հետեւաբար այս ողջ ընթացքում դրանք փոքր դոզաներով մեզ են մատուցվում։ Թե ո՞ւր կհասնենք այսպես՝ միանգամայն կանխատեսելի է։ Դա առաջին հերթին Արցախի վերջնական հայաթափումն է, որը կարող է տեղի ունենալ նոր ահավոր կորուստներով ու նվաստացումներով, այդ թվում շրջապատված հայկական զորախմբի ոչնչացմամբ ու գերեվարմամբ, «սեպարատիստական» եւ «կոլաբորանտ» պաշտոնեության զանգվածային դատավարություններով եւ այլ սարսափներով բնակչության համար։ 86,6-ը ճանաչելն Արցախի համար այլ արդյունքի չի կարող հանգեցնել։ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ որեւէ երկխոսություն ի սկզբանե բացառված է։ Եթե ՀՀՇ-ական եւ հետագա պաշտոնական քարոզում դա մի մանիպուլյացիա էր, որի նպատակն էր ներքին լսարանի առաջ արդարացնել Արցախի օտարումը Հայաստանի Հանրապետությունից, ապա հիմա դա ստոր ու անհեթեթ խաբեություն է։

Սակայն Արցախի կորստով ոչինչ չի ավարտվի։ Հայաստանի մնացորդը կկորցնի իր իմաստը՝ որպես հայրենիք ու հենց հայկական պետականություն։ Իսկ որպես պարզապես ինչ-որ պետականություն այն բոլորովին գրավիչ չի կարող լինել ոչ Երեւանի ու մարզերի բնակիչների, ոչ էլ, առավել եւս, արցախցի փախստականների, անգամ սփյուռքահայերի համար։ Ադրբեջանը կշարունակի իր ճնշումը բոլոր հնարավոր ուղղություններով՝ անկլավներ, միջանցք, սահմանամերձ բարձունքներ, նախկին ադրբեջանցիներով բնակեցված տարածքներում նրանց վերստին բնակեցում ու անվտանգության երաշխավորում, ռազմական վնասների եւ ընդերքի շահագործման դիմաց փոխհատուցման ահռելի պահանջներով դատավարություններ։ Եթե անհրաժեշտ լինի՝ դրա համար կձգձգվեն կամ կվիժեցվեն «խաղաղության» բանակցությունները։ Հաղորդակցության ուղիների բացմամբ եւ տնտեսական շփումների արտոնմամբ կսկսվի թուրքական պետությունների տնտեսական էքսպանսիան։ Արդյունքում մենք կունենանք արտագաղթի նոր ալիք՝ սարսափելի ծավալներով։ Անգամ միջազգային հանրության անվտանգության երաշխիքները չեն նպաստի հայերի Հայաստանում ապրելու ցանկությանը։ Հայաստանի մնացորդից հեռացող հայերին աստիճանաբար կփոխարինեն այլ ժողովուրդներ՝ պարսիկներ, այդ թվում թրքախոս, հնդիկներ, այդ թվում մահմեդական, եւ այլ ներգաղթյալներ, որոնք հայության անճար հատվածի հետ միասին հեշտությամբ կինտեգրվեն թուրքական շրջապատին։ Վերջում նրանց կմիանան նաեւ թուրքերը։ Ու բոլորովին կապ չունի, թե նիկոլստանի մակերեսը 29,8 է, թե 28,9 կամ 30,2։ Միեւնույն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն դադարելու աշխատել դա՛ էլ կլանելու եւ Հայկական հարցը վերջնական լուծելու ուղղությամբ։

Այս ամենը տեղի կունենա անխուսափելիորեն, ամենաուշը մեկ սերնդի ընթացքում, եթե Հայ ազգը չվերածնի հայրենատիրության զգացումը եւ դիմադրելու մեծ կամք չդրսեւորի։

-Շատ քննարկվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի Անկարա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մեկնելը, այնտեղ նրա ընդունելությունը: Դուք ի՞նչ մտորումներ ունեք:

-Դե ես հիշեցի մի արդբեջանցու պատմածը Սերժ Սարգսյանի մասին, թե ինչպես էր երիտասարդ ժամանակ Ադրբեջանի կոմսոմոլի ակտիվի հավաքներին մասնակցելիս մատուցողի մականուն վաստակել։ Նիկոլը այս հարցում էլ տվեց անցավ Սերժին։ Այդ հանդիպումներում նա փայլուն մարմնավորում է անպատիվ ու ողորմելի «գյավուր էրմենիի» կերպարը։ Հատկապես նրա մոտ լավ է ստացվում ծաղրածուական քծնող ժպիտներով լուսանկարվելը։ Շատերը սրտին մոտ են ընդունում այդ լուսանկարները եւ Նիկոլի վարքը անձնական վիրավորանք են համարում, բայց դա մեր այսօրվա հավաքական կերպարն է։ Եվ եթե ամաչում ենք, ապա պետք է ամաչենք ոչ թե Նիկոլի փոխարեն, այլ ինքներս մեր, քանի որ հենց մեր մեղքով է այսօր Նիկոլը խայտառակում ու կործանում երկիրը։ Ես գրեթե վստահ եմ, որ այդ ամոթը կուտակվելով մի օր կվերածվի ազգային նպատակի եւ կամքի։ Հուսամ դա շատ չի ուշանա եւ բավականաչափ հզոր կլինի։ Բայց այստեղ ծանր հարց է առաջանալու՝ ինչպե՞ս պետք է ազատվենք Նիկոլի ժառանգությունից։ Նրանից հետո ինչպե՞ս պետք է շփվենք այլ երկրների հետ, ինչպե՞ս պիտի հրաժարվենք նրա ստորագրություններից։ Նման դեպքերում ժողովրդի կամքին հակառակ ու պետականության դեմ գործած կառավարիչներին ենթարկում են քրեական շատ խիստ պատասխանատվության։ Սակայն ներկա քրեական օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի պատիժ, որը բավականաչափ տպավորիչ կլիներ ու կվկայեր, որ Նիկոլը հայության անունից չի գործել, այլ՝ պետության եւ ազգի հանդեպ թշնամաբար։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Նիկոլի խոսքերն այն մասին, որ եթե հայ ժողովուրդը որոշի իրեն գնդակահարել, ապա ինքը կկանգնի գնդակահարության պատի տակ, կարող են մարգարեկան դառնալ։

-Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց ուժային կառույցներին՝ կանխելու պետական դավաճանության փորձերը: Դեռ արձագանքներ չկան: Գործընթաց կհետեւի՞ կոչին:

-Ուժային կառույցների կողմի՞ց։ Բնականաբար՝ ոչ, չի հետեւի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կոչ անողը Վազգեն Մանուկյանն է։ Ոչ էլ այն պատճառով, որ իշխող վարչախումբը ներքին ուժային կառույցներին վերածել է իշխանության պահապան վարձկանների, իսկ բանակը ծանրաբեռնված է արտաքին խնդիրներով։ Բարդությունը դեռեւս պայքարելու կամքի եւ ազգային ծրագրի բացակայությունն է, այդ կամքը եւ ծրագիրը մարմնավորող առաջնորդների բացակայությունը կամ թուլությունը կամ հատվածականությունը։ Երբ մենք որոշենք, թե ի՞նչ ենք անելու եւ ո՞ւմ առաջնորդությամբ, այդ ժամանակ ոչ մի ուժային կառույցի միջամտության կարիք չի լինի։ Նրանք խելոք կողքի կկանգնեն կամ կմիանան ու տեղի կունենա այն, ինչ պետք է տեղի ունենա։

Մենք հիմա ապրում ենք քաղաքացիական պատերազմին նախորդող օրեր։ Այդ պատերազմի նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է, ով տարիներ առաջ «Հայկական ժամանակում» մի խմբագրական էր գրել հայ ազգի վաղուց վերացած լինելու եւ փոխարենը «հայաստանցի» ազգի հայտնվելու մասին, որի երիտասարդ պատմությունը սկսվում է առավելագույնը Հովհաննես Թումանյանից։ Այդ հայաստանցի ազգի հայրենիքը այլեւս Հայքը չէ, պատմական չէ, երազային չէ, այլ շատ իրական։ Եվ դա հենց 29,8 հազգ քառ. կմ-ն է։ Հիմա Նիկոլը փորձում է գործնականացնել իր տեսությունը՝ սպանել հազարամյակների պատմություն ունեցող Հայ ազգին։ Ակնհայտ է, որ դա անհնար տխմարություն է։ Հայի «հայաստանցի» դառնալը, Արարատը Արագածով փոխարինելը ինքնության փոփոխություն չէ, անվտանգության հարցի լուծում չէ, այլ՝ հոգեկան շեղում, որի անխուսափելի արդյունքը ազգային ինքնասպանությունն է։ Ու եթե իսկական հայերը չեն ուզում հեռանալ պատմության էջերից, ստիպված են իրենց մեջից մաքրել «հայաստանցիության» մահացու վարակը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930