Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանն այսօր մասնակցել է պատերազմի մասնակից տղաների և հանուն հայրենիքի անմահացած զինվորների ընտանիքների համար «Արփի» ՀԿ-ի կողմից իրականացվող 2 ծրագրերի փակման արարողությանը, որն անց է կացվել Վանաձորի «Աստերի» հունական քաղցրավենիքների մասնագիտացված խանութ-սրճարանում:
Եվրոպական միության կողմից «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջոցով և աջակցությամբ այս տղաների, նրանց կանանց ու աղջիկների համար իրականացվել են կարողությունների զարգացման, կրթության և մասնագիտության ձեռքբերման կարևորագույն ծրագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Գուգարաց թեմի ավագ քահանա Տեր Վահան Ազարյանը, հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի աջակիցներ և շահառուներ:
Տ. Հովսեփյանն իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել «Արփի» ՀԿ-ին, բարեգործական կազմակերպություններին և հիմնադրամներին՝ այս կարևորագույն ծրագրերը մարզում իրականացնելու և աջակցելու կապակցությամբ, ծրագրի շահառուներին շնորհավորել՝ մասնագիտական ձեռքբերումների համար:
Կարդացեք նաև
«Արփի» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոֆիկ Մինասյանը նշել է, որ իրականացված ծրագրերի շրջանակներում կրթական հաստատություններում սովորող և պատերազմի մասնակից մի խումբ տղաների վարձավճարներ են փոխանցվել, մի մասն էլ ձեռք է բերել նոր մասնագիտություն ծրագրավորման, շինարարության ոլորտներում: Զոհված զինծառայողների կանայք կամ նրանց ընտանիքի անդամները սովորել են հաշվապահություն, լեզուներ, հրուշակագործություն, շյուղագործություն, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն: Նրանցից մի քանիսը նույնիսկ իրենց սեփական գործն են հիմնել:
Միջոցառման ավարտին վերոհիշյալ ծրագրերի մասնակիցները ստացել են իրենց մասնագիտական վկայականները: Պատերազմի մասնակից տղաները հանդես են եկել շնորհալի ելույթներով, իսկ հրուշակագործի մասնագիտությունը սերտած կանայք իրենց պատրաստած համեղ ուտեստներով և քաղցրավենիքով զարմացրել են հյուրերին: Ի դեպ, հրուշակագործություն նրանք սովորել էին հենց հյուրընկալող հարկի տակ՝ «Աստերի» հունական քաղցրավենիքների մասնագիտացված ընկերությունում:
Լոռու մարզպետարան