Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ հաճախ մեկ երթի կազմակերպման համար ստիպված են լինում օրերով բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ. «Ապառաժ»

Հունիս 09,2023 23:35

«Ապառաժ». Հունիսի 4 -ին ԱՀ կառավարությունը տեղեկատվական շտաբի միջոցով հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ:

Ըստ հայտարարության՝ բոլորը հրատապ մարդասիրական՝ ներառյալ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիք ունեցող անձինք են:

Այդ անցակետով քաղաքացիների երթևեկը կազմակերպելու պատճառների մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է՝ «հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման շարունակականությունը, ապրիլի 23-ից Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի քաղաքացիների հանդեպ ապօրինի հսկողական միջոցների կիրառումը, ՌԴ խաղաղապահ զորակազմի շարունակական անկարողությունը ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված միջանցքի ռեժիմը, միջազգային հանրության շարունակական անկարողությունը ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի երաշխավորման պահանջով, ինչպես նաև Արցախի բնակչության շրջանում օրեցօր խորացող մարդասիրական կարիքները»։ Այնուհանդերձ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Արցախի Հանրապետության կառավարությունը ապօրինի է համարում 2022թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակումը և ապրիլի 23-ից ադրբեջանական անցակետի գոյությունը, ինչպես նաև՝ Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի հանդեպ հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները»։

Նաև ընդգծվում էր, որ «Մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկա են ադրբեջանական հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները»:

Կառավարության այդ որոշման մասին հայտարարություն է տարածել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը՝ մեջբերելով 23.02.2023թ․ նախագահ Հարությունյանի ելույթը («բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության»):

Հանրային շարժումը անթույլատրելի է համարել որևէ կարմիր գծի խախտում, իսկ տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում: Շարժման խորհրդի նախաձեռնությամբ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով հունիսի 7-ին շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Խորհրդի անդամները ներկայացրել են ադրբեջանական հսկիչ անցակետի առկայության անընդունելիությունը, դրա հետևանքով առաջացող քաղաքական և անվտանգային խնդիրներն ու հնարավոր ռիսկերը։ Շեշտվել է նաև իշխանությունների կողմից՝ նման գործընթացներում պահանջվող թափանցիկության և հայտարարված դիրքորոշումների հետևողական պաշտպանության բացակայությունը: Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում հանրային շարժման խորհրդի անդամները պնդել են իրենց տեսակետները՝ ուշադրություն հրավիրելով բարձրացված խնդիրների անվտանգային, քաղաքական, հանրային ընկալման ասպեկտների վրա»,- ասվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Հանրության մոտ ապօրինի անցակետի գործարկումից բացի վրդովմունք է առաջացրել նաև այն, որ «հրատապ մարդասիրական կարիքներ» չունեցող քաղաքացիներ ևս անցել են ադրբեջանական անցակետով։ Պարզաբանում ստանալու համար «Ապառաժ»-ը դիմել էր Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության ապահովման կենտրոն, որը նախկինում անվտանգության խորհրդի կազմում էր, առանձնացել է փետրվար ամսից։ Կենտրոնի աշխատակազմի ղեկավար Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ սերտ համագործակցության և նրանց ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվել է ապահովել ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անձանց մասնակի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Ս.թ. հունիսի 2-ից իրականացվել է շուրջ 160 անձանց վերադարձը Արցախ և շուրջ 150 անձանց տեղափոխումը Հայաստան։ «Մեկնածների ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ էին, որոնք շրջափակման պատճառով մնացել էին Արցախում և այժմ հնարավորություն է ստեղծվել նրանց միավորելու ընտանիքների հետ: Մյուսները գլխավորապես այնպիսի մարդիկ են, որոնք ՀՀ բժշկական հաստատություններում հետազոտության, բուժման կամ հարազատի մահվան կամ ծանր վիճակում գտնվելու պատճառով ՀՀ մեկնելու կարիք ունեն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ բոլոր դիմումները մանրամասն ուսումնասիրվում են, ինչից հետո դրանց տրվում է համապատասխան առաջնահերթություն:

«Իհարկե, չենք բացառում նաև, որ որոշ բացթողումներ էլ կարող են լինել՝ դիմումներում ներկայացված հիմքերի ապացուցման հետ կապված, և հետագայում պարզվի, որ անձը այլ՝ ոչ հրատապ նպատակով է մեկնել Հայաստան: Կարևոր է նշել, որ ՀՀ-ում դեռևս մեծ թվով արցախցիներ կան, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալու Հայրենիք՝ մեծ հույսեր կապելով տվյալ ծրագրի իրականացման հետ: Անհրաժեշտ է շեշտել, որ տվյալ ծրագրի հիմնական նպատակը հանդիսանում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած քաղաքացիների վերադարձը Արցախի Հանրապետություն: Բավականաչափ կուտակված հումանիտար խնդիրներ են առկա Արցախի շրջափակման հետևանքով, և ադրբեջանական ապօրինի անցակետի գոյությամբ և այդ ճանապարհով երթևեկության անվտանգային ռիսկերով ու սահմանափակություններով պայմանավորված՝ մարդկանց տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ: Հատկանշական է, որ նույնիսկ այս պայմաններում, երբ Կարմիր Խաչը փորձում է կազմակերպել հիվանդների տեղափոխումը, շատ հաճախ մեկ երթի կազմակերպման համար ստիպված են լինում օրերով բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ՝ թույլտվություն ստանալու համար»,- մանրամասնել է նա:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը ընդունում է միայն ԱՀ քաղաքացիների դիմումները, իսկ ՀՀ և այլ երկրների քաղաքացիները դիմում են Ռուսական խաղաղապահների Հանրային ընդունարան»,- տեղեկացրել է Ա․ Դանիելյանը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության ապահովման կենտրոնի մոտ հերթում սպասող կանանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևան է ուզում մեկնել առողջական խնդիրների պատճառով։ Մեր հարցը՝ ինչո՞ւ չի դիմել Կարմիր խաչին, անպատասխան մնաց։ Մեկ այլ կին էլ ցանկանում էր ՀՀ մեկնել թոռանը խնամելու համար։

Համատարած անորոշության ու անվստահության մթնոլորտում կարևորում ենք որոշումների կայացման և գործադրման մեխանիզմների թափանցիկությունը, ինչպես նաև հարկ եղած պարզաբանումների հասանելի և պատշաճ ներկայացումը  հանրությանը։

Հաշվի առնելով, որ մայիսի 26-ի ԱՀ նախագահի հրամանագրով «Սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը», «Ապառաժ»-ը փորձելու է պարբերաբար օրենքի շրջանակներում պարզաբանումներ ներկայացնել հանրությանը հուզող հարցերի մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930