Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 5-ին

Հունիս 09,2023 23:15

Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործկոմի  նիստի ժամանակ այս մասին ասաց  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։

«Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։   Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք և՛ արտերկրից, և՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են, այս պահին շուրջ 1150 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով  ողջունեց  Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձևերի քանակը՝ դրսևորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն ու կոմիտեի անդամները առանձնահատուկ կարևորեցին այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն  Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային և սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարևոր քայլել է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու և առողջ ապրելակերպի կարևորությունը ընդգծելու հարցում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, և ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյան։

Փոխվարչապետը՝ Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալները հանձնեց Կոմիտեի պատվավոր անդամ Հարություն  Յավրյանին, լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանին և Համահայկական կամավորական միության նախագահ Սևակ Կարապետյանին Երևանի շտապօգնություն  ՓԲԸ ընկերության 103 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանին և շնորհակալագրեր՝ Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ դիզայներ Բագրատ Դիվանյանին, Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն  Դավիթ Կարապետյանին և Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ Մուշեղ Գառուկյանին։

ՀԽՀԿ Գործադիր կոմիտեի որոշմամբ Համահայկական խաղերին աջակցելու համար «Ապավեն» ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանին շնորհվեց համահայկական խաղերի բարձրագույն պարգևը՝ Պատվո շքանշանը։

Կոմիտեն հաստատեց օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում 8-րդ խաղերի խորհրդանիշը, Կոմիտեի ստեղծման 25 ամյակի մեդալների էսքիզը և խաղերի կազմակերպմանն առնչվող այլ հարցեր։ Նիստում որոշվեց համահայկական ամառային 8-րդ խաղերի հայտերի ընդունման  վերջնաժամկետ սահմանել հուլիսի 15։

 

Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930