Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր բոլոր ուղերձներում նշված է՝ Փաշինյանի կողմից ամրագրված այն տեսակետը, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառելով, ՀՀ-ում բացարձակապես ընդունելի չէ»․ Նարինե Դիլբարյան

Հունիս 09,2023 22:55

«Այսօր երկու ռազմական ինստիտուտներ միավորվում են, փաստացի փակվում են, մինչդեռ ոստիկանական ակադեմիան երկու անգամ ավելացել է, այն ակադեմիան, որն այսօր միայն Նիկոլի իշխանությանն է սատարում»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով հանրահավաքի ժամանակ հայտարարեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա ահազանգեց՝ այսօր 30 տոկոսով կրճատվել են բանակի պայմանագրային զինծառայողները, հայրենիքի սահմաններն անպաշտպան են, մինչդեռ միայն Երևանում 12 հազար ոստիկան է ծառայում։ Նա դիմելով հանրությանն ասաց․ «Մարտական ջոկատներ ստեղծեք ու լծվեք ձեր օջախների, սրբությունների պաշտպանությանը։ Այսօր պահեստազորի 55 գեներալ ունենք, 800 գնդապետ և փոխգնդապետ, պարոնայք սպանե′ր, բոլորդ լծվեք հայրենիքի պաշտպանության գործին, ստեղծեք տեղական ինքնապաշտպանական ջոկատներ, քանի որ բանակին հրաման է տրված չկրակել»։

Հանրահավաքի ժամանակ տեղեկացվեց, որ «Միասին» շարժման անդամները նաև հանդիպել են ՌԴ դեսպանատանը դեսպանորդի հետ։ Շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ասաց, որ իրենց պայքարը ոչ միայն հանրահավաքային է, այլև դիվանագիտական․ «Ժողովրդավարական դիվանագիտությունը, որի մասնակիցը յուրաքանչյուրդ կարող եք լինել, գործիք է, որը պետք է օգտագործվի»։ Նա հաշվետվություն ներկայացրեց այն մասին, որ իրենց շարժման անդամները եղել են ԱՄՆ դեսպանատան, Ֆրանսիայի դեսպանատան առաջ։ Հայտնեց, որ ուղարկել էին նաև շարժման դիմումը ՌԴ դեսպանությանը․ «Այն տարբերվում էր մյուսներից, քանի որ առ այս պահը խաղաղապահ գործունեություն Արցախում միայն ռուս խաղաղապահներն են իրականացնում, ուստի մեր ուղերձում շնորհակալություն էինք հայտնել, միևնույն ժամանակ մեր խիստ անհանգստությունները»։

Նարինե Դիլբարյանն ասաց, որ ՌԴ դեսպանատանն իրենց ընդունել են դեսպանորդի մակարդակով․ «Պարզվեց, որ մեր ուղերձն ուղարկվել է ՌԴ կառավարությանը՝ Կրեմլին։ Նկատվում էր, որ կային ընդհանուր մտահոգություններ, կար մի դառը փաստ, դա այն է, որ ապատեղեկատվություն է առկա։ Ակնհայտ է, որ մենք տապալված ենք ոչ միայն ռազմաքաղաքական, այլև դիվանագիտական ասպարեզում։

Այն պետությունները, որոնք մեր տարածաշրջանում շահեր ունենալով, զբաղված են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացով, այժմ գտնվում են մոլորության մեջ։ Ուզում եմ նաև նշել, որ մենք շարունակելու ենք դիվանագիտական ատյաններ այցելելը։ Հավատացեք՝ սա ևս խիստ նպատակադիր է, քանի որ դիվանագիտական տարբեր ներկայացուցչություններում պետք է նշվի նաև հայ ժողովրդի անհամաձայնությունը կառավարության այս գծի հետ։ Մեր բոլոր ուղերձներում նշված է, որ իշխանության և Փաշինյանի կողմից ամրագրված այն տեսակետը, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառելով, ՀՀ-ում բացարձակապես ընդունելի չէ։ Դա կարևոր ժողովրդական քայլ է, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակից դառնա այդ տեսակետին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930