Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ հունիսի 9-ին սկսվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Հուսեյին Ախունդովի դատաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ, խախտել Հայաստանի պետական սահմանը, առանց մաքսային հսկողության, ապօրինի պահել եւ տեղափոխել են հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգեր ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նրանք նախ հասել են Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը բռնվել է։ Վերջինիս դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրական եզրակացության, 20-ամյա Ախունդովը, 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը ստացված հրազենային վնասվածքներից մահացել է:
Դատարանը դատավարական կողմերի ինքնությունը ճշտելուց հետո անցավ կալանքի երկարաձգման հարցին։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ախունդովի կալանքը։ Ախունդովը ինքն էլ համաձայնեց կալանքի երկարաձգմանը ասելով, որ դատարանը ինչ որոշի՝ համաձայն է։ Դատավոր Նապոլեոն Օհանյանի որոշմամբ ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվեց։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ